Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխայիլ Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերության շուրջ դատական պատմությունները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պրոմեթեյ բանկը դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ «Ապավեն» ՍՊԸ-ից, «ԴարՖ» ՍՊԸ-ից, «Միկմետալ» ՓԲԸ-ից եւ այլ ընկերություններից գումար է պահանջում: Տեղեկացանք, որ գումարի չափը կազմում է մոտ 1,5 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ 2017 թվականի հոկտեմբերի 5-ին «Միկմետալ» ՓԲԸ-ն դիմել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Հայր եւ որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ից պահանջելով շուրջ կես միլիոն դրամ: Երկու ընկերությունների միջեւ առկա դատական գործի քննությունը մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին, ով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի դուստրն է, ուստի դժվար չէ կռահել, թե ինչ ընթացք կունենա այս դատաքննությունը: