Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Դրանցից մեկը վերաբերում էր անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացմանը: Նա նշեց, թե այդպիսի հանձնարարական է եղել և մոտ ժամանակներս հայեցակարգ կներկայացվի:
Նրա խոսքով, ուսումնասիրությունների ընթացքում պարզ է դարձել, որ ապօրինի ծառահատման համար մեզ մոտ վարչական և քրեական պատասխանատվությունները չեն նպաստում դրա կանխարգելմանը: «Վերջին տարիներին նվազեցվել է բնափայտի մթերման օրինական ծավալները: Հանձնարարում եմ շարունակել անտառամերձ համայնքներին թափուկների անվճար տրամադրման գործընթացը` առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին», – նշեց նա:
Վարչապետը նաև հանձնարարեց երկու ամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ պատասխանատվության հստակեցման, խստացմանն ուղղված առաջարկություններ: Նա նշեց, որ պետք է հայանտառ ձեռնարկությունում բարեփոխումներ կատարել: