ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋՈՒՄ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- Բաքվում կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հատկանշական է փաստը, որ այս հայտարարություններն Ալիեւն արել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցից հետո, երբ վերջիններս հայտարարեցին, թե երկու երկրների նախագահները պատրաստակամ են վերսկսել խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները:

Թե ինչ նախապայմանների մասին է ակնարկում Ալիեւը, դժվար չէ ենթադրել. նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Այս ողջ ընթացքում Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է գնալ այդ քայլին՝ փոխարենը ամենատարբեր ատյաններից Ադրբեջանին մեղադրելով բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ: Այդ հարցը եւ այս տարվա հուլիսին Բրյուսելում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ հանդիպումների ժամանակ բարձրացրել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ իրենց հայտարարություններում Ադրբեջանին մշտապես հիշեցրել են պայմանավորվածությունները կատարելու մասին: Բայց ապարդյուն: Ադրբեջանը հակառակ իր իսկ խոստումների՝ որեւէ քայլ չարեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու ուղղությամբ:
Պարզ էր նաեւ նրանց այդ պահվածքի պատճառը, եւ այդ մասին այս տարվա հուլիսին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում բավական անկեղծ խոսել էր Սերժ Սարգսյանը՝ նշելով. «Իհարկե, իրենք ունեն իրենց բացատրությունը, եւ Ադրբեջանի ղեկավարությունն իրենց՝ այդ քայլին չգնալը բացատրում է նրանով՝ քանի որ հայկական կողմը չի գնում զիջումների, եւ եթե ստեղծվում են այդ մեխանիզմները, նշանակում է՝ այդ մեխանիզմները կնպաստեն ստատուս-քվոյի հավերժականացմանը: Նրանց մոտեցումներն այդպիսին են, դրա համար այդ պրոցեսը փակուղի է մտել, ձգձգվում է: Ամեն անգամ Մինսկի խմբի համանախագահներն այդ պահանջները ներկայացնում են, եւ ամեն անգամ Ադրբեջանն ինչ-որ մի պատրվակով հրաժարվում է»:
Ու հիմա, երբ Ադրբեջանի նախագահը խոսում է բանակցային գործընթացն առանց նախապայմանների վերսկսելու մասին, նշանակում է՝ Հայաստանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են որոշել հրաժարվել շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններից՝ այդպես փորձելով խթանել բանակցային գործընթացը: Պատահական չէ, որ այս տարվա սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ արդեն որեւէ բառ ասված չէր Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Ըստ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրության՝ «խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում ներկայիս իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղիներ գտնելը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում նախապատրաստելը»:
Այս դեպքում կարելի է ենթադրել, որ Հայաստանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համաձայնել են նման զիջումների գնալ՝ փոխարենը ստանալով հավաստիացումներ առ այն, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ լուրջ բեկում կմտցվի բանակցություններում, ինչու չէ՝ կստորագրվի նաեւ նախնական փաստաթուղթ, այլապես կշարունակեին պնդել ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելու մասին:
Չի բացառվում, որ այս հայտարարություններով Ալիեւը պարզապես դիմել է բլեֆի՝ այդպես «հաղթողական կեցվածք» ընդունելով եւ ներքին լսարանի մոտ արդարանալով, թե ինչու է համաձայնել հանդիպել Սերժ Սարգսյանին:
Մինչ այդ նկատենք, որ ՀՀ իշխանությունները երեկ այդպես էլ չմեկնաբանեցին Ալիեւի հայտարարություններն ու չհստակեցրին՝ Հայաստանն ի՞նչ նախապայմաններից է հրաժարվել, եւ արդյո՞ք սա նշանակում է, որ չեղարկվել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Համենայն դեպս, սա այն դեպքն է, երբ ՀՀ իշխանությունները պետք է ազնիվ գտնվեն ու պարզաբանումներ տան, որքան էլ այդ ամենը անցանկալի լինի:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին: Սակայն նա ասաց, որ մեկնաբանություններ լինելու դեպքում իրենք այն կհրապարակեն /ենթադրվում է՝ դա կլինի արդեն այսօր/:
Հ.Գ. Ի դեպ, երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոինկինը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Նալբանդյան-Մամեդյարով վերջին հանդիպման մասին համանախագահների հայտարարության մեջ որեւէ խոսք չկար ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում ձեռքբերված, ապա Սանկտ Պետերբուրգում վերահաստատված պայմանավորվածությունների կյանքի կոչման մասին, արդյո՞ք սա նշանակում է, որ դրանք մոռացվել են, ասել է. «Ես չեմ կարծում, որ այդ պայմանավորվածությունները մոռացված են: Ինչպե՞ս կարելի է մոռացության մատնել լուրջ պայմանավորվածությունները, խոսքը վստահության մեխանիզմների վերականգնման, շփման գծում վերահսկողություն իրականացնելու մասին էր: Այս հարցերը միշտ կմնան ջրի երեսին, դրանք չեն մոռացվի»,- շեշտեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:
«Ժողովուրդ» օրաթերթին էլ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 11-ին Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հավաք, որին կմասնակցեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Եւ ենթադրվում է՝ այդ հանդիպման ժամանակ որոշակի անդրադարձ կլինի նաեւ ԼՂ խնդրին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՉԵՆ ԳՆՈՒՄ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը կարծես թե ոչ ոքի չի «գրավում»: Բանն այն է, որ երեկ նախարարության շենքի աճուրդն էր, սակայն այն չի կայացել գնորդ չունենալու պատճառով: Թե երբ կրկին վաճառքի կհանվի գերատեսչության «տունը մնացած» շենքը, դեռեւս հայտնի չէ: Բայց նախարարության վաճառքի հանված շենքի մեկնարկային գինը կազմում է 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ: Տեղեկացնենք, որ այս տարվա օգոստոսի 3-ին կառավարությունը որոշում էր կայացրել օտարել նշված գերատեսչության հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երեւանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող, 7809.9 քմ մակերեսով շենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող ավելի քան 2520 հա հողամասը: Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ շենքը ցանկանում էր գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցչության գլխամասային գրասենյակը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հարեւանությամբ` նույն շենքում է: Ինչպես հայտնի է` Վահան Մարտիրոսյանը մինչեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվելը, «Ռոստելեկոմ»-ի հիմնադիրն էր: Թե ինչն է հիասթափեցրել ընկերությանը շենքը չգնելու հարցում, անհայտ է:

 

 

ՀԱՑԱԴՈՒԼ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Նորք-Մարաշի «հանցավոր խմբի» գործով մեղադրյալի աթոռին հայտնված Հարություն Սարիբեկյանը, որ հայտնի է Զիմ մականունով, հացադուլ է հայտարարել: Այդ ակցիայի նպատակը իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի եւ առհասարակ առաջադրված մեղադրանքի դեմ պայքարն է: Ի դեպ, տեղեկացանք, որ նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հենց այն նույն խուց, որտեղ գտնվում է Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը: Ի դեպ, Ներսես Պողոսյանը եւս հացադուլի մեջ է:

 

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ
Հոկտեմբերի 30-ից խորհրդարանում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Առաջին նիստին անձամբ կմասնակցի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով հիմնական առաջնահերթությունները, որից հետո նախագիծը կքննարկվի տարբեր հանձնաժողովներում: 2018 թվականի բյուջեի նախագիծը կառավարությունը հաստատել էր նախորդ շաբաթ, որի ժամանակ պարզ դարձավ, որ այս անգամ եւս կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Եվ չնայած 2015 թվականի բյուջեի նախագծից սկսած դրանք չեն բարձրանում, սակայն դրա փոխարեն ՀՀ քաղաքացիներն ականատես են լինում տարբեր ապրանքախմբերում գնաճի: Թե այդքանից հետո ինչպես պետք է ապրեն քաղաքացիները, իշխանությանն ընդհանրապես չի անհանգստացնում:

 

 

ԱՆԱԿՆԿԱԼ ՉԷՐ
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահի հրաժարականը, նշել է, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականն անակնկալ չէր, պարզ էր, որ նա պետք է հեռանար: «Լավ կլիներ, եթե ԵԽԽՎ-ն որոշակի հետազոտություն սկսի, թե ինչ ծագումնաբանություն ունեն այն որոշումները, որ, ի վերջո, խթան դարձան քառօրյա պատերազմի համար»: Ըստ նրա` այն ժամանակ ասվում էր, որ նման որոշումներով Ադրբեջանը փորձում է հիմք ստեղծել պատերազմական գործողությունները վերսկսելու համար: Դիտարկմանը, որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ վճիռներն անտեսելու պատճառով հնարավոր է՝ ԵԽ-ից Ադրբեջանի հեռացման գործընթաց սկսվի, Ն. Փաշինյանը պատասխանել է, որ ավելի շատ պետք է աշխատել ՄԻԵԴ վճիռները Ադրբեջանին կատարել պարտադրելու ուղղությամբ:

 

 

ԱՀԵԼՆ ՈՒ ՋԱՀԵԼԸ
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին: «Նման միջադեպերը ոչ միայն դատապարտելի են, այլ կարող եմ ափսոսանք հայտնել, որ մարդիկ կարող են դառնալ չափազանց կանխատեսելի: Մի ջահելի եւ ահելի պատմություն էր, մնացածը, կարծում եմ, մեր կանոնակարգը հնարավորություն տալիս է հարցին անդրադառնալ իրավական տեսանկյունից»,-նշել է Ա. Վարդանյանը:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
Սոչիում այսօր կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Ռուսաստան: Հիշեցնենք, որ ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարները մասնակցում են այսօր կայանալիք նիստին, որում կքննարկեն փոխգործակցության հարցերը ռազմական եւ հումանիտար ոլորտներում: Նիստի օրակարգում ներառված է 18 հարց, որոնք համագործակցության ուղղությունների լայն սպեկտր են ընդգրկում ԱՊՀ-ի շրջանակներում:

 




Լրահոս