ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում: Շուտով կավարտվեն ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները: Եւ հիմա, կախված նրա լիազորությունների դադարեցման օրվանից, պարզ կդառնա՝ ՍԴ նոր անդամն իրավունք կունենա պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը լրանալը, թե՞ կնշանակվի 12 տարի ժամկետով: Այլ կերպ ասած՝ ՍԴ նոր անդամին կնշանակեն գործո՞ղ Սահմանադրության համաձայն, թե՞ նոր Սահմանադրության շրջանակներում (որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2018թ. ապրիլին):
Եւ այսպես՝ հոկտեմբերի 15-ին լրացավ ՍԴ անդամներից Կիմ Բալայանի 70-ամյակը: Նա ՍԴ անդամ էր նշանակվել 2003թ. նոյեմբերին, երբ դեռ գործում էր 1995թ. ընդունված առաջին Սահմանադրությունը:
Ըստ այդ փաստաթղթի՝ ՍԴ անդամը պաշտոնավարում է մինչեւ 70 տարեկանը: Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը ՍԴ անդամին հնարավորություն է ընձեռում մինչեւ վեց ամսով երկարաձգել պաշտոնավարումը. «Եթե սահմանադրական դատարանի անդամն իր պաշտոնավարման տարիքը լրանալու պահին մասնակցում է մեկ կամ մեկից ավելի գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարում են այդ գործի (գործերի) ավարտման օրը, բայց ոչ ուշ, քան պաշտոնավարման տարիքը լրանալու օրվանից վեց ամիս հետո»,- նշված է ՍԴ մասին օրենքի 14-րդ հոդվածում:
Այսինքն՝ Կիմ Բալայանը կարող է դեռ մինչեւ 2018թ. ապրիլի 15-ը լինել ՍԴ անդամ: Բալայանի պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի, քանի որ նա ՍԴ վարույթում գտնվող երկու գործով նշանակված է զեկուցող: Ու ողջ ինտրիգը նրանում է, թե որքա՞ն կտեւի այդ գործերի քննությունը՝ վեց ամի՞ս, թե՞ ավելի քիչ:
Հետաքրքիրն այն է, որ ՍԴ վարույթում գտնվող գործերից մեկով Բալայանը զեկուցող է նշանակվել բոլորովին վերջերս: Խոսքը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա՝ ՀՀ հողային օրենսգրքի մի քանի դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի մասին է: Ընդ որում, սա ՍԴ վարույթ ընդունված ամենավերջին դիմումն է, ու, փաստորեն, անմիջապես մակագրվել է Բալայանին:
Այս գործով ՍԴ առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 12-ին, այն քննվելու է բանավոր ընթացակարգով: Բալայանի վարույթում է գտնվում նաեւ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որի քննությունը նշանակված է հոկտեմբերի 24-ին: Սա էլ քննվելու է գրավոր ընթացակարգով:
Այս երկու գործերն էլ համարվում են անհատական դիմումներ, իսկ ՍԴ մասին օրենքի 68-րդ հոդվածը նախատեսում է, որ անհատական բնույթ ունեցող գործերով «Դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Իսկ ՍԴ պատճառաբանված որոշմամբ՝ գործի քննության ժամկետները կարող են երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով»: Ասել է, թե օրենքով նախատեսված են բոլոր հնարավորությունները, որպեսզի վերոհիշյալ երկու դիմումների քննությունը տեւի առնվազն վեց ամիս, եւ ըստ այդմ, երկարաձգվեն Բալայանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները մինչեւ 2018թ. ապրիլի 15-ը: Պարզ է՝ այս ամենը կախված կլինի իշխանությունների քաղաքական որոշումից, եւ եթե հրահանգվի, որ որոշումը պետք է ձգձգել մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, ՍԴ-ն պատճառներ կգտնի՝ այդ քայլին գնալու համար: Կարվի այդ քայլը, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Բայց այս ամենը կարեւոր է ոչ միայն Կիմ Բալայանի համար, որը հնարավորություն կունենա եւս վեց ամիս լինել ՍԴ անդամ, այլ շատ ավելի էական է այն անձնավորության համար, որը կնշանակվի ՍԴ անդամ:
Բանն այն է, որ 1995թ. առաջին Սահմանադրության համաձայն՝ ՍԴ անդամը պաշտոնավարում էր մինչեւ 70 տարին լրանալը: 2005թ. սահմանադրական փոփոխություններով այս ժամկետը կրճատվեց: Ու հիմա գործող Սահմանադրության համաձայն՝ ՍԴ անդամները, որոնք նշանակվել են 2005 թվականի նոյեմբերից հետո, պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը:
Բայց 2015թ. սահմանադրական փոփոխություններով վերականգնվեց ՍԴ անդամի՝ մինչեւ 70 տարեկան պաշտոնավարելու իրավունքը, բայց եւ Սահմանադրության 166-րդ հոդվածում նշված է, թե ՍԴ անդամը նշանակվում է 12 տարի ժամկետով: Միայն թե Սահմանադրության 166-րդ հոդվածը, որ ներառված է 7-րդ գլխում, ուժի մեջ կմտնի 2018թ. ապրիլից: Անցումային դրույթներում նշված է, որ Սահմանադրության մի շարք գլուխներ, այդ թվում՝ 7-րդ գլուխը, «ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»: Իսկ մինչեւ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրության 7-րդ գլուխը, ՍԴ անդամները նշանակվելու են գործող օրենսդրության սահմաններում՝ մինչեւ 65 տարեկանը պաշտոնավարման իրավունքով:
Ի դեպ, նշենք, որ ՍԴ անդամի պոտենցիալ թեկնածու համարվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, որը նոր Սահմանադրության համահեղինակներից է (ասում են, հենց նա էլ եղել է այն մարդկանցից մեկը, որ պնդել է՝ ՍԴ անդամի պաշտոնավարման ժամկետները պետք է երկարաձգվեն): Ընդ որում, ըստ համառ լուրերի՝ Թովմասյանը միայն ՍԴ անդամ դառնալով չի բավարարվելու, այլ իրեն պատկերացնում է ՍԴ նախագահի պաշտոնին: Առավել եւս, երբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը կլրանա 2018թ. մարտին, եւ որոշ ժամանակ անց կդադարեն նաեւ նրա լիազորությունները:
Ու հիմա, փաստորեն, Հրայր Թովմասյանի կամ ՍԴ անդամության մյուս հավակնորդների «բախտը» կախված է իշխանությունների, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի քաղաքական որոշումից. արդյո՞ք ՍԴ նոր անդամը կնշանակվի գործող Սահմանադրության համաձայն եւ կպաշտոնավարի մինչեւ 65 տարեկանը, թե իշխանությունները ժամանակ կձգեն ու ՍԴ նոր անդամին կնշանակեն 12 տարի ժամկետով` ապրիլին ուժի մեջ մտնող Սահմանադրության համաձայն: Ամեն դեպքում, դժվար չէ ենթադրել, թե հանուն Սերժ Սարգսյանին սիրաշահելու՝ այս ընթացքում ինչերի կդիմեն Թովմասյանն ու ՍԴ անդամ դառնալու հավակնություններ ունեցող մյուս անձինք:
Հ.Գ. Նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Իսկ նոր նախագահին ԱԺ-ն կընտրի գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ, այսինքն՝ ոչ շուտ, քան փետրվարի 28-ը եւ ոչ ուշ, քան մարտի 8-ը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ