Երբ Դոնալդ Թրամփը ընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում, գործող նախագահ Բարաք Օբաման անմիջապես շնորհավորեց նրան ու խոստացավ ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը: Դա, առաջին հերթին երաշխավորելով հանդերձ պետական քաղաքական ավանդույթների կատարումը, միտված էր նոր իշխանության հետ քաղաքական երկխոսության հաստատմանը եւ իրացված նախաձեռնությունների շարունակականությանը: Թրամփը, սակայն, բնավ չընդունեց Օբամայի ժեստը եւ իր յուրաքանչյուր քայլով հետեւողականորեն ոչնչացնում է նախորդի նվաճումները:
Թրամփը, իր բնույթին համապատասխան, չունի հստակ քաղաքականություն եւ ոչ մի հարցում, ուստի պարզապես անընդունակ է այլընտրանքներ առաջարկել կոնկրետ դեպքերում: Նրան մնում է արդյունքում նոր խոչընդոտներ սահմանել նախորդ վարչակարգի մշակած ծրագրերի համար` արդյունքում պարալիզացնելով պետակառավարման համակարգը:
Թրամփի գործունեությունը միայն միտված չէ նախորդ նախագահի ժառանգության ոչնչացմանը, այլեւ խաթարում է ամերիկյան գեղեցիկ ավանդույթները, երբ նախագահը հարգում է իր նախորդների գործունեությունը եւ ինքնանպատակորեն չի ավիրում նվաճումները, եթե նույնիսկ քննադատաբար է տրամադրված նրա ու նրա քաղաքականության նկատմամբ: Սակայն արդեն իսկ ճանաչելով Թրամփի բնավորությունը՝ կասկած չկա, որ նա հենց ավանդույթները կոտրելու մեջ է տեսնում իր առաքելությունը` անգիտակցաբար խաթարելով հարյուրամյակներով ձեւավորված ավանդույթները:
Երդմնակալության արարողությունից անմիջապես հետո Թրամփը չեղարկեց Տրանս-խաղաղօվկիանոսյան համաձայնագիրը, որով Օբաման ապահովել էր արեւմտյան կիսագնդի ու Եվրոպայի տնտեսական ներդաշնակությունը` հակառակ Չինաստանի:
Օբամային հաջողվել էր գործնականում կանխել չինական տնտեսական առաջխաղացումը Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Հետաքրքիր է, որ թեեւ Թրամփը ԱՄՆ-ի հիմնական հակառակորդ է ընկալում հենց Չինաստանին, չեղարկել է հենց վերջինիս տնտեսական զարգացումը զսպող համաձայնագիրը: Կա՛մ նա մտադրված է եղել այդօրինակ զիջմամբ չինական ընտրախավին հակել իր կողմը՝ հյուսիսկորեական խնդիրը լուծելու համար, կա՛մ սխալ հաշվարկով տնտեսական նվազագույն օգուտներ քաղելով Եվրոպայի հաշվին ու կորցնելով աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից պարզապես ջախջախել է նախորդի հաջողությունը:
Թրամփը ԱՄՆ-ն դուրս բերեց նաեւ Փարիզի կլիմայի համաձայնագրից, որը կրկին Օբամայի ձեռքբերումն էր, երբ մեկ նպատակի շուրջ միասնաբար գործարկվելու պատրաստակամություն էին ստանձնել բոլոր խոշոր տերությունները, այդ թվում էկոլոգիայի վնասման հարցում էական դեր խաղացող Չինաստանը:
Չեղարկվեց նաեւ Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որը պատմական նվաճում էր նախորդ նախագահի համար: Այսօր Թրամփը փորձում է կոտրել նաեւ Իրանի միջուկային համաձայնագիրը, որի հարցում, սակայն, իր խոսքը բավարար եւ վերջնական չէ, ինչն էլ կաշկանդում է արագ քայլերի հնարավորությունը: Ներքին քաղաքականության հարցում էլ Թրամփը հետեւողականորեն ձգտում է վերացնել Օբամայի առողջության ապահովագրության համակարգը՝ որեւէ համարժեք նոր տարբերակ չառաջարկելով:
Բարաք Օբաման բավականին խելացի է՝ հասկանալու համար, որ իր նվաճումները ջախջախելու թրամփյան քաղաքականությանը գնահատականներ տալը անիմաստ զբաղմունք է: Այս առումով ուշագրավ է նրա կամային լռությունը եւ ժամանակ առ ժամանակ անուղղակի հակիրճ կշտամբանքը: Նախկին նախագահը իր պաշտոնավարման ավարտին բավականին բարձր հեղինակություն ուներ եւ անգամ սոցհարցումներով կհաղթեր ընտրություններում, եթե առաջադրվելու իրավունք ունենար: Ի դեպ, տեղեկություններ էին շրջանառվում, որ Օբաման ցանկանում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալ նախագահությունից հետո:
Ակնհայտորեն նա չի փակել իր հաշիվները քաղաքականության հետ, ինչին նպաստում է Թրամփի գործունեությունը: Նախկին նախագահներն ավանդաբար գնահատականներ չեն տալիս իրենց հաջորդներին եւ զբաղվում են գիտությամբ, դասախոսությամբ, մշակութային ու սոցիալական-բարեգործական գործունեությամբ: Սակայն Թրամփի ամեն գործողություն կարծես հասունացնում է ԱՄՆ-ում հարյուր տարի առաջ պատահածի կրկնությունը եւ նախկին նախագահի քաղաքական վերադարձը:
Հայաստանում նախորդ նախագահի քաղաքական ժառանգության նկատմամբ հարգանքի ավանդույթ այդպես էլ չձեւավորվեց: Ռոբերտ Քոչարյանը երկու խոշոր սխալներով ջուրը լցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական նվաճումները արցախյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում:
Քոչարյանի թերի հաշվարկների կամ չարամիտ դիտավորության արդյունքում Արցախը կորցրեց հակամարտության երրորդ կողմի կարգավիճակը եւ դուրս մղվեց բանակցային գործընթացից: Սա մեծագույն հարված էր հայկական դիվանագիտության դիրքերին ու աներեւակայելի նվեր ադրբեջանական կողմին: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ թեեւ 1990-ականներին առարկայական հաջողություններ չեղան, սակայն երկու երկրների քաղաքական ղեկավարության միջեւ հարգալից շփումների ավանդույթ էր ձեւավորվել, որը խաթարվեց ՄԱԿ-ի ամբիոնից Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դնելու քոչարյանական տղայությամբ:
Միտված լինելով բացառապես սփյուռքի շրջանակներին սիրաշահելու պարզունակ նպատակի բավարարամանը՝ Քոչարյանի այդ քայլը սարսափելի հարված հասցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ օրակարգի հարց դարձնելով պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Իսկ այդ ծուղակից արդեն չխուսափեց Սերժ Սարգսյանը՝ արտաքին աշխարհում իր լեգիտիմությունը որոնելիս:
Քոչարյանի բացթողումները եւ ստեղծած իշխանական- խանական համակարգը ինքնին հասունացրին նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի վերադարձը: Իսկ Սերժ Սարգսյանը, քաջ գիտակցելով նախորդների փորձը, զրոյացրեց նախագահի պաշտոնի նշանակությունը, ոչնչացրեց նախկին նախագահների՝ իշխանության հավակնելու հնարավորությունները եւ իր համար փայլուն պայմաններ ստեղծեց՝ առնվազն 5 տարի երկրի ներսում իր վարուցանքը շարունակելու համար:
Ն. Հովսեփյան