ՔԿՀ ՊԵՏԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել էր ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Մկրտչյանը, օպերատիվ բաժնի պետ Վահագն Կիրակոսյանը եւ նրանց կաշառք տվող անձը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ ՔԿՀ-ում ժամը 18:00-ից հետո թեժ իրավիճակ է եղել:

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը եւ այլ ծառայողներ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար կաշառք են պահանջել եւ ստացել:
Նշված դեպքերի կապակցությամբ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` կաշառք ստանալը, եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք տալը, հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու համար:
Արդյունքում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Մկրտչյանը, օպերատիվ բաժնի պետը եւ նրանց կաշառք տված անձը տարվել են ԱԱԾ:
ՔԿՀ պետի շուրջ պտտվող իրադարձությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է, որ ձերբակալվելուց երկու օր առաջ Վանաձորի ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Մկրտչյանը հանգիստ գնացել է աշխատանքի: Հոկտեմբերի 6-ին նա իր ծանոթներին ասել է, թե իրավապահները քրեակատարողական հիմնարկի շուրջ ծագած հարցերի մասով կանչել են հարցաքննության: Նա գնացել է հարցաքննության, իսկ ավելի ուշ վերադարձել աշխատավայր՝ առօրյա գործերով: Հոկտեմբերի 9-ին, երբ նրա ծանոթները կրկին զանգահարել են բանտապետին, նա ասել է, թե շատ խառն է, զբաղված, չի կարող խոսել, քանի որ մոտը դատախազությունից մարդիկ կան: Իսկ ահա ավելի ուշ, երբ ծանոթները նրան զանգահարել են՝ հասկանալու համար, թե ինչ եղան «խառը գործերը», նրա հեռախոսը անջատված է եղել: Պարզվել է, որ նա ձերբակալվել է:
Իսկ հիմա ամենագլխավորի մասին. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ում, ի՞նչ կաշառքի մասին է խոսքը, եւ ինչի՞ դիմաց են դատապարտյալները պարբերաբար կաշառք տվել ՔԿՀ պետին կամ օպերատիվ բաժնի պետին:
Ըստ քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալների շրջանում տարածված տեղեկությունների՝ ՔԿՀ-ում երկար ժամանակ հետաքրքիր «ավանդույթ է գործել»: Վանաձորի ՔԿՀ-ում երեկոյան ժամը 18:00-ից հետո մի քանի խցերի դռներ ղեկավար կազմի հրահանգով բացվել են, եւ արտոնյալ դատապարտյալները թղթախաղ են խաղացել, եղել են դեպքեր, որ դատապարտյալները խմիչք ենք ցանկացել, ու նրանց համար դա բերվել է: Մի խոսքով, ինչպես ֆիլմերում են ցուցադրում, կամ ինչպես կարող է լինել ՀՀ ցանկացած կալանավայրում: Դատապարտյալների կարծիքով՝ այդ ցանկությունները ՔԿՀ ղեկավար կազմը դատապարտյալների «սիրուն աչքերի համար» չի բավարարել, այլ կոնկրետ «վերաբերմունքի դիմաց»: Թե որքանով են դատապարտյալների շրջանում տարածված այս լուրերը համապատասխանում իրականությանը, ցույց կտա ժամանակը:
Մինչ այդ տեղեկացնենք, որ Վանաձորի ՔԿՀ պետի եւ մյուսների ձերբակալումից հետո իրավապահները երեկ ողջ օրվա ընթացքում խուզարկություն են իրականացրել «Վանաձոր» ՔԿՀ-ի բոլոր խցերում: Խիստ հսկողություն է սահմանված եղել: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ բացի դատապարտյալների եւ կալանավորների խցերում իրականացվող խուզակություններից՝ խուզարկություն է իրականացվել նաեւ ՔԿՀ աշխատակիցների աշխատասենյակներում:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ իրավապահները ձերբակալել են նաեւ «Վանաձոր» ՔԿՀ-ի հանձնունքի բաժնի պատասխանատուին: Թե էլ ովքեր կհայտնվեն թիրախում, առաջիկայում կպարզվի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ VS ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի կռիվը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 8-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի:

Պարզեցինք, որ վերջինս Վարդան Ղուկասյանից պահանջում է 359 հազար 341 դրամ գույքահարկի գումար: ՀՀ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանը, ուսումնասիրելով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի դիմումը, պարզել է, որ ներկայացված հայցադիմումը եւ կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, հետեւաբար նույն օրենսգրքի համաձայն՝ այն պետք է ընդունել վարույթ։
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատի է տվել Ձեզ՝ գույքահարկը չվճարելու համար: Ինչո՞ւ չեք վճարել, գումար չունե՞ք: Դուք եղել եք քաղաքապետ եւ գիտեք, որ պարտադիր պետք է գույքահարկը վճարել:
-Յա, յա, յա, Դուք այդպես ուզում եք իմանալ, թե ես վճարե՞լ եմ կամ ինչո՞ւ չեմ վճարել, բոլորն էլ մենք վճարել ենք:
-Այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքապետը դիմել դատարան:
-Իրենք իրենց գործունեությունն ունեն, եթե ամեն մարդ չի վճարում, պետք է դատարանով վճարի:
-Հիմա Դուք չեք վճարել, իրենք էլ դիմել են:
-Մենք վճարել ենք:
-Այդ դեպքում ինչո՞ւ են դատի տվել, կարո՞ղ է՝ Ձեզ հետ այլ խնդիր ունեն:
-Տո դու ուրիշ բաների մասին մի՛ մտածի, նման բաների հետեւից մի՛ ընկի, ամոթ է, հաջողությո՛ւն:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը աչք է փակել կամ արհամարհել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի կողմից սահմանված կարգով գույքահարկ վճարելու կանոնները եւ տարիներ շարունակ այն չի վճարել, իսկ Սամվել Բալասանյանն էլ՝ տեսնելով, որ չի կարողանում ԱԺ պատգամավորից գումար պոկել, ընկել է դատարանի դռները:
Հիշեցնենք, որ նախկին ու ներկա քաղաքապետերը վաղուց լարված հարաբերություններ ունեն: Վարդան Ղուկասյանի որդին 2014 թվականին գնացել էր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ եւ սպառնալիքներ էր հնչեցել, այս դեպքից հետո Սամվել Բալասանյանի հրամանով Վարդան Ղուկասյանի դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ազատվել էր Գյումրու արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնից։ Նախկին քաղաքապետի դուստրը իր ազատման դիմումի մեջ Սամվել Բալասանյանին մաղթել էր չարությունը հանել, բարիանալ։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՈՉ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մասնագիտական քննարկման ժամանակ բարձրացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ հաշմանդամության այլ սահմանում է առաջարկվում, եւ պետք է ճշտեն, թե որ հիմքով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով` այսօր հիմք է ընդունվում եւ հիմնական դոմինանտը հիվանդությունն է, իսկ կենսագործունեության սահմանափակումը հայեցողական է: «Բոլորս էդ համակարգից էսօր դժգոհ ենք»,- նկատել է Ա. Ասատրյանը` հավելելով, որ այն թույլ է տալիս հաշմանդամություն ճանաչել կամ չճանաչել, իսկ նոր համակարգը հստակ տեղ չի թողնում հայեցողության համար: Հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խնդիրն իրականում մասնագիտական չէ, քաղաքական է, թե ում ենք ուզում հաշմանդամ ճանաչել: Նրա խոսքով` չափորոշիչների հստակեցման հետեւանքով մարդիկ հստակ զրկվում են հաշմանդամությունից, օրինակ՝ եթե անձը հիվանդ է քաղցկեղով, բուժվել է, հաշմանդամությունից զրկում են, իսկ եթե հիվանդ է, բայց գործունեությունը չի սահմանափակվել, պետական միջոցների խնդիրն է առաջ գալիս:

 

 

ՍՈՉԻՈՒՄ
Այսօր Սոչիում կկայանան ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը: Միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահները: Նշենք, որ Ղրղզստանն այս տարի ներկայացված կլինի վարչապետի մակարդակով. Ալմազբեկ Աթամբաեւը զբաղված է նախագահական ընտրությունների նախապատրաստությամբ, որոնք կկայանան հոկտեմբերի 15-ին: Ավանդաբար ԱՊՀ երկրների գագաթնաժողովին հրավիրված են տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ ՇՀԿ, Միութենական պետության, ՀԱՊԿ եւ ԵՏՀ ղեկավարները:

 

 

ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Երեկ Երեւանի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը: Նա մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքները՝ պնդելով, որ իր արարքներում հանցակազմ չկա: Նա միջնորդել է որպես վկա հարցաքննության հրավիրել Եղիշե Պետրոսյանին եւ Լեւոն Բարսեղյանին: Նաեւ միջնորդել է տուժողների ցուցակից հանել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, քանի որ նա այդ օրն այնտեղ չի եղել:

 




Լրահոս