ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր պաշտոնյաները գիրք չեն սիրում, որովհետև չգիտեն՝ դա ինչ է․ տգետ մարդը չի կարող գիրք սիրել․ Էդգար Կոստանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ժամանակակից գրականության, գրական միջավայրի խնդիրների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է արձակագիր, միջազգային «Ինտերրայթ» եւ «Եվրոփեն» մրցույթների հաղթող Էդգար Կոստանդյանի հետ, որի գրքերը ամենավաճառվողներից են Հայաստանում:

-Էդգա՛ր, Հայաստանում ժամանակակից գրականության առջեւ այսօր ի՞նչ խնդիրներ են ծառացած:

-Արվեստի ճյուղերից ամենավատ վիճակում այսօր գրականությունն է: Կան առանձին գրողներ, որոնք լավ են աշխատում, բայց գրական իրականություն, որպես այդպիսին, չունենք: Կան առանձին հրատարակչություններ, որոնք կարեւոր գործ են անում, բայց գրական միջավայր ասվածը չունենք: Դաշտում շատ խնդիրներ կան` սկսած լեզվի խնդրից: Կարելի է փոքրիկ հանձնաժողով ստեղծել, որի անդամները կընտրեն ստեղծագործությունները` նախքան դրանց տպագրվելը. խոսքը ոչ թե թեմային է առնչվում, այլ գրագետ տեքստերին: Եթե գրողը դ-տ-թ-ի ուղղագրությունը չգիտի, նրա գիրքը չի կարող գրախանութ մտնել:

Գրախանութին էլ չես կարող մեղադրել, այն շահույթ հետապնդող կառույց է, պետք է տպագրի: Սպառողի տարրական իրավունքները պետք է պաշտպանվեն: Հանձնաժողովի անդամներն էլ արժանիներին չպետք է ընտրեն խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, բայց ոչ էլ գրաքննություն պետք է անցկացնեն. ինձ ճիշտ հասկացեք: Այսօր ցանկացած մեկը, ով իր մորքուրի ծնունդը շնորհավորում է, իր գրածը կոչում է պատմվածք: Մի աղջիկ «Ֆեյսբուքում» մի բան է գրում, մայրն ասում է. «Բրավո, բալես», երեխան որոշում է, որ առավոտյան պետք է գիրք տպի:

Այսօր այնպիսի մարդիկ են իրենց գրող համարում, որ ամոթ էլ է: Չի կարելի: Իմ սերնդի ներկայացուցիչները կռիվ են տվել, որ գրականությունը մեր երկրում մի քիչ կարեւոր դառնա, չի կարելի փչացնել պատկերը:

-Բազմիցս գրել եք պիեսներ, Ձեր ստեղծագործությունների հիման վրա բեմադրվել են ներկայացումներ: Հիմա ինչո՞ւ Ձեր գործերը չեն բեմադրվում:

-Ես խաղացանկային թատրոնների հետ երբեք չեմ համագործակցել, դրանք եղել են առանձին պատվերներ: Ամեն դեպքում, թատրոնների հետ բացարձակ չեմ ուզում աշխատել: Վերջին անգամ ե՞րբ եք թատրոն գնացել: Հիմա լա՞վ եք: Հայաստանում կա երկու թատրոն, որոնք շատ եմ սիրում` Մալյան թատրոնն ու Գյումրու թատրոնը: Իսկ, առհասարակ, մեր թատրոններում նոր գործեր հազվադեպ են բեմադրվում, որովհետեւ դրանց ծախսը շատ է: Այդ պատճառով էլ անընդհատ հին հեղինակների գործեր են բեմադրում: Ո՞նց կարելի է թատրոնի խաղացանկում երկու-երեք Շեքսպիր ունենալ: Իհարկե, պետք է բեմադրել Շեքսպիր, բայց ամեն ինչին չափ կա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս