«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հաջորդ գարնանը կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն, սակայն, մեր տեղեկություններով, գոնե մինչեւ 2019 թ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմնա իր պոստում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, կրկին դեսպան (անգամ Ֆրանսիայի) դառնալն այնքան էլ նրա սրտով չէ:
Բացի այն, որ Սերգեյ Լավրովը մեկ տարի առաջ հայաստանյան կողմին հորդորել է` երբեմնի ՌԴ քաղաքացի Նալբանդյանին (նա ՀՀ քաղաքացի է դարձել ԱԳ նախարար դառնալու «նախօրյակին») թողնել իր պոստում, իսկ տարիներ առաջ Եգիպտոսում ՀՀ հավատարմատար Նալբանդյանի համար ՀՀ իշխանություններին էր դիմել Եվգենի Պրիմակովը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր մերժել նրան արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում տալը։
Այս անգամ էլ Նալբանդյանը գտել է մեկ տարի ավել ԱԳ նախարար մնալու էլիքսիրը. 2019-ի աշնանը Հայաստանում կկազմակերպվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, եւ քանի որ ժողովի «ալմա-մատերն» ինքն է, ինքն էլ պետք է իրականացնի։ Ի դեպ, ֆրանսիական կողմը ցանկացել էր այլ քաղաքում համաժողովն անել, բայց Նալբանդյանը պնդել է Երեւանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ընդամենը 2 տարի առաջ` դարձյալ աշնանը, Երեւանում կրկին Ֆրանկոֆոնիայի համաժողով էր անցկացվել: