«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չի բացառվում, որ 2018-ին Ջերմուկում արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Վերջին ընտրությունները 20 մլն․ դոլարի ներդրում «սպասող» Ջերմուկում եղել են անցած հոկտեմբերին, երբ համայնքը նաեւ խոշորացվեց: Մեր աղբյուրների տեղեկացմամբ` Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը վայր կդնի իր «մանդատը», եւ քաղաքապետ «կընտրվի» Վահագն Արսենյանը` ԱԺ պատգամավոր, Վայոց Ձորում «ասող» Աշոտ Արսենյանի որդին:
Որպեսզի Սերժ Սարգսյանի խոստացած 20 մլն․ ներդրումն «ապահով» ձեռքերո՞ւմ լինի՝ հարցրինք ՀՀԿ-ական մեր աղբյուրին։ «Վարդան Հովհաննիսյանն էլ պակաս «ապահով ձեռք» չէ, մի մոռացեք, որ նրան երկու սազիվ քաղաքապետ է դարձրել հենց Արսենյանը»: Ի՞նչ կապ ունի, Արսենյանը ժամանակին Վայոց Ձորի մարզպետ դարձրեց Էդգար Ղազարյանին, հետո իրար տեսնելիս բարեւ չէին տալիս:
«Ա՛յ, էստեղ դու սխալվեցիր. իրենց հարաբերությունները հիմա շատ փայլուն են։ Ամռանն Էդգարը Լեհաստանում խաչքար էր բացել, հրավիրել էր նաեւ Արսենյանին, նա էլ գնացել էր»: Ի դեպ, մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արտահերթ ընտրություններ Ջերմուկում, գործող քաղաքապետ Վ. Հովհաննիսյանը չպատասխանեց, ասաց․ «Ներդրումների մասով շվեյցարական կողմի հետ բանակցությունների մեջ եմ»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: