«Շանտաժի ենթարկելու համար մեկ են». ռուսական համարանիշներով մեքենան հայտնաբերվել է, իսկ վարորդը` պատասխանատվության ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Անահիտ Հարությունյան անունով մի քաղաքացի ահազանգել է ՀՀ ոստիկանություն եւ հայտնել, թե ինչու է Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանն իր անձնական օգտագործման ավտոմեքենան վարում ռուսական համարանիշներով: նա միաժամանակ նշել է, որ գյուղապետը տարիներ շարունակ այդ ավտոմեքենան վարել է հայկական համարանիշներով:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ մի քանի տարի է, ինչ տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում օտարերկրյա, մասնավորապես, ռուսական համարանիշներ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում: Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության` տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում: Պատճառն այն է, որ համապատասխան տեխնիկական հնարավորություններ չկան: Արդեն հասկանալի է, որ գյուղապետը իր ավտոմեքենայի հայկական համարանիշները փոխարինել է ռուսականով` տուգանքներից խուսափելու նպատակով: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Արարատի մարզի Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, Դուք վարում եք ռուսական համարանիշներով ավտոմեքենա…

-Այդ մեքենան երկար ժամանակ է, ինչ ծախել եմ, ինձ չի պատկանում:

-Ե ՞րբ եք վաճառել:

-Երկու տարի առաջ:

-Հիմա ո ՞վ է վարում այդ ավտոմեքենան, ո ՞ւմ եք վաճառել:

-Ապեր եսիմինչյան է: Այդ մեքենան հիմա իրենն է:

-Այսինքն Ձեր գյուղի՞ բնակիչ է:

-Այո…

-Իսկ նրան, ում վաճառել եք մեքենան, Ձեզ բարեկա ՞մ է, թե ՞ համագյուղացի:

-Համագյուղացի է, բարեկամ չէ:

-Ինքը հայկական համարանիշները ռուսականով է փոխարինել ու այդպե ՞ս է վարում…

-Դա արդեն նրա հետ պարզեք: Ինձ հետաքրքրիր էլ չի, թե ինչով է վարում այդ ավտոն: Կարող է այդ մեքենան ռուսական է ու թյուրիմացություն է եղել, չեմ կարող պատասխան տալ: Ես այդ լուսանկարի ավտոմեքենայի հետ գործ չունեմ: Երկու տարի առաջ եմ վաճառել, իմը չի:

-Այս մասով ոստիկանությունից կամ մարզպետարանից զգուշացում ստացե ՞լ եք, թե ՞ ոչ:

-Ոչ, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ այդ մեքենան իմը չէ: Շանտաժի ենթարկելու համար մեկ են: Կարող է այդ մեքենան չէ, որ լուսանկարել են: Թազա մուտիլկովկա՞ է, չեմ հասկանում:

-Իսկ երբ Ձեզ է պատկանել, այդ ժամանա՞կ էլ եք ռուսական համարանիշներով վարել:

-Ոչ:

Հավելենք, որ այսօր  Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է վերոհիշյալ դեպքին և հայտնել. «Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Հարությունյանի էջում տեղադրել էր ռուսական պետհամարանիշերով մեքենայի լուսանկար եւ նշել, որ տարիներ շարունակ այդ մեքենան վարել են հայկական պետհամարանիշերով։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ նշված օ369вт199рус համարանիշերով երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմոբիլը հայտնաբերվել է և վարորդը, փախարինված հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոց վարելու համար, ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ համարանիշերը առգրավվել են՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս