Նոր խոչընդոտ. օնլայն առևտրի ծավալը կսահմանափակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները հնարավոր է` առաջիկայում զրկվեն ոչ ԵՏՄ անդամ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից: Բանն այն է, որ Ռուսաստանի` 2018-2020 թթ. պետբյուջեի նախագծի համաձայն, որը ներկայացվել է Պետդումայի հաստատմանը, այդ երկրի կառավարությունն առաջարկել է 50 անգամ փոքրացնել օնլայն առեւտրի այն նվազագուն ծավալը, որից մաքսատուրք չի գանձվում:

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը առաջիկայում հնարավոր է` որոշում ընդունի առցանց գնումների ծավալը սահմանափակելու վերաբերյալ: Ըստ այդմ, եթե հիմա ՀՀ քաղաքացին առցանց գնումներով այլ երկրներից կարող է մինչեւ 200 հազար դրամի սահմաններում անմաքս ապրանք ձեռք բերել, ապա որոշումից հետո այդ ծավալը կսահմանափակվի մինչեւ 11 հազար դրամը: Իսկ 11 հազար դրամից ավելի առցանց գնում անելիս մաքսատուրք է գանձվելու:

Նշենք, որ Ռուսաստանի ներկայիս օրենսդրության համաձայն` յուրաքանչյուր ամիս օնլայն առեւտրի միջոցով հնարավոր է առանց մաքսավճարի երկիր ներմուծել 1000 եվրոյին համարժեք ապրանք: Բայց ՌԴ կառավարությունն առաջարկում է 2018 թվականի հուլիսի 1-ից այդ շեմն իջեցնել 20 եվրոյի: Ի դեպ, տեղեկացնենք, որ անցած տարվա ապրիլին ՌԴ մաքսային ծառայությունը ֆինանսների նախարարությանն առաջարկել էր նվազագույն շեմը 1000 եվրոյից նվազեցնել 22 եվրոյի, ինչպես Բելառուսում է:

Մյուս կողմից` մասնագետները պնդում են, որ իրականում ռուսական կողմը այսպես նպատակ է հետապնդում ռուսական ապրանքները սպառել: Բայց ռուսական կողմի «նպատակը» կիրականանա միայն այն դեպքում, երբ Հայաստանում նման արգելք գործի:

Չնայած սրան` խիստ անհանգստացած են Հայաստանում օնլայն առեւտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք վստահ են, որ Ռուսաստանի կառավարության նախաձեռնության հետեւանքով կզրկվեն ոչ ԵՏՄ անդամ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից: Հավելենք, որ Հայաստանում օնլայն գնումների քանակը տարեցտարի ավելանում է:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ այսկերպ փորձում են գնալ ունիֆիկացման ճանապարհով, որպեսզի դաշտը միասնական լինի: «ԵԱՏՄ ամբողջ տարածքում փորձում են միասնական դարձնել խաղի կանոնները: Չեմ բացառում, բայց հիմա այդ մասին խոսելը շատ վաղ է: Եթե սահմանափակվում է ընդամենը 22 եվրոյի սահմանով, դա, իհարկե, որոշակի խնդիրներ կառաջացնի առցանցային վաճառքին սովոր մարդկանց մոտ: Ամեն դեպքում, եթե դա լինի, ապա վատ է: Այն, ինչ որ սահմանափակում է այլընտրանքը, դա արդեն իսկ դարձնում է մոնոպոլ»,- նկատեց քաղտեխնոլոգը:

Ըստ մեր զրուցակցի` այդ հարցերը ԵԱՏՄ տարածքում ոչ միայն Հայաստանին է հետաքրքրում, այլ կան նաեւ այլ երկրներ, որտեղ կարող է նույն խնդիրը առաջանալ: «Ես կարծում եմ, որ այդ հարցը կարող է լուծում ստանալ, այլ փոքր տնտեսական խնդրից չի վերածվի քաղաքական նույնիսկ աշխարհաքաղաքական խնդրի:

Այդ հարցն էլ ինչ-որ ձեւով կլուծվի: Բայց այդ 22 եվրոյի սահմանափակումը անտրամաբանական է: Քանի որ կան շատ ավելի մեծ երկրներ` ավելի մեծ ամբիցիաներով՝ Ղազախստան, Բելառուս, եւ այլն, որոնք չեն թողնի այդ հարցը այդ պայմաններով մտնի միասնական օրակարգ»,- հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս թեմայով ՌԴ կառավարությանն է դիմել նաեւ «Ռուսաստանի փոստը»: Բայց փոստի առաջարկները այլ են: Ըստ այդմ, փոստը առաջարկել է էլեկտրոնային անմաքս առեւտրի շեմը 1000 եվրոյից իջեցնել մինչեւ 200 եվրո: Այսինքն՝ արտասահմանից ինտերնետային առեւտրի մաքսատուրքից ազատման 1000 եվրոյի գործող շեմը 2019 թ. կրճատվի մինչեւ 200 եվրո, մինչեւ 2020 թ.` մինչեւ 100 եվրո, իսկ մինչեւ 2021 թ.` 50 եվրո: Ենթադրվում է, որ նույն դրույքաչափերը պետք է սահմանեն նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, այդ թվում` Հայաստանը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի սկզբին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան եւս մշակել է սահմանաչափի նվազեցման իր պլանը` 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 500 եվրո, իսկ մեկ տարի անց` մինչեւ 200 եվրո:

Նաեւ ԵՏՀ-ի ներկայացուցիչ Նատալյա Սաչենոկը հայտարարել էր, որ երկրները կարող են ինքնուրույն խստացնել ներմուծումը: Սահմանված են միայն վերին շեմերը` Բելառուսում` 22 եվրո, Հայաստանում` 150 դոլար, Ղազախստանում` 1000 եվրո, Ղրղզստանում` 1000 դոլար: Արդյոք այս դրույքաչափերը կհաստատվեն, դեռեւս հայտնի չէ: Բայց Հայաստանի կառավարությունը առայժմ լռում է: Իսկ եթե մեր հանրապետության դեպքում 150 դոլարի դրույքաչափը հաստատվի, ապա Հայաստանում այն գերազանացելու դեպքում քաղաքացին կվճարի 22.5 տոկոսի չափով մաքսատուրք:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս