Հոկտեմբերի 13-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանը ներկայացրեց 2017 թվականի ընթացքում աուդիտի ենթարկված դպրոցներում ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ այդմ, մարզում դպրոցներ կան, որոնց տնօրենները տարիներ շարունակ տեղյակ չեն, որ հարկային պարտավորությունները ամբողջությամբ չկատարելու պատճառով դպրոցներն ունեն դեբիտորական պարտքեր, որոնց տոկոսների գումարներ են ավելանում:
Դպրոցների ունեցած պարտքերը հայտնաբերվում են ստուգումների արդյունքում: Մարզի դպրոցների մի մասում դեռեւս ներդրված չէ աշխատավարձի վճարման քարտային եղանակը: Չնայած ուսուցիչների աշխատավարձը բարձր չէ, սակայն աշխատավարձի կանխիկ վճարումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Տավուշի հանրակրթական որոշ դպրոցներում դեռեւս պահպանվում են դրամարկղային գրքերը:
Մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետն ասաց, որ դպրոցներում խախտվում է «Գնումների մասին օրենքը», տնօրենները շուկայում առկա գների ուսումնասիրություն չկատարելով՝ իրենք են որոշում, թե որ խանութից կամ սուբյեկտից գնումներ կատարեն: Դպրոցներում գնումների գծով մասնագետները չունեն համապատասխան լիցենզիա:
Հանրակրթական դպրոցներում խախտվում է ծախսերի նախահաշիվը, ծախսեր են արվում, որոնք ներառված չեն նախահաշվում, կամ նախահաշվի տարբեր հոդվածներում գումարների տեղափոխություն է արվում: Լինում է այնպես, որ նախատեսված է 950 հազար դրամի գնումներ կատարել, սակայն ծախսերի գումարն անցնում է 1 միլիոն դրամի սահմանը, ինչի հետեւանքով խախտվում են գնումների մասին օրենքի պահանջները: Ն. Մելքումյանն ասաց, որ դպրոցներում բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներով շինարարություն կատարելու դեպքում պետք է այդ մասին տեղյակ պահեն մարզպետարանում, կան տնօրեններ, ովքեր իրենց հայեցողությամբ են շինարարություն կատարում:
Տավուշի շատ դպրոցներում գույքագրումն արվում է ձեւականորեն, թղթի վրա, տնօրենը գույքագրման ժամանակ չի շրջում դպրոցի տարածքով, որպեսզի տեսնի, թե կրթօջախում իրականում ինչ գույք կա:
Պարզվում է՝ Տավուշում հանրակրթական դպրոցներ կան, որոնք գործում են առանց լիցենզիայի: Ն. Մելքումյանի խոսքերով՝ եթե տնօրենին հարցնես, նա կասի՝ ինձնից առաջ 4 տնօրեն է աշխատել, որոնք աշխատել են առանց լիցենզիայի:
Մարզպետ Հովիկ Աբովյանը դպրոցների տնօրեններին հանձնարարեց շտկել նշված խախտումները եւ թերությունները: Մարզպետն ասաց՝ հայտնի են դեպքեր, երբ դպրոցի տնօրենը Իջեւան գալով՝ քարտով ստանում է ուսուցիչների աշխատավարձը եւ հետո բաժանում աշխատողներին: Նա ասաց, որ մինչեւ 2018թ. սկիզբը դպրոցներում դրամական միջոցների կանխիկ շրջանառությունը պետք է վերացվի, մարզպետարանի հանձնաժողովը այդ կապակցությամբ ստուգումներ կկատարի:
Ոսկան Սարգսյան
Տավուշ