ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԱԶԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Երեւանում, այնուհետեւ Աշխաբադում Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ բավական մանրամասն քննարկումներ էին եղել թուրքմենական գազը Հայաստան ներկրելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի կեսերին գրել էր, որ Հայաստանի հիմնական գազ ներկրող ռուսների հետ փոխպայմանավորվածությունից հետո Սերժ Սարգսյանը Բերդիմուհամեդովի հետ խոսել է թուրքմենական գազը Պարսկաստանի տարածքով Հայաստան ներկրելու մասին, ընդ որում՝ առայժմ ոչ թե բնակչության սպառման, այլ երրորդ երկրներ արտահանելու նպատակով: Եւ ահա, մեր այս տեղեկությունները երեկ հաստատվել են պաշտոնապես. բայց հաստատել են ոչ թե հայ, այլ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները:
Այս օրերին Իրանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Եւ ահա Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, թե Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու եւ Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազը տեղափոխելու հարցերը: «Թուրքմենական գազը դեպի Հայաստան «սվոփ» եղանակով տեղափոխելու հարցը նույնպես քննարկվել է: Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ծրագրի իրականացմանը»,- ասել է նա: Զարմանալի է, թե ինչո՞ւ այս մասին չեն բարձրաձայնում հայ պաշտոնյաները, արդյո՞ք ռուսական կողմն է խոչընդոտներ ստեղծում, որ ստիպված ենք լինում բանակցությունների մասին մանրամասներ իմանալ երրորդ երկրներից:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատական հայց է ներկայացրել նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի դեմ: Պատճառը գույքահարկի պարտքն է: Քաղաքապետարանը պահանջում է դատական ճանապարհով Վարդան Ղուկասյանից բռնագանձել 359 հազար 341 դրամ գույքահարկը: Հայցն արդեն ընդունվել է վարույթ, իսկ դատավորն էլ Էդվարդ Նահապետյանն է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի մտերիմներից է: Մեկնաբանությունների համար դիմեցինք Վ. Ղուկասյանին, որը պնդեց, թե այդ գումարն արդեն վճարել է. «Յա, յա, յա, Դուք այդպես ուզում եք իմանալ, թե ես վճարել եմ կամ ինչու չեմ վճարել, բոլորն էլ մենք վճարել ենք»: Անհասկանալի մնաց, թե այդ դեպքում ինչու է քաղաքապետը դատարան մտել:

 

 

 

Պարզվում է՝ քարերի երկիր Հայաստանում քար ներկրելն ավելի ձեռնտու է, քան արդյունահանելը: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում կան բազալտի մի քանի հանքավայրեր: Սակայն դրանց շահագործելու իրավունք ունեցող գործարարների մի մասը գերադասում է քարի արդյունահանմամբ չզբաղվել: Նրանք պարզապես չեն շահագործում հանքը: Փոխարենը բազալտ են ներկրում հարեւան Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանից, որտեղ 3 անգամ էժան է բազալտը: Այս փաստը երեւում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ. այս տարի արտադրվել է 6 հազար 630 տոննա բազալտ: Ինչ վերաբերում է ներկրումներին, ապա «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստան Վրաստանի Հանրապետությունից ներմուծվել է 2 հազար 200 տոննա չմշակված բազալտ: Այսպիսով՝ Հայաստանում ինչ-որ բան արտադրելը օրեցօր դառնում է ոչ եկամտաբեր զբաղմունք:

 

 

 

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին, թե ապրիլին ՀՀ-ում սպասվող փոփոխությունները, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետների ավարտը ազդեցություն կունենա՞ն, արդյոք, ԼՂ խնդրի վրա, ասել է, թե կարճ ժամանակով time out է սպասվում: «Կարծում եմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում կոնսենսուս է առկա: Բայց բոլոր կանխատեսումներով, ինչպես էլ դասավորվեն իրադարձություններն իշխանության առումով, Ղարաբաղյան հարցն առանձնահատուկ նշանակություն կունենա: Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կհեռանա թատերաբեմից, նա կշարունակի պաշտոնավարել, սակայն ամեն դեպքում time out կլինի, քանի որ ղարաբաղյան հարցում բանակցությունների ժամանակը չի լինի: Այ, եթե Արցախը լիներ բանակցային կողմ, ինչ-որ բան կարելի կլիներ անել: Սակայն հիմա բանակցությունները դրված են միայն Բաքվի եւ Երեւանի վրա: Եթե Երեւանը ժամանակ չունի, Բաքուն ոչինչ չի կարող անել»,- նշել է նա:

 

 

 

ՊՂՏՈՐ ՄԹՆՈԼՈՐՏ
ԼՂ խնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեի հայտարարություններին Հայաստանը թեեւ ուշացումով, բայց արձագանքեց բարձր մակարդակով. Սերժ Սարգսյանի տեսակետը փոխանցեց նրա խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ Ալիեւը հայտարարել էր, թե Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է առանց նախապայմանների: Ու թեեւ նա չէր կոնկրետացրել՝ ի՞նչ նախապայմանների մասին է խոսքը, սակայն ակնհայտ էր, որ նկատի է ունեցել ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ պայմանավորվածությունները՝ շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման ուղղությամբ:
Ս. Սարգսյանի խոսնակի արձագանքն էմոցիոնալ էր. Ալիեւի հայտարարությունները որակելով սադրանք, մթնոլորտը պղտորելու փորձեր՝ նրան մեղադրել է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին խաբելու մեջ՝ շեշտելով, որ դա խայտառակություն է, նաեւ հիշեցրել է Բաքվի կոռուպցիոն սկանդալների մասին միջազգային մամուլի բացահայտումները: Բնականաբար, այս ամենն արվել է տարբեր մակդիրների եւ էպիտետների կիրառմամբ: Իսկ «նախապայմաններից Հայաստանի հրաժարվելու» բուն հայտարարության մասին Սարգսյանի խոսնակը նշել է. «Բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որեւէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից: Եթե միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումն է Ադրբեջանը համարում մեր կողմից առաջ քաշված նախապայման, ապա բոլորը գիտեն, թե ինչ են այս կապակցությամբ բազմիցս հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, եւ նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն»:
Այլ կերպ ասած՝ Հայաստանը հերքում է, որ հրաժարվել է շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման ուղղությամբ պայմանավորվածություններից: Միայն թե, հետաքրքիր է, ինչո՞ւ Նյու-Յորքում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մեջ որեւէ բառ չկար այդ պայմանավորվածությունների մասին. համանախագահները, որ պարբերաբար հայտարարում էին մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին, այս անգամ նման պնդում չէին հնչեցրել: Եվ կարծես թե այդ թեմային չէին անդրադարձել նաեւ Նալբանդյանն ու Մամեդյարովը:

 




Լրահոս