ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 17-ը հռչակել է Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր: Օրվա նպատակն է աղքատության վերացման դեմ պայքարի իրազեկությունը բարձրացնել բոլոր երկրներում եւ պայքարել աղքատության դեմ: Իսկ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ պայքարում են աղքատության դեմ, բայց այդպես էլ արդյունքի չեն հասնում:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2015 թվականի տվյալներով (2016 թվականի աղքատության վերաբերյալ ցուցանիշները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել)՝ պաշտոնապես աղքատության մակարդակը կազմում է 29.8 տոկոս: Այսինքն՝ Հայաստանում պաշտոնապես ամեն երրորդ բնակիչը աղքատ է: Նշենք, որ աղքատ համարվում է նա, ում ամսական սպառումը 41 հազար 698 դրամը չի անցնում: Ի դեպ, նշված 29.8 տոկոսից 8.4 տոկոսը շատ աղքատ է, 2 տոկոսն էլ` ծայրահեղ աղքատ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ շատ աղքատների ամսական սպառումը 34 հազար 234 դրամից քիչ է, ծայրահեղ աղքատներինը` 24 հազար 109 դրամից:
Ըստ մասնագետների` երկրում աղքատների թիվը կրճատելու համար նախ հարկավոր է տնտեսական իրական աճ ապահովել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը խոստանում է առաջիկա տարիներին տարեկան միջինը 5 տոկոս տնտեսական աճ ապահովել: Բայց համաձայնեք, որ ընդամենը 5 տոկոս տնտեսական աճ ապահովելով՝ անհնար է երկրում աղքատության մակարդակը նվազեցնել: Հարկավոր է ոչ թե 5, այլ ավելի բարձր տնտեսական աճ ապահովել:
Աղքատների թվի կրճատմանը նպաստող մյուս կարեւոր գործոնը գործազրկության մակարդակն է, որը Հայաստանում 17 տոկոսից չի նվազում: Պաշտոնական թվերով՝ ՀՀ-ում 2017 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 17.8 տոկոս: Իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում այն կազմում էր 18,4 տոկոս, բայց այս տարվա առաջին եռամսյակում հասել էր 19 տոկոսի:
Իհարկե, այստեղ էլ կառավարությունը առաջիկա տարիներին խոստանում է նվազագույն աշխատավարձի բարձրացում. 5 տարիների ընթացքում` նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ: Այսինքն՝ եթե այսօր նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ է, ապա այն 2022 թվականին կհասնի 69 հազար դրամի:
Բայց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու եւ աղքատության մակարդակը կրճատելու վերաբերյալ խոստումները մշտապես տվել են բոլոր այն պաշտոնյաները, որոնք զբաղեցրել են վարչապետի պաշտոնը: Օրինակ՝ դեռեւս 2012 թվականին, երբ աղքատության մակարդակը 32.4 տոկոս էր, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստանում էր 5 տարում աղքատության մակարդակը նվազեցնել 8-10 տոկոսային կետով` հասցնելով 22.4-24.4 տոկոսի: Բայց 2014 թվականի ապրիլին Տիգրան Սարգսյանը հեռացավ վարչապետի պաշտոնից` Հայաստանում աղքատության մակարդակը այդպես էլ չնվազեցնելով:
Նրան հաջորդեց աղքատների թիվը կրճատել խոստացող Հովիկ Աբրահամյանը, ով առաջարկած 2014-2017թթ. ծրագրով խոստացավ աղքատության կրճատման ապահովում` 10 տոկոսային կետով: Ի դեպ, պաշտոնապես այդ ժամանակ աղքատության մակարդակը 32 տոկոս էր: Բայց նրան եւս չհաջողվեց մինչեւ վերջ պայքարել աղքատության դեմ, քանի որ 2016 թվականի սեպտեմբերին էլ նա հեռացավ այս պաշտոնից:
Իսկ ահա Կարեն Կարապետյանի կառավարությունը խոստանում է 2017-2022 թվականներին աղքատության մակարդակը 12 տոկոսային կետով նվազեցնել եւ հասցնել 17.8 տոկոսի: Այս դեպքում կառավարությունը խոստանում է, որ 5 տարի անց հանրապետության ոչ թե յուրաքանչյուր երրորդ, այլ հինգերորդ բնակիչը աղքատ կլինի: Իսկ Սերժ Սարգսյանը խոստանում է, որ 2040 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմելու է 7-8 տոկոս:
Նկատենք, որ սա միայն խոստում է, որոնցով մարդկանց տարբեր ժամանակներում տարբեր կառավարություններ սնել են: Իսկ իրականում ՀՀ քաղաքացու կյանքը այդպես էլ չի բարելավել եւ չի բարելավում: Եւ սրան զուգահեռ՝ բնակչության կենսամակարդակը գնալով նվազում է: Սա՝ պաշտոնապես:
Սյունէ Համբարձումյան