ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲԱԶԱԼՏԸ 3 ԱՆԳԱՄ ԷԺԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ ունեցել է բարձրաձայնելու այն թեման, որ Հայաստանում ինչ-որ բան արտադրելը պակաս եկամտաբեր է, քան այդ նույն արտադրանքը արտերկրից ներկրելը: Ու պատճառը պետական գերատեսչությունների մոտեցումներն են, էներգակիրների բարձր գները:

Եւ այսպես՝ հերթական ահազանգը ստացանք քարի արտադրության ոլորտից: Պարզվում է՝ քարերի երկիր Հայաստանում քար ներկրելն ավելի ձեռնտու է, քան արդյունահանելը:
Տեղեկացնենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում կան բազալտի մի քանի հանքավայրեր: Սակայն դրանց շահագործելու իրավունք ունեցող գործարարների մի մասը գերադասում է քարի արդյունահանմամբ չզբաղվել: Նրանք պարզապես չեն շահագործում հանքը: Փոխարենը բազալտ են ներկրում հարեւան Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանից: Ու նույնիսկ գործարարները, հանքատերերն իրենք են խոստովանում, որ Բոլնիսի շրջանի բազալտի հանքավայրերն ավելի աղքատ պաշարներ ունեն, քան Նոյեմբերյանի նշված հանքավայրերը կամ Լոռու մարզում գտնվող հանքավայրերը:
Իսկ ինչո՞ւ են բազալտ արդյունահանելու փոխարեն Տավուշի հանքատերերը քար ներկրում Վրաստանի Հանրապետությունից: Պատճառն այն է, որ Վրաստանում բազալտը շուրջ երեք անգամ ավելի էժան է, քան Հայաստանում: Քարի արդյունահանմամբ զբաղվող մի քանի գործարարներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին, որ թեեւ իրենք Վրաստանի բազալտը ներկրելիս Բագրատաշենի մաքսակետում քարի կշռի հաշվարկով բավականին մեծ մաքսավճար են մուծում, բայց նույնիսկ այդ դեպքում Վրաստանի բազալտն ավելի էժան է ստացվում, քան տեղում արդյունահանելը:
Պատճառն այն է, որ Վրաստանում բազալտի արդյունահանման բնավճարը ցածր է, ինչը թույլ է տալիս վրացի հանքատերերին առավել մատչելի գնով բազալտ առաջարկել շուկայում: Ինչպես հայտնեց քար արդյունահանող նոյեմբերյանցի գործարարը, Հայաստանում քարի արդյունահանման համար մուծվող բնավճարը բավականին բարձր է: Այն գրեթե հավասար է ոսկու արդյունահանման համար գանձվող բնավճարին: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին չի հետաքրքրում, թե Հայաստանի ընդերքից ինչ է հանվում: Գլխավորն այն է, որ հանք է շահագործվում, իսկ եթե շահագործվում է, պետք է բարձր բնավճարներ գանձել:
Թեեւ նոյեմբերյանցի գործարարները այլ կասկածներ ունեն: Ըստ նրանց՝ Հայաստանում շահագործվող ոսկու հանքերի տերերը իշխանության մեջ գտնվող կամ նրանց հետ սերտորեն փոխկապված մարդիկ են: Դրա համար էլ իշխանական շրջանակները շահագրգիռ են, որ ոսկու բնավճարը ցածր լինի: Իսկ քարի բնավճարը նրանց չի հետաքրքրում, քանի որ այդ ոլորտում մրցակցությունը շատ է: Ու ստացվում է՝ քարն ու ոսկին մեր երկրում նույն արժեքն ունեն:
Բայց հետաքրքիր զուգադիպությամբ կամ էլ զարմանալի տրամաբանությամբ այս տարի Հայաստանի պաշտոնական վիճակագիրները բազալտի արտադրության ծավալների աճ են գրանցել: Իհարկե, աննշան, բայց դե թիվ է՝ «նկարել են»: Եւ այսպես, ըստ պաշտոնական տեղեկության՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում բազալտի արտադրության ծավալները 2.3 անգամ ավելացել են: Այս տարի արտադրվել է 6630 տոննա բազալտ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բազալտի արտադրության ծավալները 18.8 տոկոսով նվազել են. արտադրվել է 2898 տոննա բազալտ:
Ինչ վերաբերում է ներկրումներին, ապա «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստան Վրաստանի Հանրապետությունից ներմուծվել է 2200 տոննա չմշակված բազալտ: Ու ստացվում է, որ քարերի երկիր Հայաստանը արդեն տեւական ժամանակ հարեւան Վրաստանի Հանրապետությունից քար է ներմուծում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-Ի ԲԱԺՆԵՏԵՐԵՐՆ ՈՒ ԲԱՆԿԸ ԹԱԼԱՆՈՂԻՆ «ԹԱՔՑՆԵԼԸ»

Արդեն երեք օր է անցել, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է «Կոնվերս բանկի»՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար հափշտակողը:

«Ժողովուրդ» օրաթերթը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից տեղեկացավ, որ բանկի կառավարիչը, որից նախօրեին անհայտ անձը սպառնալիքով գումար էր հափշտակել, աշխատանքի չի գնում: Ավելին՝ նա երեկվա դրությամբ փոխարինող ուներ: Բանկից հրաժարվեցին նշել, թե որտեղ է նախկին կառավարիչը: «Ժողովուրդ»-ը բանկի կառավարչին փոխարինող ներկայացած անձից հետաքրքրվեց` արդյո՞ք բանկը թալանած անձը, ով ըստ տեղեկությունների` «VIP» հաճախորդ է եղել, նախապես պայմանավորված է եղել կառավարչի հետ: Հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Այդպիսի տեղեկություն, պայմանավորվածություն չի եղել: Նա մեր «VIP» հաճախորդը չի եղել, քննություն է ընթանում, այլ հարցերի չենք կարող պատասխանել: Հիմա բանկին ժամանակավոր կառավարիչ է նշանակվել»: Իսկ մեր այն դիտարկմանը՝ ինչո՞ւ են կառավարչին հեռացրել աշխատանքից, մեր զրուցակիցն արդարացավ` նշելով. «Որեւէ մեկին աշխատանքից չենք հեռացրել, այլ հարցեր մի՛ տվեք»: Ապա լրացուցիչ տեղեկություն ստանալու համար հորդորեց դիմել իրավապահ համակարգին:
Իսկ իրավապահ համակարգը դեռ լռում է: Մինչդեռ տեղի ունեցածն իրականում առեղծված է, քանի որ ենթադրյալ հանցագործը բանկ էր մտել առանց դիմակի, գնացել է գործարք անելու եւ գրավոր սպառնացել է, թե կպայթեցնի: Այսինքն՝ փաստ է, որ նա ամենեւին էլ անհայտ չէ համենայնդեպս բանկի կառավարչի եւ իրավապահների համար: Անհասկանալի է, թե ինչու է հափշտակողի ինքնությունը գաղտնի պահվում: Զարմանալի չէ, որ իրավապահ համակարգը դեպքից երկու օր անց դեռեւս զգուշավոր է մոտենում բանկի շուրջ ծավալված աղմկալի դեպքին եւ չի գաղտնազերծում «թալանողին»: Քանի որ բանկի սեփականատերերը այդքան էլ «փոքր մարդիկ չեն»:
Տեղեկացնենք, որ դեռեւս 2007 թվականին «Կոնվերս բանկի» վերահսկիչ փաթեթը գնվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից: Իսկ մինչ այդ նշված բանկի բաժնետոմսերի 48,7 տոկոսը պատկանում էր «Hudsotrade LTD»-ին (ղեկավար` Իմադ Մթանյուս Հուրի), 15 տոկոսը` Սմբատ Նասիբյանին, իսկ 36,3 տոկոսը` Մոդալլալ Մթանյուսին: Եւ 2007 թվականի սկզբին «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս ԷլԷլՍի»-ն հաղորդագրություն էր տարածել, թե բանկի բաժնետոմսերից 5 տոկոսն արաբ բաժնետերերից մեկը նվիրաբերել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Տարիների ընթացքում Մայր Աթոռը չի վաճառել իր բաժնեմասը եւ արգենտինահայ գործարարի հետ շարունակել է մինչ օրս բաժնետեր մնալ: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` բանկի բաժնետոմսերի 5 տոկոսը պատկանում է ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, այլ հենց Գարեգին 2-ին: Ինչպես հայտնի է` Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ջերմ հարաբերություններ ունի Էռնեկյանի հետ: Եւ ըստ որոշ տեղեկությունների` նա երբ լինում է Արգենտինայում, հյուրընկալվում է Էռնեկյանի տանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐԸ ԹԱԼԱՆՎԵԼ ԵՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր Բարեկամավան, Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ, Խաշթառակ գյուղերի մշակույթի տները թալանվել են: Ու թեեւ Բարեկամավանը եւ Սարիգյուղը Ադրբեջանին սահմանամերձ համայնքներ են, սակայն այդ գյուղերի մշակույթի տներն ադրբեջանցիները չեն թալանել: Հիշեցնենք, որ դեռ 2013թ. Բարեկամավանի բնակիչները ահազանգեցին «Ժողովուրդ» օրաթերթին, որ գյուղի մշակույթի տունը քանդում են եւ որպես շինանյութ տրամադրում: Բարեկամավան համայնքի ղեկավար Գարիկ Աբազյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են քանդում մշակույթի տունը: Նա այն ժամանակ ասաց, որ մշակույթի տան շենքը ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծված է, շենքը պիտանի չէ շահագործման, դրա վերաբերյալ կա շինարարական կազմակերպության փորձաքննական եզրակացությունը: Գ. Աբազյանը հայտնեց, որ կառույցը քանդելու համար կա համայնքի ավագանու որոշում, մշակույթի տան շինանյութը տրամադրվել է Բարեկամավանի մի բնակչի, որը գյուղի խմելու ջրագիծն է սպասարկում, համայնքապետարանը որպես աշխատավարձ այդ բնակչին պարտք է շուրջ 300 հազար դրամ, այդ շինանյութը տրամադրել է աշխատավարձի պարտքի դիմաց: Բարեկամավանի բնակիչները հայտնեցին, որ մշակույթի տան շենքն ամենեւին էլ ադրբեջանական հրետակոծությունից շարքից դուրս չէր եկել, տանիքի մի քանի ազբոշիֆեր էր վնասվել ադրբեջանական գնդակոծությունից: Բարեկամավանցիների վկայությամբ՝ քանդված մշակույթի տան շինանյութը վաճառվել է Բարեկամավանի հարեւան՝ Կոթի գյուղի բնակիչներին, որոնք դրանով Կոթիում անասնապահական ֆերմա են սարքել:
Բայց մշակույթի տների «սպանդը» այդքանով չի ավարտվել: 2009թ. դեկտեմբերից մինչեւ 2010թ. ապրիլ ամիսը Տավուշի մարզում ավելացել էր անասնագողությունների թիվը, եւ անասնագողությունների դեմ պայքարի նպատակով Սարիգյուղի մշակույթի տանը տեղակայվեց ՊՆ հատուկ նշանակության ջոկատը, որպեսզի պայքարեր գողության դեմ: Ու հենց այդ ջոկատն էլ մշակույթի տան գույքը փչացրել է: Հատուկ նշանակության ջոկատի անդամները քանդել եւ որպես վառելիք են օգտագործել մշակույթի տան մանրահատակը, դռների մի մասը, դրանց եւ լուսամուտների չոր սյուները, փայտյա շրջանակները, եւ այլն: Սարիգյուղի բնակիչները չեն պաշտպանել համայնքի սեփականություն հանդիսացող մշակույթի տունը:
Խաշթառակ գյուղում եւս մշակույթի տուն չկա: Իհարկե, այն սահմանամերձ չէ, Տավուշի մարզկենտրոն Իջեւանից 11 կմ հեռավորությամբ է գտնվում: Բայց Խաշթառակի մշակույթի տունը 5-6 տարի առաջ ավերվել, թալանվել է, սակայն այդ կապակցությամբ նախկինում հարուցված քրեական գործը փակվել է: Ավելին՝ չգործող, թալանված մշակույթի տան աշխատակիցները համայնքի բյուջեից տարիներ շարունակ աշխատավարձ են ստացել, սակայն դա էլ իրավապահներին չի հետաքրքրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս