ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ԹԵԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ, որի համար պայքարում է վեց թեկնածու. գործող քաղաքապետ Նաիրի Իրիցյանը չի առաջադրվել: Այդ օրը ընտրություններ տեղի կունենան նաեւ հայաշատ մեկ այլ՝ Նինոծմինդա քաղաքում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 5 թեկնածու:

Ախալքալաքում առաջադրված թեկնածուներն են՝ «Նոր Վրաստանի միասնություն» կուսակցությունից Ռուբեն Մկրտչյանը, «Ազատության շարժում` Եվրոպական Վրաստան» կուսակցությունից՝ Հարություն Ալեքսանյանը, «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից՝ Յուրիկ Ունանյանը: «Դեմոկրատական շարժում-Ազատ Վրաստան» կուսակցությունն առաջադրել է Մելիք Ռաիսյանի թեկնածությունը, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ Զուրաբ Օզբեգիշվիլիի թեկնածությունը, իսկ «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցությունն էլ առաջադրել է Սամվել Պետրոսյանի թեկնածությունը: Հիմնական մրցակցությունը թերեւս ընթանալու է Սամվել Պետրոսյանի եւ իշխանական թեկնածու Յուրիկ Ունանյանի միջեւ: Առաջինը հայրենասեր կերպար է, երկրորդը՝ վրացական իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններով հայտնի գործարար:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց քարոզարշավի ընթացքը՝ նշելով, թե իրեն ամենուր բնակչությունը ջերմորեն ողջունում է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թեկնածուներից երկուսի հետ:

Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյան
-Պարո՛ն Պետրոսյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը: Գո՞հ եք ընթացքից:
-Իմ մոտ քարոզարշավը բարձր մակարդակի է ընթանում: Ժողովորդի հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում եմ իմ ծրագրերը, իրենք էլ ուղղում են իրենց հետաքրքրող հարցերը: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ գոհ եմ քարոզարշավի ընթացքից:
-Ի՞նչ հարցերի մասին են բարձրաձայնում Ախալքալաքի բնակիչները, եւ Դուք ի՞նչ եք խոստանում:
-Բնակիչների կողմից բարձրացված հարցերը բազմապիսի են: Սկսած սոցիալական, տնտեսական հարցերից, վերջացրած կենցաղային բազմաթիվ խնդիրների մասին բարձրաձայնումներով: Իրավիճակն այսպիսին է. ուզում ենք, որ Վրաստանը որպես երկիր բարգավաճի, եւ միեւնույն ժամանակ ունենք հարցեր, որոնք լուծում են պահանջում: Իսկ ինչ վերաբերում է իմ կողմից հնչող խոստումներին, ապա կարծում եմ, որ մեզ համար կարեւորություն է ներկայացնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ես խոստացել եմ, որ եթե հաղթենք, ապա մեր ժողովի ժամանակ կբարձրաձայնենք այդ հարցը, որից հետո էլ այն կներկայացնենք Վրաստանի խորհրդարանին:
-Քարոզարշավի ընթացքից դատելով՝ ի՞նչ կարող եք ասել: Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
-Գիտեք ինչպես է՝ բոլոր թեկնածուներն էլ ասում են, որ հաղթել են: Եթե ես հիմա այդպիսի հայտարարություն անեմ, տգեղ կդիտվի: Պետք է իմ շանսերի մասին հարցն ուղղեք ընտրողներին: Սակայն ընդհանուր առմամբ ժողովուրդը կանգնած է իմ կողքին. եթե խախտումներ չլինեն, ես եւ իմ քաղաքական խումբը կհաղթենք:
-Իսկ ընդհանուր առմամբ հանգի՞ստ է անցնում քարոզարշավը:
-Իմ քարոզարշավը հանգիստ է ընթանում: Առանձին քաղաքական ուժեր լարում են իրավիճակը, մի քանի քարոզարշավների ընթացքում ընդհարումներ են եղել, նույնիսկ ֆիզիկական ուժի են դիմել: Ես կարծում եմ, որ այդ ամենը վատ հետք է թողել բնակչության մոտ:
-Գործող քաղաքապետի աշխատանքից գո՞հ եք:
-Գիտեք, ինքը նորմալ տղա է, ուղղակի երիտասարդ է: Բայց կարող եմ ասել, որ սոցիալական, տնտեսական ոլորտում աշխատանքներ կատարել է, վատ բան չեմ կարող ասել:

Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Յուրա Ունանյան
-Պարո՛ն Ունանյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը: Շանսեր ունե՞ք ընտրվելու:
-Ընթացքը բավարար եմ գնահատում: Ժողովրդի շփումներից էլ տեսնում եմ, որ համակրանքն իմ կողմն է:
-Ի՞նչ խնդիրներով են ամենից շատ դիմում: Ի՞նչ խոստումներ եք տալիս ընտրողներին:
-Ամենաշատը խմելու եւ ոռոգման ջուր, ճանապարհներ: Իմ ծրագրերը շատ-շատ են, նպատակն այն է, որ պետք է մարդկանց մինիմում կարիքները բավարարենք՝ մեր ունեցած հնարավորությունները հաշվի առնելով: Պետք է բավարարել մարդկանց խմելու ջրի պահանջը, որն ամենակարեւորն է:
-Ինչո՞ւ որոշեցիք քաղաքապետ դառնալ: Նպատակը ո՞րն է:
-Նպատակն այն է, որ կանգնենք ժողովրդի կողքին եւ անենք ամեն ինչ, ինչ ձեռքի տակ հնարավորություն կունենանք, որպեսզի լուծենք խնդիրները:
-Քարոզարշավն ինչպե՞ս է ընթանում: Հայտնի է, որ գյուղերից մեկում Ձեր քարոզարշավի ընթացքում նույնիսկ միջադեպ է տեղի ունեցել:
-Ընդհանուր առմամբ հանգիստ է անցնում, բայց դեպքեր եղել են: Այնպես էլ չէ, որ լարված իրավիճակ համարենք դա: Գուրգումո գյուղում է միջադեպը եղել, բայց թեթեւ, ուղղակի իրար չեն հասկացել, այդքան բան: Ուրիշ նման միջադեպ չի եղել: Ես գիտեմ, որ այդ միջադեպի մասով քրեական գործ է հարուցված, պարզ կդառնա, թե ինչից է առաջացել միջադեպը:

 

 

 

ԲԱ ՈՐ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ ԽՈՍԵ՞Ն ԾԵԾԻ ՄԱՍԻՆ

ԱԺ «Ելք» խմբակցությունը երեկ պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը՝ նախորդ շաբաթ պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասները քննելու համար: Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամին ընդդիմադիր խմբակցության անդամները չբացառեցին, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը պետք է քննարկի անգամ Արտաշեղ Գեղամյանին մանդատից զրկելու հարցը:

«Դուք ինքներդ տեսաք, որ ես հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց այդ միջադեպից հետո տեսանք, որ ՀՀԿ-ն դրա շուրջ լուրջ հանդուրժողական մթնոլորտ է փորձում ստեղծել եւ հստակ գնահատական չտալ տեղի ունեցածին»,- նշեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համաձայն չէ, որ իրենց կողմից համապատասխան արձագանք չի եղել: «Ես նորմալ եմ ընդունում այդ հանձնաժողովի ստեղծումը, քանի որ դա յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է: Ինձ թվում է, որ այդտեղ երկկողմ ասելիքներ կլինեն: Հանրապետականներն անմիջապես արձագանքել են միջադեպին: Նորից կրկնեմ մեր գնահատականը, որ անթույլատրելի են նման դեպքերը», – նշեց Բաղդասարյանը:
Պարզվում է՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը եւս հանգիստ է վերաբերվում էթիկայի հանձնաժողովում իրեն առնչվող էթիկայի խախտմամբ հարցը քննարկելու հեռանկարին: Համենայնդեպս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, թե անհանգստանալու որեւէ պատճառ չունի:
-Պարո՛ն Գեղամյան, ինչպե՞ս եք վերաբերվում «Ելք» խմբակցության նախաձեռնությանը:
-Շատ նորմալ, թող ստեղծեն:
-Իրենք բարձրացնելու են նույնիսկ Ձեզ մանդատից զրկելու հարցը:
-Իսկականից հաջողություն եմ ցանկանում իրենց այդ սխրալի գործում: Ես դեմ չեմ, որովհետեւ կբացահայտվի դիմացի կողմի ով լինելը, իրական ինչ լինելը:
-Բայց ականատեսներ կան, որոնք կարող են պատմել տեղի ունեցածը, ինչը այնքան էլ Ձեր շահերից չի բխում: Անհանգստանալու խնդիր չունե՞ք:
-Ավելի լավ, որ ականատեսներ կան, շատ ավելի լավ: Բացարձակապես չի բացահայտվի այնպիսի բան, որը կարող է ինձ վնասել: Արդարությունը հաղթանակել է այդ օրը: Իսկականն է, թող անպայման այդ քայլին դիմեն իրենք, բայց արդյունքների համար հետո թող մեղավոր միայն ու միայն իրեն համարի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին խորհրդարանում բախում էր տեղի ունեցել պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: ԱԺ նիստերի դահլիճում լեզվակռվից հետո երկու պատգամավորները հանդիպել էին արդեն միջանցքում, եւ զրույցն ավարտվել էր փոխադարձ ծեծկռտուքով՝ ոտքերով, ձեռքերով, հայհոյանքներով:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԿԱՐՁԱԳԱՆՔԵՆ
Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իշխող ՀՀԿ-ն թեկնածուներ ունի գրեթե բոլոր վայրերում եւ պաշտպանելու է կոնկրետ անձանց: Սակայն ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Գեղարքունիքի մարզի խոշորացված Վարդենիս համայնքում ՀՀԿ-ն որեւէ մեկին չի սատարելու եւ դաշտը թողնելու է ազատ՝ ում ժողովուրդը կընտրի սկզբունքով: Չնայած դրան՝ Վարդենիսի գործող քաղաքապետ, ՀՀԿ Վարդենիսի կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանը շրջանային կառույցի նիստ է արել եւ իրեն առաջադրել՝ որպես ՀՀԿ թեկնածու: Թեեւ Թադեւոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ հարցը համապատասխան արձագանք կստանա, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ցանկում գրված է, որ Խլոյանն առաջադրվել է հենց ՀՀԿ-ի կողմից: Ի վերջո, ո՞ւմ է ՀՀԿ-ն սատարելու Վարդենիսում. հարցին ի պատասխան՝ Ռ. Թադեւոսյանը նշեց. «…Այդ առումով ոչինչ չի փոխվել: Եւս մեկ անգամ ես վերահաստատում եմ, որ Վարդենիս համայնքում որոշել ենք ազատ մրցակցություն ապահովել: Խորհուրդ եմ տալիս համբերել. Խլոյանի արարքի շուրջ համապատասխան արձագանքը կհրապարակվի»:

 

 

ԽԱՆԴՈ՞ՒՄ Է
Օրեր առաջ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղում տրվեց ԱԻ նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման մեկնարկը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բացման արարողությանը մասնակցել են նաեւ ԱԻՆ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ Գագիկ Կիրակոսյանը ու եւս մի քանի հոգի: Ու պարզվում է՝ ԱԻՆ աշխատակիցների համար ճակատագրական է եղել այդ մասնակցությունը: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին դուր չի եկել այդ արարքը, նա բոլոր մասնակիցներին հրահանգել է աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԻ նախարարի մամլո խոսնակ Նանա Գնդոյանի հետ, սակայն վերջինս տեղեկացրեց, որ Գագիկ Կիրակոսյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Իսկ մյուս ազատված աշխատողների մասով ասաց. «Դրանք ստահոդ լուրեր են, նենգ շահարկումներ են: Ոչ ոք այդ պատճառով աշխատանքից չի ազատվել»:

 

 

ԸՆԴԴԵՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲՈՐ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» ԲԿ-ն շարունակում է ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալ, ու չի բացառվում՝ կանգնի փակման վտանգի առջեւ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲԿ-ի աշխատակիցները աշխատավարձը չստանալու համար դիմել են դատարան: Հիմա էլ հերթը հասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Տեղեկացանք, որ ՓԲԸ-ն այս տարվա օգոստոսին դիմել է դատարան եւ ԲԿ-ից պահանջում է 8 միլիոն 752 հազար 31 դրամ: Դատարանը պարտավորեցրել է հիվանդանոցին վճարել «Գազպրոմ Արմենիա»-ին՝ օգտագործած գազի համար:

 




Լրահոս