Ամիսներ առաջ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն նշանակվեց Վարդան Մկրտչյանը: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է՝ ինչ հանձնարարականներ է նա իր առջեւ դրել, ինչ փոփոխություններ է ձեռնարկել թատրոնում, կառույցի ներսում կան արդյոք երեւույթներ, որոնցից տնօրենը փորձում է ամեն գնով ազատվել։
-Պարո՛ն Մկրտչյան, թատրոնում ի՞նչ խնդիրներ կան, որոնք ենթակա են առաջնահերթ լուծման։
-Ես այն մարդկանցից չեմ, որոնք ուզում են ամեն գնով արագ արդյունքի հասնել։ Թատրոնի խնդիրները վայրկենական չեն կարող լուծվել։ Իմ առջեւ դրված խնդիրներից գլխավորը թատրոն-հասարակություն կապի առողջացումն է, ժամանակի պահանջների ու հրամայականների համար ադեկվատ խողովակ ունենալը։ 21-րդ դարը դրա համար տալիս է բազմաթիվ մեխանիզմներ ու գործիքներ։ Ես հույսս դրել եմ ժողովրդի վրա, փորձելու եմ հանրության մեծ մասին տեղյակ եւ արթուն պահել ստեղծագործական պրոցեսներից։ Ժողովուրդը լավագույն ֆիլտրն է, նա կկարողանա ընտրել որակյալ պրոդուկտը։
-«Մայր թատրոն» որակումը, համաձայնեք, պարտավորեցնող է։ Թատերագետները հաճախ են առաջ քաշում այն հարցը, որ ազգային դրամատուրգիան հարկավոր է ներկայացնել նորովի՝ զուգահեռաբար զարկ տալով նոր ասելիքով ներկայացումներ բեմադրելուն։
-Դուք կարո՞ղ եք հաշվել, թե Շեքսպիրի «Համլետը» քանի անգամ է բեմադրվել.՝ բազմաթիվ, բայց չէ՞ որ այն չի կորցնում իր արդիականությունը։ «Մեծապատիվ մուրացկաններն», օրինակ, կարելի է բեմադրել հարյուր անգամ, եթե այն ինքն իրեն չի սպառում։ Նույնը վերաբերում է «Պեպոյին»։ Վերջինս բավական պինդ ողնաշար ունի, եւ որեւէ թատերագետ չի կարող ինձ հակառակը համոզել։
-Հարցն այս պարագայում ոչ թե ինչն է, այլ ինչպեսը։
-Այո՛, մտածողության թարմություն պետք է մտցնել թատրոն. սա անհերքելի բան է։ Առաջիկայում թատրոնում կտեսնեք երիտասարդ բեմադրիչների, որոնք հնարավորություն կունենան նոր մտածողություն բերել թատրոն։ Միակ բանը, որ թատրոնը կարող է անել, նման երիտասարդներին թատրոն հրավիրելն է, նրանց թիկունքին կանգնելը, հնարավոր միջոցներով ապահովելը։ Մնացածը պետք է իրենք անեն, մենք չենք ստեղծագործելու իրենց փոխարեն, ոչ էլ ստեղծագործական պարտադրանքներ ենք ունենալու։ Այդ պրոցեսը շարունակական է լինելու։ Արդյունքում մեկ ու կես տարի անց մենք էապես այլ թատրոն ենք ունենալու։ Վիզուալ առումով դուք շուտով կտեսնեք փոփոխություններ, նոր քաղաքականություն, նոր կայք, ֆեյսբուքյան նոր էջ։ Սրանք, իհարկե, փոքր նվաճումներ են, իսկ մեծերը երկար ժամանակ են պահանջում։
-Իսկ միջազգային փառատոների մասնակցելու, միջազգային ֆոնդերի դիմելու ծրագրեր ունե՞ք։
-Եթե մասնակցել, ապա այնպիսի փառատոնի, որի մասնակիցներից կարելի է սովորել. ինքնանպատակ, պարզապես «ծիտիկ» դնելու համար ոչինչ չենք անելու, միայն փորձի փոխանակման, մրցակցության ապահովման ներքին պահանջով։ Թե չէ մի քանի հոգով հավաքվում, հասարակական կազմակերպություն են բացում, մի երկու տեղից թատերախմբեր են հրավիրում, անունն էլ դնում են միջազգային փառատոն։
-Պարո՛ն Մկրտչյան, թատրոնում կա՞ն երեւույթներ, որոնցից կուզեք օր առաջ ազատվել։
-Ես աշխատում եմ, որ բոլոր աշխատակիցները թատրոնին մոտենան որպես իրենց սեփականության, ոչ թե որպես պետական, իրենցից դուրս օրգանիզմի, որից պետք է օգտվել, որի հնարավորությունները պետք է մսխել։ Բացի այդ՝ թատրոնի բոլոր անդամներով պետք է կիսենք գեղարվեստական ղեկավարի գաղափարները, եթե չենք կիսում, ավելի լավ է՝ հեռանանք։
-Ուզում եք ասել՝ Ձեր թատրոնը «տնօրինական» կառույց չէ՞, ինչպիսիք են Հայաստանի մի շարք թատրոններ, որտեղ գեղարվեստական ղեկավարի գործառույթները ստորադասվում են տնօրենի գործառույթներին։
-Մեզ «սպառնում» է անվերջ աշխատանքը։ Ես չեմ հանդուրժի պորտաբուծությունը, իսկ եթե տեսնում եմ աշխատանք, թեւ ու թիկունք եմ լինում աշխատողին։ Մենք մոտ 200 հոգանոց կազմ ունեցող թատրոն ենք, պատկերացրեք՝ ամեն մեկն այնպես աշխատի, որ իր ցուցադրած արդյունքի, ինչու ոչ պրոպագանդման շնորհիվ կարողանա 2-5 հոգի բերել թատրոն (իսկ դա շատ ռեալ է), մեր ետեւից հասնող չի լինի, հավատացե՛ք։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԱՍԱՑԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻՍ ՄԱՍԻՆ»
«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» խորագրով շարքը, որի շրջանակում պատմում ենք հայտնիների կյանքից անհայտ կամ քչերին հայտնի դրվագներ, անդրադառնում ենք նրանց սիրավեպի՝ ընթացք չստանալու պատճառներին։ Մեր զրուցակիցներն անկեղծանում են՝ ինչի՞ համար են ափսոսում, ի՞նչ կցանկանային վերադարձնել եւ ի՞նչ հարաբերություններ ունեն իրենց առաջին սերերի հետ։ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը երգիչ, երգահան Արթուր Ալեքն է։
«Առաջին անգամ սիրահարվել եմ դպրոցական տարիքում, բայց այդ աղջկան այդպես էլ չասացի այդ մասին, որովհետեւ նա ընկեր ուներ, ավելին՝ հիմա ամուսնացած է հենց այդ ընկերոջ հետ։ Բայց ես այդ հանգամանքը ծանր չեմ տանում, ամեն ինչ մնացել է անցյալում»,-նշեց երգիչը։
Նա համաձայն է այն կարծիքին, որ առաջին սերը երբեք չի մոռացվում, բայց հումորով է մոտենում այդ հարցին։ Արթուրի մոտ այդ տարիներից մնացել են միայն լուսավոր հուշեր։
«Ոչ ոք չգիտեր այդ մասին։ Ես միշտ էլ փակ մարդ եմ եղել, անձնականիս մասին ոչ ոքի հետ չեմ խոսել։ Մինչեւ հիմա էլ այդպիսին եմ»,-անկեղծացավ Արթուրը։
Նա նշեց, որ առաջին սիրո պատմությունը տեւել է 3-4 տարի։ Հարցին, թե եղել է արդյոք մեկը, ով հանել է իրեն այդ «ճգնաժամից», Արթուրը պատասխանեց.«Ոչ, ես այդ վիճակից դուրս եկա միայնակ եւ պատվով։ Տարիներ անց հանդիպել եմ նրան։ Այդ աղջիկն, իհարկե, մինչեւ հիմա էլ չգիտի իմ ունեցած զգացմունքների մասին»։
Մենք հետաքրքրվեցինք՝ Արթուրը սիրելիին երգ նվիրել է, թե ոչ.«Ո՛չ, չի եղել նման բան։ Ասում են՝ մինչեւ չսիրես, չես կարող խորը զգացումներ արտահայտող երգ գրել կամ երգել, բայց ես այդ կարծիքին չեմ։ Եթե դու քո մեջ ունես այդ պոտենցիալը, ամեն բան կստացվի»,-ասաց մեր զրուցակիցը։
Արթուրի խոսքով՝ դրանից հետո լուրջ զգացմունք որեւէ մեկի նկատմամբ ինքը չի ունեցել, պարզապես ապրում է իր «բաժին» կյանքը, եւ եթե ճակատագրով սահմանված է, որ սերը պետք է մի օր թակի իր դուռը, երգիչը պատրաստակամ է ընդունել այդ նվերը.«Կար ժամանակ, որ ինքս ինձ ասում էի՝ մեծ տղա ես, պետք է սիրահարվես, բայց հիմա այդպես չեմ կարծում, ապրում եմ այսօրվա օրով»,-եզրափակեց Արթուրը։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ