«Ինքը չպայքարեց մինչև վերջ». Հակոբ Շահգալդյանի մրցակիցը ձևակա՞ն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նոյեմբերի 5-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուն մեկն է` գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Ի դեպ, Չարենցավանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են ոչ միայն չարենցավանցիները, այլեւ հինգ` Ալափարս, Արզական, Ֆանտան, Կարենիս, Բջնի գյուղերի բնակիչները:

Նշենք, որ Շահգալդյանի հետ առաջադրվել էր եւս մեկ թեկնածու` անկուսակցական Արտավազդ Ալեքսանյանը, ով հետ է վերցրել թղթերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ալեքսանյանը առաջին անգամը չէ, որ «պայքարում է» Շահգալդյանի դեմ: Նա 2014 թվականին եւս առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն կեսից կրկին ինքնաբացարկ է հայտարարել: Դեռ 2014 թվականին Ալեքսանյանը աշխատել է Շահգալդյանին պատկանող գազալցակայանում որպես հերթափոխի պետ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հակոբ Շահգալդյանի հետ:

-Պարո՛ն Շահգալդյան, ո՞վ է Ձեզ համար Արտավազդ Ալեքսանյանը, ով իր թեկնածությունը առաջադրել է երկու անգամ, բայց չի պայքարել մինչեւ վերջ…

-Չարենցավանցի երիտասարդ է…

-Բայց 2014 թվականին նա կրկին առաջադրվել էր Ձեր դեմ ու անմիջապես հետ էր վերցրել թղթերը…

-Ինքը համոզվեց, որ չի կարող պայքարել, դրա համար էլ հետ է վերցրել թղթերը:

-Բայց ժամանակին աշխատել է Ձեզ պատկանող գազալցակայանում…

-Ճանաչում եմ իրեն, բայց անձնական շփում չկա: Այդ գազալցակայանը արդեն չկա: Այն ժամանակ, որ աշխատել է ինքը այդտեղ, տնօրենը ես չեմ եղել:

-Ըստ չարենցավանցիների` նրա թեկնածությունը ձեւական է եղել: Նախապես պայմանավորվածություն է եղել Ձեր մեջ…

-Ի՞նչ պետք է պայմանավորվենք: Իրեն հարցրեք: Ինքը չպայքարեց մինչեւ վերջ: Ես կարիք չեմ ունեցել իր հետ պայմանավորվածություն ձեռք բերելու:

-Պարո՛ն Շահգալդայան, կներեք, գուցե կոպիտ հնչի, բայց չարենցավանցիները չե՞ն հոգնել Ձեզանից:

-Դա չարենցավանցիները կասեն…

-Իսկ Դուք չե՞ք հոգնել քաղաքապետի աշխատանքից:

-Ես ընդամենը 43 տարեկան եմ, եթե լինեի 60 կամ ավելի տարեկան, կարող էիք ասել` ժամանակն է Ձեր տեղը զիջեք երիտասարդներին: Ես չեմ ասում, որ անփոխարինելի եմ:

-Պարոն Շահգալդյան, կան խոշորացված համայնքներ, որտեղ առաջադրվել են նաեւ խոշորացվող գյուղերի նախկին ղեկավարները: Ձեր դեպքում միակն թեկնածուն եք: Ինչ է` ներքին հրահանգ է իջեցվել, որ չառաջադրվեն:

-Որեւէ հրահանգ չի եղել, բոլորն էլ իրենց գործողություններում ազատ են: Բոլորն էլ կայացած, նորմալ մարդիկ են: Եթե ես լինեի ավելի փոքր համայնքի ղեկավար, ապա ես ինքս չէի առաջադրվի: Քանի որ չարենցավանցիները կնախատրեն չարենցավանցուն ձայն տալ:

-Այսինքն` Դուք Ձեզ լուրջ մրցակից եք համարում եւ անիմաստ եք գտնում Ձեր դեմ պայքարելը…

-Ինձ լուրջ մրցակից չեմ համարում: Այդ գյուղապետերը, որոնք չեն առաջադրվել, հաշվարկել են: Չէ որ խորհրդարանական ընտրություններին Չարենցանավում մասնակցել է 12 հազար 600 մարդ, իսկ այդ գյուղերում իրար հետ վերցրած` 5000 մարդ: Ինչ եք կարծում չարենցանավին իր ձայնը կտա ինձ, թե այդ գյուղերից առաջադրվածներին: Թե չէ`այլ խնդիր չկա:

-Պարոն Շահգալդյան, պաշտոնական հայտարարագիր եք ներկայացրել . ունեք երկու տասնյակ հողամաս, բնակարաններ, ավտոտնակներ, երկու ընկերությունում 200 հազար դրամի բաժնեմաս, մեկում`22 մլն 380 հազար դրամի բաժնետոմս… այսքանը քաղաքապետ աշխատելու տարիներին եք հաջողացրել կուտակել՝ աշխատավարձո՞վ:

-Ոչ, մինչեւ քաղաքապետ նշանակվելը ես դրանք ունեցել եմ: Այդ հողամասերի մեծ մասը գտնվում է Ալափարս գյուղում, դրանք անջրդի են: Այս տարիների ընթացքում իմ ունեցած հողակտորները տվել եմ մարդկանց անհատույց մշակում են, ես ոչ մի անգամ դրանք չեմ մշակել: Նաեւ`«Արմավտո» ԲԲԸ-ում ունեմ 21 տոկոս բաժնեմաս, որտեղ ես աշխատել եմ երկար տարիներ:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս