Լուսանկարն արվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Այս կատուն տեղավորվել է ցայտաղբյուրի վրա եւ ջուր է խմում: Նա կարծես ֆիսքել է «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը եւ այնպես է նստել, որ համատեղի հաճելին օգտակարի հետ՝ ե՛ւ ջուր խմի, ե՛ւ նկարվի:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ովքե՞ր ունեն: Ո՞ւմ է տրվում նման հնարավորություն:
Լուիզա Վարդանյան (59 տարեկան, տնային տնտեսուհի, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Վարդանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացում ենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք կարող են ձեռք բերել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 30.01 եւ ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքները:
Ընտանեկան նպաստի բազային մասը 16000 դրամ է: 18 տարին չլրացած անդամ չունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը 16000 դրամ է:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 106.648, որի 75.5%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին:
Ավելացնենք, որ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք` ստանալու միանվագ հրատապ օգնության գումարը՝ 25000 դրամ:
ՀԱՐՑ. Աղջիկս ընդունվել է արհեստագործական ուսհաստատություն: Ուզում եմ իմանալ՝ նա կարո՞ղ է օգտվել վարձավճարի զեղչից: Նշեմ, որ ունեմ հաշմանդամության կարգ (3-րդ):
Երան Մանուկյան (48 տարեկան, դերձակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ուսումնական հաստատությունը, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.
2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.
3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին.
6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին.
7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.
8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ արգելվում է նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացիների նկատմամբ: