Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները։ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Արցախի դիրքերից մեկում այսօր հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան դեպքին:
«Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որն ընդամենը մի քանի օր առաջ ընդունել էր Ժնեւում: Այդ պարտավորությունների մասին գրավոր, հրապարակային հայտարարություն հնչեց համանախագահների և երկու բանակցող կողմերի առաջ», – նշեց նա, հավելելով, որ Ադրբեջանը սրանով ցույց է տալիս, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությւոնների, որ սա կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմի, այլեւ՝ ժնեւյան պայմանավորվածության նկատմամբ:
«Կարծում եմ, որ գոնե հիմա միջազգային հանրության կողմից արձագանք պետք է լինի՝ ուղիղ եւ հստակ», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: