Երբևէ չեմ հայտարարել, թե ցանկություն չունեմ առաջադրվելու կամ չեմ առաջադրվի. Կապանի քաղաքապետի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Աշոտ Հարապետյանի հետ:

-Պարո՛ն Հայրապետյան, տեւական ժամանակ խոսվում էր, որ մտադիր եք առաջադրվել Կապան համայնքի ղեկավարի պաշտոնում, բայց հետո մտքափոխվեցիք. ինչ-որ կաշկանդող բա՞ն ունեիք, ի՞նչ էր տեղի ունենում:

-Նշեմ, որ ես երբեւէ չեմ հայտարարել, թե ցանկություն չունեմ առաջադրվելու կամ չեմ առաջադրվի: Միշտ էլ ասել եմ, որ քաղաքական կուսակցության անդամ եմ, եւ որոշումը կկայացնի այդ կառույցը, եւ ՀՀԿ-ն հայտնեց իր դիրքորոշումը:

-Հիմա ՀՀԿ-ն միայն Ձեզ է առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու, եւ ստացվում է, որ միայնակ եք պայքարելու ինքներդ Ձեզ հետ. դժվար չի՞ լինի պայքարը:

-Բնական եւ նորմալ է, որ կուսակցությունը մեկ թեկնածու է առաջադրել, իսկ թե ինչու այլ կուսակցություններ թեկնածու չունեցան, կարծում եմ՝ դա ՀՀԿ-ին չէ, որ պիտի մտահոգեր: Բայց հիշեցնեմ նաեւ, որ ես միայնակ չեմ այս ընտրապայքարում, այլ թեկնածու եւս կա, որը նույնպես ՀՀԿ անդամ է, բայց կուսակցության կողմից չի առաջադրվել:

-Ի՞նչ եք կարծում՝ կայի՞ն այլ արժանավորներ եւս, ովքեր կարող էին առաջադրվել, չէ՞ որ Կապանում այլ անուններ էլ էին շրջանառվում:

-Իհարկե, կային արժանավորներ, շատ նորմալ եւ սպասելի էր, որ անուններ էին շրջանառվում, իսկ կուսակցության ներսում քննարկումներ էին ընթանում, դա հենց խոսում է կուսակցության մեջ առկա առողջ քաղաքական մթնոլորտի մասին:

ՀՀ-ում վարչատարածքային կառավարման կառուցվածքային փոփոխությունների, համայնքների խոշորացման արդյունքում մեծանալու է համայնքի ղեկավարների դերակատարությունը. պատրա՞ստ եք ավելի մեծ բեռի տակ մտնել:

-Նախ անցած ՏԻՄ ընտրությունից շատ ժամանակ չի անցել. մեկ տարի առաջ էր այն, եւ հենց այդ ընտրություններին մասնակցելով՝ արտահայտվեց պատրաստ լինելը, իսկ այդ ժամանակ արդեն սպասելի էր, որ կարճ ժամանակ հետո խոշորացում կլինի: Բնական է՝ պատկերացնում եմ ե՛ւ եղած հոգսերը, ե՛ւ այն, որ խոշորացումից հետո դրանք ավելին են լինելու. դրանց լուծման մեջ ակնկալում եմ նաեւ ՀՀ կառավարության աջակցությունը, որովհետեւ այս փոփոխությունները պետական քաղաքականության հետեւանք են, եւ որը պետք է նպաստի համայնքների դերակատարության մեծացմանը:

-Նշեցիք կառավարության մասին, իսկ Ձեր հետագա աշխատանքում ակնկալո՞ւմ եք արդյոք Սյունիքի մարզպետի եւ տարածաշրջանում գործող խոշոր տնտեսվարող ընկերությունների աջակցությունը խոշորացված համայնքում գոյություն ունեցող խնդիրների լուծման գործում:

-Իհարկե, կա այդ ակնկալիքը, եւ այլ կերպ խոշորացվող համայնքի կայացումը հնարավոր էլ չէ պատկերացնել, ի վերջո, ինչպես նշեցի՝ խոշորացումը ՀՀ կառավարության որդեգրած ուղու արդյունքն է, իսկ կառավարության քաղաքականության տարածողն ու կրողը մարզպետարանն է, հետեւաբար առանց նրա եւ խոշոր տնտեսվարողների աջակցության այդ գործընթացի հաջողությունը դժվար է պատկերացնել:

-Ի՞նչ կիսատ գործեր ունեք համայնքում, որ Ձեզ ստիպեցին կրկին առաջադրվել:

-Անցած տարի կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանում շատ ենք խոսել կիսատ մնացածի, անելիքների մասին, ինչպես նաեւ համայնքի խնդիրների, իսկ նման խնդիրներ ու դեռ ավելին կան գյուղական բնակավայրերում: Եվ այնպես չէ, որ գյուղերը քաղաքին միացնելով՝ ընդամենը մեծանում է համայնքի տարածքը, ավելանում բնակչության թիվը. մեծանում են նաեւ համայնքապետարանի հոգսերն ու պատասխանատվության շրջանակը: Բնականաբար, եթե մեկ տարի առաջ ընտրություններին մասնակցել եմ նպատակներով, անելիքներով եւ ծրագրերով, դրանք երկարաժամկետ են եւ չէին կարող մեկ տարում իրականանալ:

Քնար Մանուկյան




Լրահոս