Սերժ Սարգսյանի հերթական սուտը. նոր ատոմակայանի կառուցումն ի չի՞ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիշում եք՝ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման սկզբում հայտարարել էր մի քանի խոշոր ծրագրի մեկնարկի մասին: 2008թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ ուղերձում նա վստահեցրել էր, թե Հայաստանն առաջիկա ամիսներին սկսելու է նոր ատոմակայան կառուցել, իսկ առաջիկա տարիներին կսկսվի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը:

Միայն թե, նկատենք, այդ ուղերձին հաջորդած 130 «առաջիկա ամիսների» ընթացքում ատոմակայանն այդպես էլ չկառուցվեց, այդ ուղերձին հաջորդած 9.5 «առաջիկա» տարիների ընթացքում չկառուցվեց նաեւ Իրան-Հայաստան երկաթուղին:

Իսկ ընդամենը կես տարուց կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, եւ հազիվ թե մնացած ժամանակահատվածում որեւէ քայլ արվի նրա խոստումներն իրականություն դարձնելու ուղղությամբ: Մանավանդ, երբ այդ ծրագրերն առավել քան մշուշոտ են:

Մինչ այդ, սակայն, նկատենք, որ նոր ատոմակայանի կառուցման հարցին անդրադարձ կա Հայաստանի ու Եվրամիության միջեւ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Այնտեղ առանց հստակ ժամկետների սահմանման նշված է, թե անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը՝ այն փոխարինելով նոր հզորություններով:

Նոր ատոմակայանի կառուցման մասին շատ է խոսվել, եւ այդ հարցին անդրադարձել է ոչ միայն Սերժ Սարգսյանը: 2015թ. մարտին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այն ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե 2020-ական թվականներին Հայաստանը նախատեսում է իրականացնել նոր ատոմակայանի կառուցում:

Այս տարվա հուլիսին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել էր, թե իշխանությունները այս պահին դիտարկում են նոր ատոմակայանի կառուցումը 2023 թվականից սկսելու հնարավորությունը: Ընդ որում, Գաբրիելյանը նահանջի որոշակի տեղ էր թողել՝ ասելով, որ ատոմակայանի կառուցման հարցը որոշվելու է 2023 թվականին, քանի որ. «Եթե մենք այս պահին սկսենք նոր ատոմակայանի կառուցումը, դա կլինի ժամանակավրեպ, որովհետեւ մենք մեծ քանակությամբ ռեսուրսներ այդտեղ կկենտրոնացնենք եւ կսկսենք մի բան, որը պետք է աշխատեցնենք, երբ նրա ռեսուրսը չի սպառվելու: Մինչ այդ՝ մենք ամեն տարի պարբերաբար նայում ենք մեր տնտեսության պահանջարկը, աշխարհում գոյություն ունեցող զարգացումները եւ այլն»:

Եւ ահա, երեկ էլ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է խոսել այս թեմայով: Մեկնաբանելով Հայաստանի ու Եվրամիության միջեւ նախաստորագրված համաձայնագրում Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջը՝ նա ասել է. «Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ: Մի պահ պատկերացրեք, որ վաղը պարզվի, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց ատոմակայանի, եւ ատոմակայանի պարագայում, որն այդ պահին առկա է շուկայում, մեր էներգիան շատ ավելի թանկ կլինի սպառողների համար: Ո՞ր ճանապարհով մենք պետք է գնանք: Անշուշտ՝ ժամանակակից տեխնոլոգիաների»:

Իսկ դիտարկմանը, թե կառավարությունը, փաստորեն, չի բացառում, որ Հայաստանը կարող է հրաժավել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից, Հարությունյանն արձագանքեց․ «Ճիշտ եք հասկանում իմ դիրքորոշումը եւ կառավարության դիրքորոշումը, որ մենք յուրաքանչյուր անգամ գնահատելու եւ որոշելու ենք՝ հաշվի առնելով գիտության զարգացման, էներգակիրների գների այլ տենդենցները, թե տվյալ իրավիճակում որ մոդելն է առավելագույն արդյունավետ լինելու Հայաստանի սպառողի համար»:

Նա թեեւ համաձայնել է դիտարկմանը, որ ատոմակայանը տալիս է ամենաէժան էլեկտրաէներգիան, բայց եւ հավելել. «Եթե կա արդեն կառուցված ատոմակայան: Բայց երբ հաշվարկվում են ներդրումները, այլ պատկեր է ստացվում։ Այն ամենեւին այնքան էժան չի լինելու, ինչ այսօրվա ատոմակայանի արտադրանքը, սա պետք է առաջին հերթին հաշվի առնել», – նշեց նա:

Փաստորեն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ժամանակին խոստումներ է հնչեցրել, դրանք կատարելու կոնկրետ ժամկետներ մատնանշել՝ առանց հստակ գնահատելու իրավիճակը, առանց վերլուծելու հնարավորությունները: Ու հիմա կառավարության անդամներն իրենց հայտարարություններով ըստ էության հաստատում են այդ փաստը:

Հ.Գ. Իմիջիայլոց, դեռ 2016թ. ապրիլին «Ռոսատոմ» ընկերության առաջին փոխնախագահ Կիրիլ Կոմարովը հայտարարել էր, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տնտեսական հիմք չկա, եւ հայկական նոր ատոմակայանի շինարարությունից կարելի է խոսել միայն համապատասխան հաշվարկների ու հիմնավորումների առկայության պարագայում: Այդ ժամանակ Հայաստանը ՌԴ-ից 270 մլն դոլար վարկ եւ 30 մլն դոլար դրամաշնորհ էր ստացել՝ ատոմակայանի վերանորոգման համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս