Ինչու է «Կոնվերսբանկի» գործով ձերբակալված Աշոտ Մանուկյանը պաշտպանության նախարարությանը պատկանող ավտոմեքենայի պետհամարանիշ գողացել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ ոստիկանության հայտնած այս տեղեկությունը ուշագրավ նախապատմություն ունի:
Ինչպես հայնտի է՝ «Կոնվերսբանկից» 200 հազար դոլարի կողոպուտի գործով ՀՀ ոստիկանությունը խուզարկել էր Երեւանի բնակիչ, 1979թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները, եւ հայտնաբերվել էր կանեփանման զանգված, ԱԿ տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշներ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Կոնվերսբանկի» կողոպուտի գործով ձերբկալված Աշոտ Մանուկյանը դեռես 2017 թվականի սեպտեմբերի 29-ին Դավիթաշեն վարչական շրջանից պաշտպանության նախարարության զորամասերից մեկի սպային պատկանող ավտոմեքենայի ՊՆ 01 28 Մ պետհամարանիշ էր գողացել:
ՊՆ սպան պետհամարանիշի անհետացման մասին տեղյակ է պահել վերադասներին, որից հետո անհետացած պետհամարանիշի մասով սկսվել է քննություն ինչպես ռազմական ոստիկանությունում, այնպես էլ ՀՀ ոստիկանության համապատասխան վարչական շրջանի ստորաբաժանմունքում:
Նշենք, որ սովորաբար ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունը նմանօրինակ դեպքերում քննություն է իրականացնում՝ պարզելու պետհամարանիշի անհետացման հետեւում կրիմինալ կա՞, եւ, առհասարակ, ի՞նչ կապ կարող է ունենալ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձը նախարարությանը պատկանող պետհամարանիշի անհետացման հետ: Եթե կապ ունի սպայի հետ, ուրեմն նրան այլեւս համար չեն տրամադրում՝ մինչեւ գործի հանգամանքների լրիվ բացահայտումը, իսկ եթե ստուգում են ու պարզում, որ սպան իր պետհամարանիշների անհետացման հետ կապ չունի, նրան այլ համարարանիշ են տրամադրում՝ մինչեւ հափշտակվածը հայտնաբերելը:
Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, հարցը այսպես էլ լուծվել է: Քանի որ ՊՆ սպային այլ պետհամարանիշ են տվել, նշանակում է՝ անհետացած համարը չեն հայտնաբերել: Այն գտնվել է հոկտեբերի 9-ին «Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործի քննության ընթացքում մի խումբ անձանց ձերբակալելու ժամանակ. հենց Աշոտ Մանուկյանի բնակարանում էլ հայտնաբերվել է մեկ ամիս առաջ անհետացած ՊՆ 01 28 Մ պետհամարանիշը:
Իսկ հիմա անդրադառնանք ամենագլխավոր հարցին. ինչո՞ւ է Աշոտ Մանուկյանը պետհամարանիշը գողացել:
Պաշտպանության նախարարության մեր աղբյուները, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հայտնեցին՝ սա առաջին դեպքը չէ, որ իրավապահները բացահայտում են ՊՆ պետհամարանիշների գողության դեպքեր: Բանն այն է, որ ենթադրյալ հանցագործները պաշտպանության նախարարությանը պատկանող պետհամարանիշները գողանալով՝ լուրջ հաշվարկներ են անում. ՀՀ ոստիկանությունը լիազորություն չունի կանգնեցնելու եւ ստուգելու ՊՆ պետհամարանիշներով ավտոմեքենաները: Դա կարող է անել միայն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունը կամ վարչության ներկայացուցչի ներկայությամբ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցը:
Այսինքն՝ ինչ-որ բան տեղափոխելը ՊՆ համարանիշներով շատ ավելի հեշտ է: Դրա համար գողերն ու ավազակները նախընտրում են նախ ՊՆ պետհամարանիշ գողանալ, ապա նոր գործի անցնել: Իրավապահներից ապահովագրվելու համար ահա թե ինչ հաշվարկներ են իրականացվում:
Թե ինչեր են արվել կոնկրետ ՊՆ 01 28 Մ պետհամարանիշով ավտոմեքենայով, դեռ վաղ է ասել, քննությունը կպարզի:
Քնար Մանուկյան