Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը: Այն անցկացվում է «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո:
ՀՀ կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին նախաձեռնության համար, ինչպես նաև հյուրերին՝ Հայաստան այցելելու, իրենց փորձը և գիտելիքները Հայաստանի մասնագետների հետ կիսելու պատրաստակամության համար: «Փաստ է, որ գիտությունն ու տնտեսությունն ամուր կապված են միմյանց և պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանան: 21-րդ դարում դրանց նպաստող պարտադիր պայման է պրոցեսների գլոբալիզացիան և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը: Կարծում եմ՝ FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության և տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ:
Այսօրվա աշխարհն անցնում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության փուլով: Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում: Համոզված եմ, որ կհաջողեն այն երկրները, ովքեր կկարողանան արագ ադապտացվել նոր իրավիճակին և կլինեն նորարարություններ ստեղծող և առաջարկող:
Մանրամասները` տեսանյութում: