«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ որքան էլ զարմանալի է, սակայն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Սյունիքի մարզի Գորիս համայնքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Առուշ Առուշանյանը մրցակիցներ ունի: Մենք չէինք բացառել, որ այս մրցակիցներից շատերը կարող են ձեւական լինել եւ մինչ ընտրություններն ինքնաբացարկ հայտնեն կամ հետ վերցնեն փաստաթղթերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա մրցակիցներից անկուսակցական անհատ ձեռներեց Էրիկ Աղաջանյանը հետ է վերցրել փաստաթղթերը: Այժմ Առուշանյանն ունի եւս երկու մրցակից՝ անկուսակցական Սամվել Հարությունյանն ու ՀՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Արշակ Մկրտչյանը: Հավելենք, որ Առուշ Առուշանյանն այժմ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Մեր տեղեկություններով՝ հիմնական պայքարն ընթանալու է Առուշանյանի եւ Սամվել Հարությունյանի միջեւ: Հիշեցնենք, որ Ս.Հարությունյանն էլ Գորիսի նախկին քաղաքապետն էր, եւ հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով: