Աշխարհի ու Եվրոպայի եռակի, Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր` հոկտեմբերի 21-ին, նշում է ծննդյան 26-րդ տարեդարձը:
Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։
2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն պատանիների 84 կգ քաշային կարգում։
2012 թվականի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանյանը նվաճել է ոսկե մեդալը։ Այդ առաջնության ընթացքում նա հաղթել է 5 գոտեմարտում՝ մրցակիցներին տալով ընդամենը մեկ միավոր։
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 և 2015 թթ. լավագույն մարզիկ։ Նույն թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։
2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ: Գրեթե չորս ամիս անց՝ օգոստոսի 8-ին, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:
2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը: 2017 թվականի օգոստոսին էլ Ալեքսանյանը Փարիզում կայացած ԱԱ-ում հռչակվել է չեմպիոն:
Արթուր Ալեքսանյանը Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի է, 2011 թվականին արժանացել է նաև ՀՀ սպորտի վարպետի կոչման, մեկ տարի անց արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, իսկ 2015 թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: