«Հիթ օլիմպ», «Բջջային տասնյակ», «Երաժշտական խաչմերուկ» հաղորդումներից հայտնի Սուրեն Փահլեւանյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին որպես հաղորդավար չի երեւում։ Փոխարենը նա նկարահանվում է սերիալներում։ «Պապայի աղջիկները» սերիալում կերտած նրա կերպարն, օրինակ, ամենաքննարկվողներից է։
«Ժողովուրդ»-ը Սուրենից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վերջինս որպես հաղորդավար հանդես գալու առաջարկներ ունի. «Նման առաջարկներ չունեմ, թեեւ եթերից դուրս ինձ չեմ պատկերացնում»-ասաց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը, թե գուցե պատճառն այն է, որ գործատուները նախապատվությունը տալիս են ոչ փորձառու, բայց էժան աշխատուժին, Սուրենը պատասխանեց. «Շատ հնարավոր է, ամեն դեպքում, որ հաղորդման շրջանակում որ ընդգրկված եմ եղել, փորձել եմ ապահովել որակ»։
Սուրենը 2012-ից Հանրային հեռուստաընկերությամբ վարում էր «Առավոտ լուսո» հաղորդումը, սակայն որոշ ժամանակ անց անսպասելի անհետացավ եթերից։ Մենք հետաքրքրվեցինք՝ որն էր պատճառը. «Պատճառն այն էր, որ աշխատանքս կրկնապատկվեց, սակայն աշխատավարձս մնաց նույնը, դա աբսուրդ է»,-տեղեկացրեց նա։
Մենք հարցրինք՝ գուցե Սուրենն ի՞նքը հեղինակի որեւէ հաղորդում, որը հոգեհարազատ կլինի իրեն. «Նման դեպքերում հարկավոր է գտնել հովանավորներ, իսկ վերջիններս էլ հաճախ թելադրում են կանոններ, որոք ձեռնտու չեն լինում քեզ»,-նկատեց նա։ Սուրենը կարծիք հայտնեց, որ առաջիկայում ինքն ավելի կխորանա դերասանական ոլորտում. «Զգում եմ, որ հաջողում եմ այդ ասպարեզում, աստիճանաբար հմտանում եմ, այնպես որ դերասանի աշխատանքն իսկապես հոգեհարազատ է դառնում ինձ»,-ասաց նա։
Մենք Սուրենի հետ մի փոքր խոսեցինք նաեւ անձնական կյանքից, հետաքրքրվեցինք՝ ինչպես է նա վերաբերվում իր կնոջ՝ հաղորդավարուհի Յանա Դանիելյանի արտաքինի մասին համացանցում պարբերաբար հնչող քննադատություններին. «Բայց հիմա արդեն անտեսում եմ, որովհետեւ զգում եմ, որ դրանց հեղինակները պարապ եւ հիմար մարդիկ են»,- եզրափակեց Սուրենը։
Անի Անտոնյան