ՖՈՏՈ. Ո՞ր գույներն են այս աշնանը ակտուալ, ի՞նչ կրել այս սեզոնին. Արամ Նիկոլյանի խորհուրդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը փարաջանովյան մոտիվներով հավաքածուի ստեղծման, Հայաստանում թեթեւ արդյունաբերության զարգացած չլինելու եւ դրանից բխող խնդիրների, աշնանային նորաձեւության վերջին միտումների մասին զրուցել է դիզայներ Արամ Նիկոլյանի հետ: Նա նշել է, որ ֆաբրիկաների պակասի պատճառով հայ դիզայներները չեն կարողանում կյանքի կոչել իրենց գաղափարները:

-Արա՛մ, հիմա ի՞նչ հավաքածուների վրա եք աշխատում, մի փոքր կպատմե՛ք:

-Միաժամանակ երկու տարբեր հավաքածուների վրա ենք աշխատում՝ մասսայական արտադրության համար՝ մեկը մեր ատելյեի ֆորումի համար է, իսկ մյուսը կոչվում է «Made»: Հավաքածուներում ներառված են առօրյա զգեստներից մինչեւ երեկոյան հագուստներ: Դրանցում հատուկ թեմատիկա, որպես այդպիսին, չկա:

-Տեղյակ ենք, որ առաջիկայում ներկայացվելիք հավաքածուներից մեկում անդրադարձել եք Սերգեյ Փարաջանովին, նրա կյանքին ու ստեղծագործությանը: Ինչպե՞ս է այդ ամենը դրսեւորվելու հագուստի մոդելավորման պարագայում:

-Այո՛, գարնանը կներկայացնեմ աշուն-ձմեռ հավաքածուն, որտեղ անդրադարձ կա Փարաջանովի արվեստին, նրա մարդ տեսակին, ֆենոմենին:

-Իսկ ունե՞ք գաղափարներ, որոնք կյանքի չեք կոչել երկրի տնտեսական վիճակի, սուղ պայմանների պատճառով:

-Այո՛, այդ գաղափարները հիմնականում վերաբերում են մասսայական արտադրությանը: Առհասարակ, երբ որեւէ ոգեշնչում եմ ունենում, ամեն բան անում եմ, որ գաղափարս կյանքի կոչվի, բայց կան գլոբալ մտահղացումներ, որոնք դժվարանում ենք իրականացնել: Պատճառն այն է, որ Հայաստանում չկան ֆաբրիկաներ, իսկ անհատները, որոնք ինչ-որ չափով ապահովում են պայմաններ, չեն կարողանում ստանալ որակ, որը քեզ պետք է:

-Իսկ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց, կառավարության կազմի փոփոխությունից հետո ինչ-որ առումով իրավիճակ փոխվե՞ց:

-Կարծում եմ՝ մեր ոլորտին դեռ լուրջ անդրադարձ չի եղել, բայց եթե լինի, բավական բան կփոխվի: Խորհրդային տարիներին մեր երկրում թեթեւ արդյունաբերությունը եղել է երկրի տնտեսության շարժիչ ուժը: Շատ կուզեմ, որ նախկին այդ միտումը վերականգնվի:

-Արա՛մ, մի փոքր էլ խոսենք աշնանային նորաձեւության վերջին միտումներից: Արդեն թեւակոխում ենք խորը աշուն: Ո՞ր գույներն են այս սեզոնին մոդայիկ:

-Ակտուալ են պաստելային, սառը գույները: Մոդայիկ է համարվում նաեւ կարմիրը՝ ամենաբրենդային գույնը:

-Իսկ ո՞ր գույներից պետք է հրաժարվել:

-Ես միշտ խորհուրդ եմ տվել հրաժարվել նեոնային քիմիական գույներից: Առհասարակ, պետք չէ օգտագործել երանգներ, որոնք բնության մեջ առկա չեն:

-Վերարկուների, ժակետների ու բլուզների ո՞ր մոդելներն են նորաձեւ:

-Թրենդային են oversize վերարկուները, հաստ, խոշոր գործվածքներով, շուղերով գործած բլուզները, ժակետները, ինչպես նաեւ վադալասկաները:

-Իսկ կոշիկների հավաքածուներով ո՞ր մոդելներն են աչքի ընկնում:

-Բավական ակտուալ են երկար ճթքերով կոշիկները, որոնք, սակայն, հայուհիների մեծ մասին չեն սազում, քանի որ վերջիններս աչքի չեն ընկնում իրենց բարձր հասակով:

-Իսկ տաբատների ո՞ր տեսակները կառանձնացնեք այս սեզոնի համար:

-Տաբատներից նորաձեւ են լայն, ինչպես նաեւ հոլիդե մոդելները:

-Մի փոքր էլ խոսենք աքսեսուարների մասին: Հայտնի դիզայներների հավաքածուներում հետաքրքիր միտումներ կա՞ն:

-Կարող եմ ասել, որ ակտուալ են ոչ բնական, արհեստական մորթիները: Նորաձեւ են նաեւ լայնեզր գլխարկները, որոնք ամռանից եկան հասան մինչեւ աշուն:

Պայսուկաներից աչքի են ընկնում ոչ ստանդարտ ու ոչ սիմետրիկ ֆորմաները՝ անկյունից կտրվածքով, կիսակոր ֆորմաները: Այնպես որ, սեզոնը բավական խոստումնալից է նորաձեւության սիրահարների համար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս