Ուսանողները ՊՆ-ի դեմ են դուրս եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ բուհերի ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում` ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Պատճառը պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նախագծին է:

Երեկ «Տարկետում լինելու է» պաստառներով բողոքող ուսանողները Երեւանի պետական համալսարանի մոտ էին հավաքել, որից հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: Նշենք, որ ԵՊՀ եւ այլ բուհերի ուսանողները բողոքում են «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության» մասին օրենքներում պաշտպանության նախարարության առաջարկած փոփոխությունների դեմ:

Իսկ օրենսդրական այս նախաձեռնությունը առաջարկում է տարկետում տրամադրել միայն Հայաստանի բուհերում կրթություն ստացող այն քաղաքացիներին, որոնք ՊՆ-ի հետ կկնքեն քաղաքացիաիրավական պայմանագիր ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու եւ ուսումն ավարտելուց հետո նախարարության նշած վայրում ու պայմաններով ծառայելու դեպքում:

Երեկ ԿԳ նախարարության ներկայացուցիչը, ով իջավ բանակցելու ուսանողների հետ, առաջարկեց այս թեմայի շուրջ առաջիկայում հանդիպել եւ քննարկում անցկացնել: Սակայն ի պատասխան ԿԳ ներկայացուցչի հրավերի՝ ուսանողներից մեկն արձագանքեց. «Մեր հիմնական դիրքորոշումը հետեւյալն է` ակադեմիական տարկետման վերացումը անթույլատրելի է:

Հիմա եթե մենք սա որպես սկզբնական կետ ֆիքսում ենք, որ կրթության եւ գիտության նախարարությունը ոչ թե հանդես է գալիս որպես պաշտպանության նախարարության փաստաբան եւ լոբբինգ է անում ՊՆ-ի դրած օրինագիծը, որտեղ կոնկրետ այլ գերատեսչության աշխատողները մտնում են կրթական համակարգի, կոպիտ ասած, բոստան ու այնտեղ վարուցան անում, մենք կարող ենք նստել ու զրուցել: Բայց ակադեմիական տարկետումը այն ձեւով, որ այս պահին գոյություն ունի, պետք է պահպանվի: Այս ամենից հետո կարող ենք փոխանակել մեր տեսակետները, թե ինչպես պետք է վերացնենք կոռուպցիան կրթական համակարգում»:

Իսկ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչը այս ամենից հետո միայն կարողացավ մի քանի ուսանողների հրավիրել քննարկման երկուշաբթի օրը: Ինչը խիստ զայրացրեց ուսանողներին: «Եթե ԿԳՆ ունի այնքան քաղաքական կշիռ, որ երկուշաբթի օրը պաշտպանության եւ անվտանգության գլխադասային հանձնաժողովում քննարկում եւ քվեարկություն տեղի չունենա համապատասխան օրենքի շուրջ, ապա մենք երկուշաբթի օրը կարող ենք հանդիպել»,- իրենց պայմաններն առաջ քաշեցին ուսանողները: Ինչի շուրջ այդպես էլ համաձայնության չեկան:

«Ժողովուրդ»-ը ուսանողներից տեղեկացավ, որ այս խնդրի շուրջ իրենք անգամ նամակով դիմել են պաշտպանության ու կրթության եւ գիտության նախարարություններ, սակայն անարձագանք: Բայց ուսանողները վճռական են տրամադրված, եւ եթե իրենց ձայնը լսելի չդառանա, անգամ պատրաստ են դասադուլ անելու:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս