ԲՅՈՒՋԵՆ՝ ՁԱԽՈՂՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա պետական բյուջեն թերակատարման վտանգի առաջ է. այդ են հուշում հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշները:

2017թ. բյուջեի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 135 մլրդ դրամը լինելու են միայն հարկային եկամուտներն ու պետական տուրքերը: Սակայն նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին նորանշանակ կառավարությունը, ոգեւորված իր սկզբնական հաջողություններով, ճշգրտել էր ցուցանիշները՝ բարձրացնելով բյուջեի եկամուտների հավաքագրման նշաձողը՝ ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշումը: Ըստ այդմ, տարեկան ճշտված պլանի համաձայն՝ 2017թ. պետական բյուջեում միայն հարկային եկամուտներն ու պետական տուրքերը սահմանվեցին 1 տրիլիոն 200 մլրդ 705,9 մլն դրամ: Ցուցանիշ, որն այս կառավարությանը հազիվ թե հաջողվի ապահովել մինչեւ տարեվերջ:
Բանն այն է, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 835 մլրդ 136,5 մլն դրամ: Սա այս տարվա բյուջեի ծրագրված հարկային եկամուտների 73.5 տոկոսն է, ճշգրտված ցուցանիշի՝ 69.5 տոկոսը: Ու, փաստորեն, մինչեւ տարեվերջ իշխանությունները դեռ պետք է հավաքագրեն հաստատված պլանով՝ 299.8 մլրդ դրամ, ճշգրտված պլանով՝ 365 մլրդ 569 մլն դրամ:
Կառավարությունն, իհարկե, վարչապետ Կարեն Կարապետյանի «դմփոց-ռեֆորմների» մասին հայտարարությունների ազդեցության տակ կփորձի համոզել, թե հունվար-սեպտեմբեր ամսիների հավաքագրման ցուցանիշները նախորդ տարվա համեմատ ավելացել են 6,5 տոկոսով, այսինքն՝ իրենք այս ընթացքում աշխատել են գերազանց ու նույն տեմպերը պահպանելու են մինչեւ տարեվերջ: Սակայն եթե հիշենք, թե 2016թ. առաջին եռամսյակում ինչպիսի ողբալի վիճակում էր բյուջեի հավաքագրման մակարդակը, ապա բնական է, որ համեմատության մեջ այս տարի, եթե իրադարձությունները հակառակ հունով չընթանային, մեծ, նույնիսկ շատ մեծ աճ պետք է արձանագրվեր: Այլ կերպ ասած՝ սա ոչ այնքան գործող կառավարության հաջողությունն է, որքան նախորդի ձախողումների հետեւանքը:
Այնպես որ, Կարեն Կարապետյանի կառավարությունը դեռ ապացուցելու տեղ ունի. կկարողանա՞ առաջիկա երեք ամիսներին մոտ 100-ական միլիարդ դրամ հավաքագրելով վերջապես կատարել բյուջեն, թե՞ ոչ: Դատելով սոցիալ-տնտեսական վերջին զարգացումներից՝ սա շատ դժվար է լինելու: Ի վերջո, ամռան ամիսներին, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունն «աննախադեպ» տնտեսական աճ էր արձանագրել եւ քաղաքացիներին էլ համոզում էր, որ արդեն իրենց մաշկի վրա երեւում է աճի ազդեցությունը, այդպես էլ չէր հաջողվել 95 մլրդ-ից ավելի գումար հավաքագրել: Ողջ տարվա ընթացքում միայն մեկ անգամ՝ ապրիլին է հաջողվել 107.3 մլրդ դրամ հավաքագրել, բայց սա այն պատճառով, որ գործարարները շահութահարկը սովորաբար վճարում են հենց այդ ամսին, նաեւ սեպտեմբերին հաջողվել է 99.8 մլրդ դրամ հավաքագրել: Իսկ մյուս ամիսներին հարկահավաքչության ցուցանիշներն առանձնապես ոգեւորիչ չեն: Եւ հետո՝ ինչպես նկատել եք՝ տնտեսական աճի տեմպերը գնալով դանդաղում են՝ իրենց հերթին բերելով հարկային եկամուտների կրճատման: Այնպես որ, կառավարությանը լուրջ փորձություններ են սպասվում:
Ընդգծենք, որ այս ամենը վերաբերում էր պետական բյուջեի հարկային եկամուտներին: Բայց դրանցից բացի՝ բյուջեում սպասվում են նաեւ այլ եկամուտներ եւս՝ պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որ կազմում է 30.9 մլրդ դրամ (ըստ տարեկան ճշգրտված պլանի՝ այդ ցուցանիշն ավելի բարձր է՝ 35.6 մլրդ դրամ): Մեր աղբյուրները պնդում են, որ այս հարցում եւս իշխանությունները հայտնվել են լուրջ խնդրի առաջ, քանի որ սպասվող դրամաշնորհների մի մասը միգուցե եւ ընդհանրապես չտրամադրվեն, եւ արդյունքում՝ կառավարությանը չհաջողվի ապահովել ՀՀ պետական բյուջեի 1 տրիլիոն 210 մլրդ դրամ եկամուտը: Պատահական չէ, որ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի հաշվետվության մեջ նշված է, թե այդ ընթացքում ստացվել է ակնկալվող դրամաշնորհների 33.8 տոկոսը: Այս տենդենցները պահպանվել են նաեւ հաջորդող ամիսներին: Այնպես որ, ՀՀ պետական բյուջեի եկամուտներն իրոք թերակատարման վտանգի առաջ են:
Ի դեպ, նշենք՝ առաջին տարին չէ, որ բյուջեն չի կատարվում, ընդհակառակը, վերջին տարիներին սա դարձել է սովորույթ, եւ հիմա այդ ավանդույթները շարունակվում են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՊԵԿ-Ն ԸՆԴԴԵՄ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻ
ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, պատկանող «Ախթամար» ՓԲԸ-Ն կրկին հայտնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: Այս անգամ պետական եկամուտների կոմիտեն դատի է տվել նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ ՊԵԿ-ը պահանջում է ընկերությունից շուրջ 5 միլիոն դրամ գումար բռնագանձել եւ պարտավորեցնել Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ին կատարել մաքսային պարտավորությունները: ՀՀ վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը նախօրեին հրապարակել է այս գործով վճիռ եւ պարտավորեցրել է նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը վճարել ՊԵԿ-ի կողմից նշված շուրջ 5 միլիոն դրամը:

 

 

ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենայի աճուրդը, որը պետք է տեղի ունենար այսօր, չի լինելու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջին նախագահի ավտոմեքենայով հետաքրքրվողներ չկան: Նկատենք, որ 1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ավտոմեքենան եթե այսօր վաճառքի հանվեր, ապա այն կարող էին գնել 17 մլն դրամով: Բայց յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հաջորդ աճուրդը կկայանա հոկտեմբերի 26-ին, իսկ ավտոմեքենայի գինը կդառնա 13.6 մլն դրամ: Իսկ եթե այն նորից չվաճառվի, ապա աճուրդի կհանվի նոյեմբերի 10-ին` 10 մլն 880 հազար դրամով, 27-ին` 8 մլն 704 հազար դրամով:

 

 

ԿԱՎԱՐՏՎԻ
Այսօր կավարտվի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցումը, որից հետո կսկսվի պաշտոնական քարոզարշավը: Ինչպես հայտնի է` այդ օրը տեղի են ունենալու Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր եւ Տավուշ մարզերում, ինչպես նաեւ Արարատ մարզի Արտաշատ, Սյունիք մարզի Գորիս եւ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ: Երեկվա դրությամբ մի շարք համայնքներում արդեն կային թեկնածուներ, ովքեր հետ էին վերցրել փաստաթղթերը: Ինչպես հայտնի է` գրեթե բոլոր համայնքներում ՀՀԿ-ն առաջադրել է իր թեկնածուներին, մի քանի վայրում թեկնածու ունի նաեւ ԲՀԿ-ն, իսկ ահա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու է առաջադրել միայն Ծաղկալանջում:

 

 

 

ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ ժամանակն է կիրառել հստակ սանկցիաներ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության նկատմամբ: «Միանշանակ, տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գործունեությունը եւ աջակցությունը տարբեր երկրներում, այդ թվում` ՀՀ-ում եւ տարածաշրջանում խիստ կարեւոր է: Հատկապես փորձագիտական մակարդակով ներկայացվող բարձրամակարդակ մասնագետները լրջագույն աջակցություն են ցուցաբերում տարբեր երկրներում: Սակայն որպեսզի այդ աջակցությունը լինի առավել արդյունավետ եւ նպատակային, անհրաժեշտ է, որ նաեւ տվյալ տարածաշրջանում լինի կայունություն եւ ժողովրդավարություն: Դա, ինչ խոսք, չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որտեղ պետական կառավարչական համակարգը խիստ կոռումպացված է, եւ նաեւ կոռուպցիան իր նոր դրսեւորումներով արտահանվում է դեպի Եվրոպա եւ այլ երկրներ»:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանն ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջոն Մալկովիչին: Ողջունելով հյուրին Հայաստանում` Ս. Սարգսյանը նշել է, որ մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում, որտեղ շատ բարձր են գնահատում արվեստի ուժը:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:50-ի սահմաններում Նորամարգ գյուղի Ազատության փողոցի բնակիչ, 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանի տան ուղղությամբ գյուղի վերջնամասում՝ ջրահեռացման կանալի մյուս կողմից, կրակել են: Տ. Հովհաննիսյանը, իր տանից մոտ 50 մետր հեռավորության վրա կրակոցի ձայները լսելով, դուրս է եկել ու տեսել է, որ մի քանի երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան է եղել, կրակում են: Նա դիտողություն է արել երիտասարդներին՝ ասելով, որ իր տան մոտ որսի տարածք չէ, եւ չկրակեն: Սակայն երիտասարդներից Գոքորի տղա Արմենը վիճաբանել է Տ. Հովհաննիսյանի հետ, այնուհետեւ սպառնացել, որ կսպանի նրան ու դին կգցի ջրատարը, ջուրն էլ կտանի, ու նրան չեն գտնի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոքորի տղա Արմենը Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Գրիգորի Գեւորգյանն է, ով աշխատում է «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ նրան ընկերական շրջապատում ճանաչում են Գոքորի Արմեն: Գոքորն էլ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդն է:

 




Լրահոս