ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չարիքի պետությունների շարքում Հյուսիսային Կորեայի կողքին ներկայացրեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա էլ այն դեպքում, երբ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ գործում է միջուկային համաձայնագիրը, որին, ի դեպ, միանգամայն դեմ է Թրամփը: Եվ ահա վերջին օրերին համառ տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ Թրամփը պատրաստվում է չեղարկել այդ համաձայնագիրը: Դեպքերի այդպիսի զարգացումը չափազանց անցանկալի կլինի Հայաստանի համար:
Թրամփը դեռ նախընտրական շրջանում էր ամեն առիթի դեպքում հայտարարում, որ Իրանի հետ Օբամայի կնքած համաձայնագիրը խիստ վատն է, եւ նախագահ դառնալուն պես անմիջապես չեղարկելու է այն: Այս օրերին ԱՄՆ իշխանության ներսում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում պայմանագրի չեղարկումը գոնե քաղաքականապես հիմնավորելու համար: Այդ կապակցությամբ Թրամփի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական ՄըքՄասթերը մի խումբ դեմոկրատ սենատորների հրավիրել էր Սպիտակ տուն՝ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայտնի է, որ Օբամայի վարչակազմի կնքած համաձայնագիրը վայելում է դեմոկրատների աջակցությունը եւ դրա չեղարկման ամենամեծ ընդդիմախոսությունը սպասելի է առաջին հերթին նրանցից: Ամերիկյան լրատվամիջոցներին հասու տարբեր աղբյուրներ փոխանցում են, որ ՄըքՄասթերն ինքն էլ այնքան խանդավառված չի եղել համաձայնագրի չեղարկմամբ: Ըստ տեղեկատվության՝ հանդիպումը նախաձեռնելիս նա նպատակ է ունեցել լուրջ հիմնավորումներ գտնել համաձայնագրի չեղարկումը կասեցնելու համար: Թեպետ խորհրդականը երբեք չի ակնարկել, որ համամիտ չէ նախագահի դիրքորոշման հետ, սենատորների հետ զրույցում արձանագրել է, որ իրեն համոզելու կարիք չկա: Բայց եւ այնպես, CNN-ի աղբյուրները փոխանցում են, որ դեմոկրատ սենատորները ճիշտ չեն ընկալել հանդիպման տրամաբանությունը, քանզի ՄըքՄասթերը ոչ միայն Թրամփի իրանյան քաղաքականության մշակողն է, այլեւ համակարգում է դրա համար ստեղծված մի ամբողջ խումբ: Նրա նպատակն է առնվազն լրջորեն վերանայել համաձայնագիրը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ օրերս Թրամփը հայտարարելու է Իրանի հետ միջուկային համաձայնագրի չեղարկման մասին: Սակայն անգամ Թրամփի վարչակազմում միանշանակ դիրքորոշում չկա համաձայնագրի նկատմամբ: Օրինակ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, պատասխանելով սենատորներից մեկի հարցին, թե արդյոք ԱՄՆ ազգային անվտանգության շահերից է բխում համաձայնագրի պահպանումը, դրական պատասխան էր տվել: Խնդիր է առաջանում նաեւ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ, որը անգամ Հս. Կորեայի դեպքում է կողմնակից դիվանագիտական ճանապարհով հարցերի լուծմանը: Իսկ վերջին սկանդալը Թիլլերսոնի անվան շուրջ է՛լ ավելի է լարում պետքարտուղարի ու նախագահի հարաբերություններն ու խճճում իրանյան համաձայնագրի շուրջ վարչակազմի միասնական դիրքորոշումը: Մինչեւ հոկտեմբերի 15-ը Թրամփը պարտավոր է ԱՄՆ Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել եւ հայտնել՝ արդյոք Իրանը կատարում է իր պարտավորությունները, թե ոչ: Հաշվի առնելով Թրամփի տրամադրվածությունն ու իր համոզմունքները մինչեւ վերջ պնդելու հակումը՝ հազիվ թե նա հակասի նախկին հայտարարություններին: Առավել հավանական է, որ նա կհայտարարի համաձայնագրի չեղարկման մասին, ինչպես Կուբայի դեպքում, սակայն չի վերականգնի նախկին պատժամիջոցները: Այսժամ ԱՄՆ-ն խնդիրներ կունենա նաեւ իր դաշնակիցների հետ, քանզի Իրանի միջուկային համաձայնագիրը կնքվել էր Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի ու Եվրամիության մասնակցությամբ: Հազիվ թե մյուս տերություններից որեւիցե մեկը հետեւի Թրամփին, իսկ այդ դեպքում ԱՄՆ-ն կմնա մեկուսացած: Ընկած լինելով Օբամայի բոլոր հաջողությունները մեկիկ-մեկիկ կոտրատելու անիմաստ տենդի մեջ՝ Թրամփը չի էլ նկատում, որ աստիճանաբար մեկուսացնում է Միացյալ Նահանգները՝ անվստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերելով: Ամերիկյան համաշխարհային առաջնորդությունը տարիների ընթացքում ոչ այնքան պահպանվել է ուժի միջոցով, որքան պետության ստանձնած պարտավորությունների հետեւողական հարգման ճանապարհով, երբ փոխվում էին նախագահները, սակայն ոչ պետության ռազմավարությունը: Թրամփը այստեղ էլ օրիգինալ է, սակայն չկարողանալով այլընտրանք գտնել՝ պարզապես ոչնչացնում է նախորդների հաջողությունները՝ ձեռքը կրկին տանելով պատերազմի կոճակին:
Երբ կնքվեց Իրանի միջուկային համաձայնագիրը, պալատական ներբողները ճամարտակում էին հայ-իրանական համագործակցությամբ սարեր շուռ տալու մասին, այնինչ՝ չափազանց ակնհայտ էր, որ քանի դեռ Սերժ Սարգսյանի ռուսական կախվածությունը գոյություն ունի, հայ-իրանական գործակցության մասին խոսելն ավելորդ է: Այդուհանդերձ, թեեւ Հայաստան-Իրան հարաբերությունները գործնականում չվերափոխվեցին, եւ Հայաստանը սրբորեն չօգտվեց Իրանի բացված շնչառությունից, ամերիկյան ճնշումը հայ-իրանական հարաբերությունների վրա այլեւս առաջվանը չէր: Իսկ նախկինում իրավիճակը չափազանց վտանգավոր էր նույնիսկ այն աստիճան, որ Սերժ Սարգսյանը ամերիկացիներից թույլտվություն էր խնդրում՝ Իրանին ժամկետանց զենք վաճառելու համար, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիազ Ռայսի առաջ արդարանում, որ Իրաքում Հայաստանի միջոցով Իրանին վաճառված զենքից չեն սպանվել ամերիկացի զինվորները: Իրանի հետ միջուկային համաձայնագրի չեղարկման դեպքում ԱՄՆ-ի կառավարող վերնախավը կրկին հիվանդագին կեցվածք է որդեգրելու Իրանի հետ առնչվող ցանկացած հարցում: Եթե հույս կար, որ գոնե մի ինչ-որ պահի Հայաստանը կկարողանար սողոսկել ռուսական սրատես աչքից ու ապավինելով ամերիկացիների հանդուրժողականությանը՝ լրջորեն գործակցեր Իրանի հետ, դա էլ աստիճանաբար ի չիք է լինում: Թրամփը, այսպիսով, իր գործողություններով անուղղակիորեն սպանում է նաեւ Հայաստանի հնարավոր այլընտրանքները:
Ու այդ ֆոնին անչափ հետաքրքիր են ՀՀ վարչապետի այցը Իրան եւ արձանագրված արդյունքները:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀՀԿ-Ն «ԴԱԲՐՈ» ՉԻ ՏՎԵԼ
Նոյեմբերի 5-ին կկայանան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու, ինչպես նաեւ Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններ:
Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բերդ համայնքի ղեկավարի 4 թեկնածու է առաջադրվել՝ Բերդի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ, 1965թ. ծնված Հարություն Մանուչարյանը, Արծվաբերդի անտառտնտեսութան տնօրեն, ՀՀԿ անդամ, 1958թ. ծնված Ավետիք Ադամյանը, Արծվաբերդ համայնքի ղեկավար, անկուսակցական, 1983թ. ծնված Կարեն Շահնազարյանը, Այգեձոր համայնքի ղեկավար, անկուսակցական, 1968թ. ծնված Սասուն Սաֆարյանը: Բերդ համայնքի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է ավագանու 40 թեկնածու:
Նոյեմբերյանում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ Աչաջուր համայնքի ղեկավարի 4 թեկնածու է առաջադրվել՝ Աչաջրի գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1957թ. ծնված Կամո Ղալթախչյանը, Աչաջրի նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1967թ. ծնված Տաթեւ Գասպարյանը, «Կարեն Ղալթախչյան» ԱՁ տնօրեն, ՀՀԿ անդամ, 1978թ. ծնված Կարեն Ղալթախչյանը եւ ՀՅԴ անդամ, ներկայումս չաշխատող, 1985թ. ծնված Սեւադա Ղուկասյանը:
Հավելենք, որ Տավուշի մարզում համայնքի ղեկավարի բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնառաջադրմամբ, հանրապետականները թեժ պայքար կմղեն իրար դեմ, քանի որ ՀՀԿ-ն իր անդամ որեւէ թեկնածուի «դաբրո» չի տվել եւ չի սատարելու:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը. «Մենք հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի նրանք կարողանան ժողովրդին ներկայանալ, իրենց ծրագրերը հավանության արժանան ժողովրդի կողմից, եւ ընտրվի նրանցից արժանավորը»: Ըստ ՀՀԿ վերադաս՝ գործադիր մարմնի որոշման՝ մի շարք համայնքներում կուսակցությունը որեւէ մեկին չի սատարելու: Դաշտը ազատ է թողնված: Այդ համայնքներն են՝ Ալագյազ խոշորացված համայնքն Արագածոտնում, Ծաղկալանջն Արմավիրում, Գեղարքունիքի մարզում Վարդենիս համայնքը, Շիրակամուտն ու Մեծավանը Լոռիում, Գլաձորը Վայոց ձորում եւ Բերդն ու Աչաջուրը Տավուշի մարզում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
«ՊՈԲԵԴԱ»-Ի ԱՎԻԱՏՈՄՍԵՐՆ ԱՅԼԵՎՍ 10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՉԵՆ
Դեռ 2016 թվականի տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, դա տեւեց ընդամենը մի քանի օր: Եւ ընկերությունը Հայաստանում կարճ ժամանակահատված գործելուց անմիջապես հետո զգալի թանկացրեց ավիատոմսերը: Նշենք, որ ավիաընկերությունը առաջարկում է 3 սակագին` ստանդարտ, պլյուս եւ պրեմիում:
Օրինակ՝ այսօրվա` հոկտեմբերի 10-ի՝ Գյումրիից Մոսկվա ուղղության ստանդարտ ավիատոմսը բյուջետային ավիաընկերությունը վաճառել է 98 հազար 200 դրամով: Նույն օրվա Գյումրի-Մոսկվա ուղղության պլյուս սակագինը կազմում է 107 հազար 241 դրամ, իսկ ահա պրեմիում սակագինը կազմում է մոտ 140 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը ընկերության պաշտոնական կայքէջում փոքրիկ ուսումնասիրություն կատարելուց հետո պարզեց, որ հոկտեմբերի 12-ի դրությամբ ստանդարտ սակագինը Գյումրիից դեպի Մոսկվա կազմում է մոտ 87 հազար դրամ: Պլյուս սակագինը նույն օրվա համար ընկերությունն առաջարկում է 96 հազար դրամ, պրեմիումը` 128 հազար 200 դրամ: Նշված սակագները պահպանվելու են նաեւ հոկտեմբերի 14-ին: Ճիշտ է՝ ընկերությունը հոկտեմբերի 19-ին փոքր-ինչ ցածր սակագնով է առաջարկում ավիատոմս, բայց ոչ 10 հազար դրամի սահմաններում, ինչպես խոստացել էր. նույն օրը ստանդարտ սակագինը կազմում է 63 հազար 400 դրամ, ապա պյուսը` 72 հազար 500 դրամ, պրեմիումը` 104 հազար 643 դրամ:
Հիշեցնենք, որ «Պոբեդա» ավիաընկերությունը պատկանում է «Աէրոֆլոտ» խմբին: Այսինքն՝ «Պոբեդա»-ն «Աէրոֆլոտ»-ի լոու-քոստերն է` էժան թռիչքներ իրականացող կամ բյուջետային ավիաընկերությունը: Բայց նշված լոու-քոստերը Հայաստանում իր գործունեության ընթացքում երբեւէ 10 հազար դրամով ավիատոմս չի վաճառել:
Փաստորեն ռուսական «Աէրոֆլոտը» մոնոպոլիզացրել է Հայաստանի երկինքը` իշխանությունների կողմից վարվող «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում: Մնացած բոլոր ավիաընկերություների համար «օդը» կամաց-կամաց «փակվում է»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ