«Ժողովուրդ»-ը կրկեսի արտիստ, ակրոբատ, երգչուհի, դերասանուհի Թինա Քեյի հետ զրուցել է երկրորդ զավակի ծնունդից հետո վերցրած դադարի, ստեղծագործական կյանքի նորությունների, կրկեսից դուրս գալուց հետո ստացած հարվածի, իր մասին լսած ամենաանհեթեթ բամբասանքի մասին։ Թինան նշել է, որ երբ Երեւանի կրկեսը վերջապես վերագործարկվի, ինքը, թերեւս, թոշակառու կլինի։
-Թինա՛, երեք ամիս առաջ լույս աշխարհ եկավ Ձեր երկրորդ զավակը: Որդու ծնունդից հետո ի՞նչ զգացումներ ունեցաք։ Մի փոքր պատմեք։
-Միշտ ասում են, որ առաջին զավակի ծնունդն է բարդ լինում, իսկ ինձ մոտ երկրորդի ծնունդն է դժվար տրվել։ Երկուսին էլ պաշտում եմ, թեեւ շատ տարբեր բնավորություններ ունեն։
-Առաջին երեխայի ծնունդը Ձեր գործունեության ակտիվության վրա որեւէ կերպ չանդրադարձավ, իսկ երկրորդի՞նը։
-Որդուս ծնունդն էլ չի խոչընդոտի։ Դադարը, իհարկե, եւս մի քանի ամիս կշարունակվի, բայց երկար չի տեւի։ Շուտով կվերադառնամ արվեստի ընտանիք։ Սակայն նույնիսկ այդ ընթացքում պարապ չեմ մնում, պատրաստում եմ ձայնասկավառակ, որտեղ մեծ մասամբ ընդգրկված կլինեն ռուսերեն երգեր, հետո էլ կանցնեմ տեսահոլովակներ նկարահանելուն։
-Մի ժամանակ երգը Ձեր կյանքում զբաղեցնում էր երկրորդական, երրորդական տեղ, սակայն այժմ նույնը չենք կարող ասել։
-Այո՛, թեեւ ավարտել եմ նաեւ երաժշտական դպրոց, ինձ միշտ էլ գերել է կրկեսը, պարը։ Բայց հիմա արդեն որոշեցի երգն ու պարը համատեղել։ Կարծում եմ՝ այդ միքսը կհետաքրքրի երկրպագուներին։ Չէ՞ որ համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Շակիրան, Բեյոնսեն, Լոպեսը հենց այդպես են գրավել աշխարհը։ Ես, իհարկե, ինձ չեմ համեմատում նրանց հետ, որովհետեւ մեր ասպարեզն էլ բավական նեղ է, հնարավորությունները՝ սահմանափակ։
-Իսկ շոուներ, ակրոբատիկական հնարքներ կկիրառե՞ք Ձեր ելույթներում։
-Ընդհանրապես, երբ բեմահարթակներից հայտարարում են «Թինա Քեյ» անունը, մարդիկ չգիտեն՝ ես օդից եմ իջնելու բեմ, թե՞ ընդհատակից եմ հայտնվելու այնտեղ (ծիծաղում է)։ Կարծում եմ՝ իմ ելույթների առավելությունը հենց շոուի տարրերի մեջ է։
-Իսկ ոլորտում համապատասխան պայմաններ ստեղծվա՞ծ են Ձեզ համար, ստեղծագործելու բոլոր հնարավորությունները տրվա՞ծ են Ձեզ։
-Իմ ճանապարհը ես եմ հարթել ինձ համար։ Իհարկե, անցածս ուղին առանց խոչընդոտների չի եղել։ Բայց ինձ համար կարեւոր է նաեւ բացասական ուժերի առկայությունը, որովհետեւ դրանք ինձ ուժ են տալիս, որ ավելի բարձր սլանամ։
-Ո՞րն է ամենաանհեթեթ բամբասանքը, որ Ձեր մասին լսել եք։
-Երբ տարիներ առաջ երգիչ Մհերի հետ մասնակցում էի «Երկու աստղ» նախագծին, մարդիկ լուրեր էին տարածել, թե իբր մենք երեք տարեկան աղջիկ ունենք։ Ինձ էլ, Մհերին էլ այդ բամբասանքն ուղղակի սպանեց, որովհետեւ մենք եղել ենք եւ կանք հոյակապ կոլեգաներ (ծիծաղում է)։
-Կա՞ մի հարված, որ մինչ օրս էլ չեք մարսել։
-Կա, դա կապված է կրկեսի հետ։ Երբ Երեւանի կրկեսը քանդեցին, դա իսկապես մեծ հարված էր ինձ համար։ Ես կորցրեցի իմ բեմահարթակը եւ հայտնվեցի ռեստորանում, որտեղ բոլորն ուտում էին, իսկ ես պետք է շոու ցուցադրեի։ Ես չէի հասկանում՝ որտեղ էի, ինչու էի այդտեղ գտնվում… Դա անդառնալի կորուստ էր։ Ասել եմ ու էլի կասեմ, որ արտիստը պետք է լինի իր տեղում, ոչ թե ռեստորանային համալիրում։
-Իսկ ինչո՞ւ եք վերջնականապես հուսահատվել։ Գուցե կրկեսի վերագործարկման պարագայում վերադառնալու հնարավորությո՞ւն ունենաք։
-Ախր, երբ կրկեսը վերջնականապես կառուցվի, ես կհամարվեմ թոշակառու։ Մի ամբողջ սերունդ կորցրեց այդ հրաշք արվեստի հետ շփումը։ Հուսով եմ՝ գոնե մեր երեխաները կհասցնեն առնչվել կրկեսին:
Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ
«ՈՒԶՈՒՄ ԵՄ՝ ԲՈԼՈՐԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ ՄԱՔՐՎԵՆ ԱՂԲԻՑ»
Նոյեմբերի 5-ին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի կունենա դուդուկահար Կամո Սեյրանյանի մենահամերգը։ Հատուկ մենահամերգի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանելու «Forbidden Saints» խումբը։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ դուդուկահարը։ Նա նաեւ նշեց, որ համերգին մասնակցելու են սիմֆոնիկ նվագախումբը, Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը։
«Ասեմ, որ ներկայացնելու եմ մի շարք նոր ստեղծագործություններ, ինչպես նաեւ հին հայկական, ավանդական երգերի գործիքավորումներ, միջնադարյան տաղերի մշակումներ։ Սպասվում է նաեւ հետաքրքիր լուսաձայնային շոու։ Ինչ վերաբերում է համերգի պարային հատվածին, ասեմ, որ ելույթ են ունենալու Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները, «Բերդ» պարային համույթը»,-մանրամասնեց Կամո Սեյրանյանը։
Համերգին նորովի մատուցվելու են Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը», «Լեզգինկան»՝ կենդանի հնչողությամբ։ «Սպասվում է դասական, փոփ, ժողովրդական ժանրերի միքս,այնպես որ, Հայաստանում նման ֆորմատի համերգ դեռ չի եղել։ Ուզում եմ լավ բան անել, ճիշտ երաժշտություն մատուցել, որ բոլորի ականջները մաքրվեն աղբից»,-շեշտեց դուդուկահարը։
Նա խոստացավ վերադառնալ ակունքներին, ներկայացնել Կոմիտաս՝ չշեղվելով մեղեդային գծից։ Ինչպես ինքն է նկատում, հայ հանդիսատեսը զուլալ երաժշտության կարիք շատ ունի։
Հարցին, թե Հայաստանում համերգներ կազմակերպելիս ինչ դժվարությունների է հանդիպում արտիստը, դուդուկահարը պատասխանեց. «Մեր երկրում ամեն ինչն է դժվար իրականացնել, բայց, ինչպես ասում են, ինչ չի անում քիչ փողը, անում է շատ փողը (ծիծաղում է)։ Ամեն դեպքում, պետք է նաեւ ասեմ, որ նույնիսկ լավագույն էֆեկտներ ունենալու պարագայում եթե արտիստը դուրս գա բեմ ու չկարողանա հանդիսատեսի սրտի հետ խոսել, տապալված է, այդ բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն»։
Ա. ԱՆՏՈՆՅԱՆ
ԿԱՀՈՒՅՔԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր տեղի ունեցավ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մասերը Հայաստան վերադարձնելու եւ կոմպոզիտորի տուն-թանգարանին նվիրելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Արամ Խաչատրյանի իրերը տուն-թանգարանին վերադարձվեցին ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի աջակցությամբ:
Իսկ ինչպես է հայտնաբերվել այդ կահույքը. Թիֆլիսի Արղության վարժարանում Արամ Խաչատրյանի հետ կրթություն ստացած Նինա Մերեշնիկովային Արամ Խաչատրյանը իր կահույքի մի քանի կտոր էր նվիրել, որոնցից երկուսը Մերեշնիկովան հետագայում նվիրել էր տուն-թանգարանին, իսկ մյուս երեքը (2 աթոռ եւ 1 պահարան)` իրեն բուժող բժշկին: Հետագայում այդ իրերը հայտնվել էին Լատվիայում՝ մի խոշոր հավաքորդի մոտ: Թանգարանի գլխավոր ֆոնդապահը, որը բազմիցս եղել է Մերեշնիկովայի բնակարանում, հաստատել է, որ դրանք այդ նույն իրերն են, որոնք գտնվում են հավաքորդի մոտ:
Նշենք, որ թանգարանի տնօրինությունը խնդրել է պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին, որպեսզի նա օգնի Լատվիայի Հանրապետությունում գտնել հավաքորդին եւ փորձել Արամ Խաչատրյանի անձնական կահույքը Հայաստան բերել: Հավաքորդը երկար բանակցություններից հետո համաձայնել է կահույքը վաճառել հյուպատոսին՝ պայմանով, որ այն դրվելու է կոմպոզիտորի տուն-թանգարանում: Ահա այսպես Արմեն Ղասաբօղլյանի եւ մի շարք գործարարների շնորհիվ կահույքի մի մասը հասավ Հայաստան:
Նշենք, որ ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայրենանվեր գործի համար ի նշան երախտիքի մեդալ շնորհեց: