Վանաձորում երկու դպրոց իրար կմիանան. շենքերից մեկը կհանձնվի ՊՆ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախատեսում է իրար միացնել Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող երկու դպրոց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում իրար կմիանան Վանաձորի Մարշալ Բաղրամայանի անվան N 26 ու «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոցները:

Պատճառն այն է, որ Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցը քիչ թվով աշակերտներ ունի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դպրոցում սովորում է 30 աշակերտ, կոմպլեկտավորվել է չորս միավոր դասարան, որից 3-ը երկկոմպլեկտ է, ինչն անարդյունավետ է: Եւ այս դեպքում Լոռու մարզպետարանը անիմաստ է համարել ներդրումներ անել եւ բարելավել շենքային պայմանները: Հարցին մեկ այլ լուծում է գտել. բանն այն է, որ Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցից 3 կմ հեռավորության վրա գտնվում է մյուս` «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոցը, որը թերբեռնված է, ունի տիպային շենքային համալիրներ, կառուցվել է երկրաշարժից հետո: Ի դեպ, միավորման արդյունքում ՏԿԶՆ-ն մտադիր է տնտեսել 19 մլն դրամ: Դպրոցները իրար միացնելու վերաբերյալ որոշման նախագիծը մշակվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի կողմից: Իսկ այս մասին որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունիսի 1-ից:

Իսկ վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոցի միջոցների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցի շենքը կհանձնվի պաշտպանության նախարարությանը: Թե ինչ է պատրաստվում պաշտպանության նախարարությունը անել շենքի հետ, առայժմ հայտնի չէ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս