ԻՐԱՆՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պահվածքից տպավորություն էր, թե նա շարունակում է մասնակցել ՀՀԿ քարոզարշավին, որտեղ պարտադիր չէ արարողակարգը պահպանելը, այլ ավելի կարեւոր է հագուկապով, շարժ ու ձեւով մարդկանց վրա տպավորություն գործելը, այս անգամ առանց սիրելի ժիլետի: Բանն այն է, որ Թեհրանի օդանավակայանում զինվորական պահակախմբի մոտով անցնելիս, երկու երկրների դրոշների առջեւ խոնարհվելիս՝ վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է արձակված կոստյումով: Վարչապետի կոստյումն արձակված էր նաեւ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրիի հետ հանդիպման ժամանակ: Մինչդեռ նման դեպքերում արարողակարգի պահանջն է, որ կոստյումի կոճակներից գոնե մեկը կոճկված լինի: Այդպես են վարվում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես պաշտոնական այցերի ժամանակ: Այդպես պետք է վարվեր նաեւ վարչապետը հատկապես Իրան այցելելիս` երկիր, որտեղ առանձնահատուկ կարեւորություն են տալիս արարողակարգային հարցերին, մարդկանց պահվածքին:

 

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման մասին՝ նա նշել է. «Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»: Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ երկու հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Բայց Ադրբեջանը համառորեն հրաժարվում էր պայմանավորվածությունը կատարելուց: Ու հիմա, ըստ Ալիեւի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ՀՀ-ն համաձայնել են ամեն ինչ սկսել զրոյից: Նշենք, որ հայկական կողմը երեկ չէր արձագանքել Ալիեւին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հավաք, որին, ենթադրվում է, որ կմասնակցեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը:

 

 

 

 

2016 թվականի տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին, որ հայկական շուկա է մուտք գործում «Պոբեդա» ավիաընկերությունը, որն ընդամենը 10 հազար դրամով ուղեւորափոխադրում է իրականացնելու Գյումրիից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա լավ մշակված գովազդ էր` ուշադրություն գրավելու համար, եւ կարճ ժամանակ այդպես աշխատելուց հետո «Պոբեդա» ավիաընկերությունը զգալի թանկացրել է ավիատոմսերը: «Ժողովուրդ» օրաթերթը ընկերության պաշտոնական կայքէջից պարզեց, որ 10 հազարանոց տոմսեր այլեւս չկան: Իսկ ահա հոկտեմբերի 12-ի դրությամբ ստանդարտ սակագինը Գյումրիից դեպի Մոսկվա կազմում է մոտ 87 հազար դրամ: Փաստորեն, իշխանությունների հայտարարած «բաց երկնքի քաղաքականությունը» գնալով փակվում է:

 

 

 

 

Երեկ այդպես էլ անհայտ մնաց, թե «Կոնվերս բանկի»՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղից ով էր մոտ 200 հազար ԱՄՆ դոլար հափշտակողը: ՀՀ ոստիկանությունն եւ քննչական կոմիտեն բավարարվեցին տեղի ունեցածի արձանագրությունով: «Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնեց Կոմիտեն: Մինչդեռ տեղի ունեցածն իրականում առեղծված էր, քանի որ ենթադրյալ հանցագործը բանկ էր մտել առանց դիմակի: Ընդ որում, լուրեր կան, որ նա մի քանի օր ելումուտ է արել բանկում եւ համարվում է «Կոնվերսբանկի» «VIP» հաճախորդ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ էլ գնացել էր գործարք անելու: Թե ինչ է տեղի ունեցել, որ նա հանկարծ որոշել է կառավարչին սպառնալ՝ բանկը կպայթեցնի, անհայտ է: Բայց փաստ է մի բան, որ նա ամենեւին էլ անհայտ չէ համենայնդեպս բանկի կառավարչի եւ երեկ արդեն իրավապահների համար: Անհասկանալի է, թե ինչու են նրա ինքնությունը գաղտնի պահում, կամ նա ինչպես է գրավոր «վտանգավոր սպառնալիք» ներկայացրել, եթե տեղեկություն չկա անգամ, որ զինված է եղել:

 

 

 

 

ՊԱՀՈՒՄ ԵՔ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ
Իշխանությունները շարունակում են անպատասխան թողնել հարցը, թե արդյո՞ք նախագահական լիազորությունների ավարտից հետո, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, Սերժ Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարումն արդեն որպես վարչապետ: Այսինքն` խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում որպես երկրի իրական ղեկավար՝ շարունակելո՞ւ է մնալ Սերժ Սարգսյանը, թե այնուամենայնիվ, նրան փոխարինող է գտնվել:
ԱԺ երեկվա ճեպազրույցների ժամանակ, երբ կրկին հնչել է այս հարցը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին խնդրել է զինվել համբերությամբ՝ նշելով. «Մենք ունենք բավական շատ խնդիրներ, մենք զբաղված ենք այդ խնդիրներով, եւ այդ քննարկումները երբ որ կլինեն, դա կլինի հրապարակային, եւ բոլորիդ տեղյակ կպահենք մեր հետագա անելիքների մասին»: Իշխանության մաս կազմող մյուս կուսակցության` ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հիշեցնելով, որ վարչապետ առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ինն է, նշել է. «Հիմա ժամանակավրեպ է այդ թեմայով որեւէ հարց քննարկելը,-նաեւ հավելել,-կգա ժամանակը, եւ ես կարծում եմ՝ դուք այդ «եթե»-ների պատասխանները կիմանաք: Գուցե նաեւ կափսոսեք, որ այսքան ժամանակ այդ հարցը «եթե»-ներով տվել եք»:
Մի կողմից իշխանությունների այս գաղտնապահությունն անհասկանալի է. Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է ընդամենը կես տարի ժամանակ, եւ հասարակությունն իրավունք ունի իմանալու երկրի հետագա ճակատագիրը, առավել եւս, երբ այս «թեման» օրակարգում պահողը հենց իշխանություններն են:
Բայց մյուս կողմից էլ կարելի է հասկանալ իշխանություններին. խորհրդարանական ընտրությունների ժամանակ 10 հազարական դրամով նրանք գնել են առաջիկա հինգ տարում պետության ղեկին գտնվելու իրավունքը, այնպես որ, դրանից հետո նրանք զբաղված են միանգամայն այլ խնդիրներով (օրինակ` անձնական հարստություն դիզելով), հետեւաբար կարեւոր չէ հասարակական կարծիքը: Առավել եւս, երբ վարչապետին ոչ թե ժողովուրդն է ընտրելու, այլ իշխող կուսակցությունն է առաջադրելու:
Եւ հետո, մի փաստ էլ. Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին խոսվում է բավական երկար ժամանակ, ի սկզբանե ակնհայտ էր, որ սահմանադրական փոփոխությունները նա նախաձեռնեց անձնական իշխանության վերարտադրության համար, այնպես որ, այս թեմայով հարցերն իրոք անտեղի են. վաղը կարելի է ափսոսել անիմաստ հարցադրումների համար, երբ պատասխանը պարզ է եղել ի սկզբանե:

 




Լրահոս