Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ բողոքի նոր ալիք է հասունանում: Բանն այն է, որ առողջապահության նախարարությունը, որը խոստացել էր բանակցել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ընկերության հետ` սակագների վերանայման հարցով, չի իրականացրել խոստումը: Այլ ֆինանսական բեռը, որը պետք է կրեին բուժհաստատությունները, սուբսիդավորվելու է պետության կողմից:
Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:
-Պարո՛ն Ալթունյան, գնումների գործընթացին եք միջամտել ու արձանագրել, որ ունեք 25 տոկոս տնտեսում: Կարո՞ղ եք երաշխավորել, որ մանր ընկերությունները, որոնք մինչ այս մասնակցում էին մրցույթին, խոշոր ընկերություններին կուլ չեն գնա, իսկ Դուք՝ որպես գործարար-նախարար, փայ չեք ունենալու:
-Կասեմ միայն, որ այստեղ մեր առաջնային նպատակը պետական բյուջեի սուղ միջոցները հնարավորինս արդյունավետ ծախսելն է:
-Պետական գումարները պետպատվերի շրջանակից ուղղեցիք ապահովագրության ոլորտ: Դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ ցանկացած հիվանդության դեպքում սոցփաթեթի շահառուն իր ընտրած հիվանդանոցում, ցանկացած հիվանդության դեպքում խնդրի առաջ չի կանգնի: Այսինքն՝ եթե հերթերի մասով ահազանգեր լինեն, ի՞նչ եք անելու:
-Վստահ եմ, որ շահառուները խնդիրներ չեն ունենա: Ամեն ինչ պարզ ու թափանցիկ է: Նախարարության պաշտոնական կայքում շահառուները կարող են ծանոթանալ ՀՀ կառավարության որոշմանը եւ դրանից բխող կարգերին: Խնդիրների կամ պարզաբանումների համար կարող են դիմել ապահովագրական ընկերություններին կամ նախարարության թեժ գիծ ծառայությանը 80-03 հեռախոսահամարով:
-Պարո՛ն Ալթունյան, Դուք մտադիր եք ստեղծել առողջապահական օմբուդսմենի ինստիտուտ…
-Այսպիսի ինստիտուտ գործում է աշխարհի 40 երկրներում. առողջապահական ոլորտի հաշտարարը նույն տրամաբանությամբ ֆինանսական ոլորտի, մարդու իրավունքների հաշտարարը, նա գիտակ է առողջապահական օրենսդրությանը, հաճախորդների իրավունքներին, պետության եւ բուժհաստատության պարտավորություններին: Գաղտնիք չէ, որ այսօր հաճախորդները պաշտպանված չեն:
-Դուք կարծում եք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հիվանդների իրավունքները չի՞ կարողանում պաշտպանել:
-Նա բոլորի իրավունքներն է պաշտպանում: Քաղաքակիրթ երկրները գնում են առողջապահական համակարգի առանձին օմբուդսմեն ստեղծելու ճանապարհով: Մենք չգտանք ոչ մի փաստարկ, որ չգնանք այդ ճանապարհով եւս:
-Հնարավո՞ր է, որ այս ինստիտուտի ստեղծմամբ առողջապահության նախարարությունը համակարգի ողջ պատասխանատվությունը գցի բժշկական հաշտարարի վրա:
-Իհարկե ոչ: Առողջապահության նախարարությունը իր համար նոր գլխացավ է ստեղծում` ի դեմս լիազորված, տեղեկացված, մասնագիտացված պաշտպանի:
-Իսկ ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնին:
-Դեռ քննարկումներ չեն եղել, չնայած որ ժամանակն է:
-Պարո՛ն Ալթունյան, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը իսկական պատուհաս է դարձել բուժհաստատությունների համար: Նրանք դժգոհում են, որ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ընկերության սահմանած սակագները բարձր են: Բացի այս՝ բուժհիմնարկների ղեկավարները պնդում են, որ նախապես տեղյակ չեն եղել, որ ծառայությունը վճարովի է:
-Առաջին մոտեցմամբ պայմանագիրն այսպիսին էր, որ բուժհաստատությունը վճարում է ամեն սպասարկած անձի համար, բայց ոչ ավելին, քան իր շրջանառության 1.5 տոկոսը: Բուժհաստատությունների դժգոհությունը ստանալուց հետո մենք օպերատորի հետ անդրադարձանք բանակցություններին: Խորհրդակցություններ ունեցանք նաեւ կառավարության հետ, եւ որոշում ընդունվեց, որ սահմանամերձ եւ ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունները կսուբսիդավորվեն 100 տոկոսով: Իսկ մի շարք այլ կազմակերպություններ, այն է՝ 100 մլն դրամից շրջանառություն ունեցողները, քաղաքային ամբուլատորիաները, նրանք կսուբսիդավորվեն 70 տոկոսով, մնացած բոլորը կսուբսիդավորվեն 30-50 տոկոսով: Այսպիսով՝ մենք բուժհաստատությունների բյուջեի վրա ճնշումը շուրջ 2/3-ով թուլացնում ենք:
-Այսինքն՝ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ընկերությունը հրաժարվել է սակագները վերանայել ու նվազեցնել դրանք… Չէ՞ որ բուժհաստատություններ կան, որոնք պնդում են, որ ծառայության համար նախատեսված վճարները բարձր են, ինչի արդյունքում կարող են փակվել:
-Դուք գիտեք, որ ընկերության հետ մոտ երկու ամիս առաջ բանակցություններ մեկ անգամ տարվել են, եւ գները իջեցվել են մոտ երեք անգամ: Եւ որպեսզի հասկանալի լինի, նշեմ, որ բանակցությունները գնացել են «Էրիքսոն» ընկերության` Խորվաթիայի ձեռնարկության հետ: Բավական ծանր բանակցություններ էին, ինչի արդյունքում գները իջեցվել են 2.5, 3 անգամ: Հիմա գները իջեցնելու մասին խոսքը չէր գնում: Խոսքը գնում էր այն մասին, թե ինչպես անենք, որ ճնշումը առողջապահական կազմակերպությունների բյուջեի վրա նվազեցնենք: Եւ մեթոդներ գտնվել են սուբսիդիաների միջոցով:
-Այլ կերպ ասած` առողջապահական կազմակերպությունների ֆինանսական բեռը գցել եք պետության վրա…
-Այո՛…
-Այլ տարբերակ չկա՞ր: Ինչո՞ւ ընկերությունը չզիջեց եւ չնվազեցրեց սակագները:
-Տվյալ դեպքում` ոչ: Հետագայում, երբ բուժհաստատությունները կսկսեն ներբեռնել ե՛ւ վճարովի ծառայությունները, ե՛ւ ոչ միայն պետպատվերը, իսկ այսպիսի էտապ սպասվում է, ամեն դեպքում կգործի շրջանառության 1.5 տոկոսի շեմը եւ ավելի շատ ծառայությունները ներմուծելով՝ իրենք նույն գումարը կվճարեն:
Հ.Գ. Անհասկանալի է նախարարի հոգածությունը այդ ընկերության նկատմամբ, որը ըստ էության այդպես էլ դժվար ծառայություն չի մատուցում, բայց աստղաբաշխական թվեր է ուզում: Գուցե ուրիշ ընկերությո՞ւն է անհրաժեշտ գտնել մրցույթ հայտարարելու միջոցով:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՍԽԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում: Հայաստանի հավաքականը 1:6 հաշվով խայտառակ պարտություն կրեց Լեհաստանի հավաքականից: Հայաստանի հավաքականի խաղի եւ հայկական ֆուտբոլում առկա խնդիրների շուրջ ArmLur.am-ը զրուցել է սպորտային մեկնաբան Մենուա Մեհրաբյանի հետ, ում կարծիքով ամենամեծ խնդիրը, որ ներկա պահին կա մեր ֆուտբոլում, եւ որը ծայրաստիճան խանգարում է, ֆուտբոլային վերնախավի սխալ մոտեցումն է հավաքականին ու ֆուտբոլիստներին:
Մ. Մեհրաբյանը նշել է. «Հավաքականից հեռացվում են ֆուտբոլիստներ այն դեպքում, երբ մենք հենց ֆուտբոլիստների կարիքն ունենք: Մեծ ազգ չենք, մեծ պետություն չենք, ռեսուրսները սահմանափակ են, իսկ այդ դեպքում, եթե իրապես մտահոգ ես հավաքականի հաջողություններով, ապա պարտավոր ես աչք փակել շատ խնդիրների վրա եւ հավաքականը համալրել այն ֆուտբոլիստներով, ովքեր կարող էին ուժեղացնել մեր ընտրանուն: Այդպես է ֆուտբոլային ամբողջ աշխարհում: Մենք հակառակ ուղղությամբ ենք գնում: Եթե ցանկանում ենք կոնկրետ ֆուտբոլիստի տեսնել հավաքականի կազմում, եւ գիտենք, որ նրա ներկայությունն էականորեն կուժեղացներ մեր թիմը, ապա միանշանակ արժեր նրա համար ինքնաթիռի թանկարժեք տոմս գնելը: Այլապես, ինչո՞ւ էին ուշադրություն դարձնում այդ ֆուտբոլիստի վրա, եթե գիտեին, որ յուրաքանչյուր խաղին ժամանելու համար ֆուտբոլիստը պետք է նշված տոմսը պահանջեր (պահանջելու իրավունքն ուներ): Ու այսպես նաեւ մյուս ֆուտբոլիստների դեպքում՝ տարբեր պատճառաբանություններով: Սա նշանակում է, որ մեր ֆուտբոլային վերնախավին ամենեւին չեն հետաքրքրում հավաքականի հաջողությունները: Գուցե սխալվում եմ, բայց արված քայլերն ու որոշումներն այլ կարծիք չեն թողնում»:Ըստ նրա՝ ամենամեծ խնդիրը, որը հիմա կա մեր հավաքականում ու դրա շուրջ, ոչ ճիշտ մոտեցումն է թե՛ հավաքականի համար տարվող աշխատանքին եւ թե՛ հավաքականին մասնավորապես: Ի վերջո, սա նաեւ մեր հավաքականն է, որեւէ մեկի սեփականությունը չէ, եւ մենք էլ իրավունք ունենք ճիշտ աշխատանք ու արդյունքներ պահանջելու: Ֆուտբոլասերին երբեք չպետք է մտահոգեն ֆեդերացիայի կամ հավաքականի ներքին խոհանոցում առկա խնդիրները:
Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ
Հայաստանում շինարարության ծավալները գնալով նվազում են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր հանրապետությունում շինարարության ծավալները 8 տոկոսով նվազել են: Հիմնականում նվազել են պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները` 22.7 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ համայնքների միջոցներով իրականացվող շինարարության դեպքում. այստեղ արձանագրվել է 15.5 տոկոս նվազում: Իսկ ահա միջազգային վարկերի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 10 տոկոսով: Ուշագրավ է, որ Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված շինարարության ծավալները ավելացել են 2.3 անգամ: Ենթադրվում է, որ սա վեհափառ Գարեգին Բ-ի շինարար լինելու արդյունքն է: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավելացել է նաեւ բնակչության միջոցներով իրականացվող շինարարության ծավալները` 6.1 տոկոսով:
ԾԽՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
Հայաստանում շարունակվում են ավելանալ ծխախոտի արտադրության ծավալները: Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արտադրվել է 16,5 մլրդ հատ ծխախոտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն ավելի քիչ էր` 13,9 մլրդ հատ: Թեեւ ծխախոտի մի մասն արտահանվել է, սակայն նկատենք, որ գնալով ավելանում են Հայաստանում ծխողների քանակը, եւ այդ մասին է փաստում վիճակագրությունը:
ՄԵԾ ՎՆԱՍ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
2016 թվականին Հայաստանում արդյունահանվել է 26 միլիոն խորանարդ մետր հանքարդյունաբերական խտանյութ, որից արտադրվել է շուրջ 80.000 տոննա մետաղ: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ հանքարդյունահանող ընկերություններն ստացել են 239 միլիարդ դրամի կամ 500-ից 600 միլիոն դոլարի շահույթ: Սա հանքարդյունաբերության միայն երեւացող՝ դրական կողմն է: Այդ ոլորտը տնտեսությանը տարեկան հասցնում է 8-ից 10% վնաս՝ առողջապահական, բնապահպանական եւ այլ ոլորտներում: Տնտեսագետը նշում է, որ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ. «Այն, ինչ արվեց 2000-ականներին հատկապես Բնապահպանության նախարարության կողմից, դա ուղղակի ավերակների վերածեց եղած հզորությունները: Ով ասես, հատկապես տեղական, չակերտավոր ունեւորները դարձան հանքերի սեփականատեր, երբ ո՛չ տիրապետում են դրա շահագործման տեխնիկային, ո՛չ գիտելիքներ ունեին, բոլորն ասեցին՝ ոսկու հանքի տեր եմ դարձել»,-նշել է Վ. Խաչատրյանը: