«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, Դուք առաջադրվել եք Վարդենիսի քաղաքապետի պաշտոնում, ինչպիսի՞ն եք գնահատում Ձեր շանսերը:
-Կարծում եմ՝ ունեմ կուտակած բավական փորձ, որպեսզի կարողանամ կյանքիս առաջիկա տարիները նվիրել իմ սիրելի քաղաքի զարգացմանը, ես ունեմ քաղաքի զարգացման հստակ ծրագիր, եւ ոչինչ չի խանգարում համայնքի ղեկավար դառնալու դեպքում կյանքի կոչել այն: Այդ ծրագրի առանցքում Վարդենիսը գրավիչ դարձնելն է թե՛ վարդենիսցիների, թե՛ ներդրողների համար: Վստահ եմ, որ ունեմ իմ ծննդավայրը բարեկարգ ու օրինակելի քաղաք դարձնելու բոլոր հնարավորրությունները: Ինչ վերաբերում է ընտրվելու հավանականությանը, ապա ասեմ, որ որոշողը վարդենիսցին է, եւ այս առումով իմ շփումները մարդկանց հետ ինձ ավելի վստահ են դարձնում, քանզի տեսնում եմ ինձ ընտրելու ցանկություն:
-Չի՞ խանգարում այն հանգամանքը, որ առաջադրված է նաեւ գործող քաղաքապետը, ով Ձեր կուսակիցն է, չե՞ք կարծում, որ ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն ներկայացված լիներ մեկ թեկնածուով, արդյո՞ք դա չի մեծացնի ՀՀԿ-ի պարտության հնարավորությունը:
-Ես 2006թ.-ից ՀՀԿ անդամ եմ, կուսակցությունը որոշել է դաշտը թողնել ազատ,
ինչը հնարավորություն տվեց ունենալ ՀՀԿ-ի մեկից ավելի թեկնածուներ, համարում եմ սա նորմալ երեւույթ եւ ներքին համոզմունք ունեմ, որ ՀՀԿ-ն Վարդենիսում չի պարտվի: Եթե ՀՀԿ-ն որոշեր, որ պաշտպանելու է մեկին, ապա եթե նույնիսկ դա չլինեի, ապա միանշանակ կատարելու էի կուսակցության որոշումը:
-Ինչպիսի՞ն են հարաբերությունները գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ, չկա՞ արդյոք լարվածություն:
-Ես ունեցել եւ շարունակելու եմ ունենալ նորմալ հարաբերություններ բոլոր թեկնածուների հետ, իմ կողմից երբեք չի լինի այնպիսի քայլ, որն ընտրապայքարը կտանի անձնական դաշտ, թշնամանալու միտում չունեմ ոչ մեկի հետ, կարծում եմ՝ եթե նման բան լինի, վարդենիսցիները դրանից հաստատ չեն շահի, մեզ պետք է ստեղծել քաղաքակիրթ միջավայր՝ իմ կողմից նշված ծրագրերը կյանքի կոչելու համար: Վերջիվերջո, սա ընտրություն է, այլ ոչ թե՝ ճակատամարտ:
-Պարո՛ն Հարությունյան, այնպես եք խոսում, կարծես արդեն ընտրվել եք: Չե՞ք կարծում, որ Ձեր եւ Ձեր եղբոր շուրջ մամուլում շրջանառված լուրերը կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ:
-Մամուլն իմ անձին մի քանի անգամ անդրադարձել է, դրանցում տեղ գտած մեղադրանքներից ոչ մեկն էլ չի համապատասխանել իրականությանը: Իմ անձիշուրջ փորձ է արվել ստեղծել բացասական կերպար, վստահ եմ, որ լրատվական այդ հոսքերը չեն ազդել իմ հեղինակության վրա եւ չեն կարող ազդել: Քաղաքապետ ընտրվելու դեպքում Դուք կարող եք գալ եւ ամեն ամիս հաստատ դրական փոփոխություններ կտեսնեք Վարդենիսում: Սա այն քաղաքն է, որտեղ մամուլի հրապարակումների հիման վրա չէ, որ քաղաքապետ են ընտրում, այստեղ բոլորն իրար ճանաչում են: Ի դեպ, քաղաքապետի պաշտոնում աշխատելու եմ շատ բաց ու թափանցիկ, ինքներդ կհամոզվեք:
-Պարո՛ն Հարությունյան, լավ, ենթադրենք՝ Դուք ընտրվում եք քաղաքապետ, գիտակցո՞ւմ եք, արդյոք, թե ինչ ծանր բեռի տակ եք հայտնվելու, քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը շատ ծանր է, սահմանամերձ համայնք է, չկան աշխատատեղեր:
-Գիտեք, երբեք չի կարելի փորձել անել լավ բան՝ լինելով հոռետես, իհարկե, խնդիրներ շատ կան, բայց մենք պետք է ճիշտ օգտագործենք մեր ռեսուրսը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Մենք պետք է ճիշտ օգտագործենք, օրինակ, տեղական բյուջեն, կարողանանք ներգրավել ֆինանսական այլ աղբյուրներ, այսօր աշխարհում շատ փող կա, բայց պետք է կարողանանք ունենալ ծրագիր, որպեսզի կարողանանք ներդնողներ բերել:
Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շատ հանգիստ կարող ենք զարգացնել, մենք ունենք շատ տաղանդաշատ երեխաներ, որոնց պետք է ուղղակի հնարավորություն տալ, մենք պետք է օգտագործենք Արցախի հետ կապող ճանապարհի ընձեռած հնարավորությունները, սա մեծ ակտիվություն կբերի մեր քաղաքի տնտեսական ու սոցիալական զարգացմանը: Մենք պետք է ունենանք բարեկարգ այգիներ, փողոցներ ու սպորտային կենտրոններ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ վայելել, իրենց երեխաներին տալ սպորտի եւ այլն: Ես դա ունենալու ճանապարհն ու ձեւերը գիտեմ ու կանեմ: Մի խոսքով, ամեն ինչ լավ է լինելու, ա՛յ, կտեսնե՛ք: Ես իմ քաղաքի զարգացումը տեսնում եմ, իսկ Դուք էլ դրանում կհամոզվեք»: