Կառավարության տնտեսական ոլորտի պատասխանատու նախարարները մի հարցում խելամիտ գտնվեցին. հաշվետվություն ներկայացնելու համար իրենց ասուլիսները կազմակերպեցին մինչեւ սոցիալ-տնտեսական ցուցանիշների երրորդ եռամսյակի տվյալների հրապարակումը: Ու դրա համար էլ ներկայացնելով հունվար-օգոստոս ամիսների վիճակագրությունը՝ նրանց հաջողվեց գլուխ գովել, թե տնտեսության զարգացման ոլորտում կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունն ամբողջությամբ արդարացրել է իրեն: Բայց երեկ ԱՎԾ-ն հրապարակեց 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները. պատկերը, մեղմ ասած, հիասթափեցնող էր:
Եւ այսպես՝ հիշում եք օրերս ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հայտարարությունները, թե. «ՀՀ հետագա զարգացումը տեսնում ենք արտահանելի տնտեսության ձեւավորման մեջ»: Նա նաեւ խոսել էր արտահանման ծավալների աճի մասին` պաշտոնական վիճակագրությունից մեջբերելով ցուցանիշներ: Ըստ այդմ, հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ապրանքների արտահանման աճը կազմել էր 21,7 տոկոս, եւ Կարայանը հույս էր հայտնել, որ մինչեւ տարվա վերջ ՀՆԱ-ի մեջ արտահանումը կկազմի 37-38 տոկոս:
Սակայն հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները վկայում են, որ արտաքին առեւտրաշրջանառության աճի տեմպերը սկսել են նվազել, ընդ որում, հատկապես արտահանման աճի տեմպերը սկսել են նվազել կտրուկ:
Երրորդ եռամսյակում արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 4 մլրդ 367.5 մլն դոլար. սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 21.7 տոկոսով: Այդ ընթացքում արտահանվել է 1 մլրդ 546.7 մլն դոլարի ապրանք. աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 19.1 տոկոս (մինչդեռ կառավարության անդամները հպարտանում էին հունվար-օգոստոս ամիսներին արտահանման 21.7 տոկոս աճով): Ընդ որում, արդեն սեպտեմբերին արտահանումը, օգոստոս ամսվա համեմատ, պակասել է 9.6 տոկոսով: Ինչ վերաբերում է ներկրման ծավալներին, ապա այստեղ աճը կազմել է 23.2 տոկոս. 2017թ. ինը ամիսներին Հայաստան է ներկրվել 2 մլրդ 820.8 մլն դոլարի ապրանք:
Փաստորեն, պետք է արձանագրենք, որ չնայած կառավարությունն իր ծրագրում խոստացել է Հայաստանի տնտեսությունը դարձնել «արտահանելի», սակայն այդ ուղղությամբ որեւէ դրական տեղաշարժ չկա, դեռ ավելին` արտահանման ծավալները նվազում են, ու գնալով ավելի է խորանում արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը:
ԱՎԾ հրապարակած տխուր ցուցանիշները միայն այդքանով չեն սահմանափակվում: Տնտեսական աճը, որ իշխանությունների վերջին ժամանակաշրջանի հպարտության առարկա էր դարձել, սկսել է նվազել. եթե հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 5.5 տոկոս էր, ապա հունվար-սեպտեմբերին այն դարձել է 5.1 տոկոս: Նվազել են արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը. եթե մեկ ամիս առաջ իշխանությունները պարծենում էին, թե արդյունաբերության ոլորտում 12.4 տոկոս աճ ենք արձանագրել, ապա հիմա այդ ցուցանիշն իջել է 11.9 տոկոսի: Գյուղատնտեսության ոլորտում խորանում է անկումը. գյուղատնտեսական արտադրանքի ծավալները պակասել են 9.9 տոկոսով, շինարարության ծավալները` 6.4 տոկոսով, եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած, Հայաստանի տնտեսությունը կամաց-կամաց սկսել է կաղալ:
Ու հիմա հետաքրքիր է` ընդամենը մի քանի օր առաջ տնտեսության զարգացման ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունն ամբողջովին արդարացված որակող պաշտոնյաներն ինչպե՞ս են մեկնաբանում «աննախադեպ» աճի տեմպերի սպասված նվազումը, ինչպե՞ս են մեկնաբանում, որ Կարեն Կարապետյանի «դմփոց-ռեֆորմներն» այդպես էլ արդյունք չեն տալիս:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ