ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ մի եվրոպացի այնտեղից մատ թափ չի տալու մեզ վրա. մենք պետք է հետևողական լինենք. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

-Պարո՛ն Հարությունյան, օրեր առաջ հրապարակվեց ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը: Ի՞նչ է Հայաստանն ակնկալում ստանալ այս համագործակցությունից, եթե հաշվի առնենք, որ տնտեսական բաղադրիչն այստեղ այնքան լայն ներկայացված չէ, որքան Ասոցացման համաձայնագրում կլիներ, եթե ստորագրեինք այն:

-Երբ ասում ենք քաղաքական բաղադրիչ, հետաքրքիր է, թե դրա տակ ինչ ենք հասկանում: Եթե որեւէ մեկը քաղաքական բաղադրիչ ասելով հասկանում է սա, ուրեմն լիովին համաձայն եմ նրա մեկնաբանման հետ: Շատերը քաղաքական բաղադրիչ ասելով վերանում են տնտեսությունից: Ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը նախեւառաջ բխում է երկու կողմերի շահերից:

Արդյոք այս համաձայնագիրը տարբերվո՞ւմ է մինչ այդ բանակցված Ասոցացման համաձայնագրից, իհարկե, տարբերվում է, եւ այնքանով, որքանով այս համաձայնագիրը մշակվել, բանակցվել է այնպես, որ այն չհակասի Հայաստանի ստանձնած պարտավորություններին ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Հետեւաբար, այդ տեսանկյունից այս համաձայնագիրը պետք է որ տարբերվեր: Ընդ որում, այս համաձայնագրի հանդեպ նման վերաբերմունքն առաջարկվել է նաեւ ԵՄ մեր գործընկերների կողմից՝ որ եկեք բանակցենք այն խորությամբ, որոնք որեւէ մի կերպ չեն կարող անդրադառնալ ՀՀ պարտավորությունների վրա: Շատ կարեւոր եմ համարում նաեւ այն, որ, ըստ էության, Ալգ ընդգրկուն քաղաքականության շրջանակներում առաջին դեպքն է, որ ԵՄ-ն բանակցել եւ համաձայնագիր է նախաստորագրել մի պետության հետ, որն ըստ էության անդամակցում է մեկ այլ տնտեսական կառույցի: Եթե հիշում եք, 2013-14թթ. դա եղել է հիմնական քաղաքական վեճը: Այն ժամանակ եվրոպացի շատ գործիչներ պնդում էին, որ Ալգ նշանակում է կա՛մ ԵՄ-ի հետ կա՛մ, կոպիտ ասած, ԵՄ-ի դեմ:

ՀՀ-ի քաղաքական ղեկավարությունն առաջինն էր, որ հետեւողականորեն հռչակեց, որ իմաստ չկա բացառել անդամակցություն մեկ այլ միության հետ եւ առաջ քաշեց եւ՛- եւ՛ թեզը:

-Այսինքն, այս համաձայնագիրն այսպես կարող էինք ստորագրել նաեւ ա՞յն ժամանակ, եթե ԵՄ-ն դեմ չարտահայտվեր եւ-եւ սկզբունքին:

-Չէինք կարող, քանի դեռ այն համաձայնագիրը, որ մենք բանակցել էինք ԵՄ-ի հետ, մեզ որոշ կաշկանդվածության առջեւ կկանգնեցներ ԵԱՏՄ-ին անդամակցելու պարագայում: Եվ դա էր խնդիրը: Անկասկած, այն պայմանագիրը մեզ թույլ չէր տա համագործակցել ԵԱՏՄ-ի հետ: Այս համաձայնագիրը ոչ միայն թույլ է տալիս, այլեւ գալիս լրացնում է այն հնարավորություններին, որոնք մենք չունենք ԵԱՏՄ-ի պարագայում եւ կարող ենք ունենալ ԵՄ-ի հետ համագործակցության պարագայում:

-Ո՞վ պետք է հետեւողական լինի, որպեսզի համաձայնագիրն ամբողջությամբ իրականացվի: Ո՞վ է լինելու պատասխանատուն:

-Այնպես չի, որ միայն կառավարությունն է պատասխանատուն լինելու. այստեղ անելիք ունի նաեւ Ազգային ժողովը: Անկասկած, հիմնական նախաձեռնությունները կգան կառավարությունից, անկասկած, գործադիր իշխանությունն է, որ դառնում է նման համաձայնագրերի իրականացման համար թիվ 1 պատասխանատուն:

Բայց համաձայնեք, որ այդ պարտավորությունների լիարժեք իրականացման համար անհրաժեշտ կլինեն շատ ու շատ օրենսդրական ակտեր, որոնք չեն կարող ընդունվել առանց ԱԺ-ի անմիջական մասնակցության: Այնպես որ, խոսքը իշխանությունների մասին է: Հետեւողական պետք է լինի նաեւ Եվրամիությունը:

ԵՄ-ին այս համաձայնագիրը նույնպես պետք է: Սակայն առաջին հերթին դա պետք է մեզ, քանի որ մենք ուզում ենք, որ մեր տնտեսական կարողությունները, մեր հանրային կյանքն իր որակներով, իր ստանդարտներով նմանվի կամ մոտենա եվրոպականին: Հենց գիտակցենք, որ դա արվում է ոչ թե իշխանությունների, այլ մեզ համար, ապա ամեն ինչ գալիս, իր տեղն է ընկնում: Իշխանությունները չեն փորձում ինչ-որ մեկի դուրը գալ, ինչ-որ մեկին հագուրդ տալ: Այս ամենն արվում է Հայաստանի անվտանգ, դինամիկ, կանխատեսելի զարգացման համար:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս