Հանուն կոչումի Վիգեն Սարգսյանին խաբել են. բացահայտման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանուն պաշտոնական առաջխաղացման՝ խարդախության գնալու դրսեւորումները ՀՀ պաշտպանության նախարարությունում շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին մեղադրական եզրակացությունից հայտնի դարձավ, որ Արսեն Թադեւոսյանը, որը եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի տեղակալ, ցանկացել է առաջխաղացում ունենալ եւ նշանակվել նույն զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի պաշտոնում:

Բայց այդ, պաշտոնի համար նրան անհրաժեշտ է եղել բարձրագույն կրթության դիպլոմ ներկայացնել իր վերադասներին: Սակայն Արսեն Թադեւոսյանը չի ունեցել նշված պաշտոնը զբաղեցնելու պարտադիր նախապայման հանդիսացող բարձրագույն կրթությունը:

Եվ ահա, «գործը գլուխ բերելու համար» նա 2016թ․ նոյեմբեր ամսին ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունք է ներկայացրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյուրմրու մասնաճյուղը 2012թ․ ավարտելու վերաբերյալ Г-706 համարի AB-262569 սերիայի, համակարգչին կից գունավոր շիթային տպիչ սարքով տպված, ՀՀ պետական ստանդարտ թողարկմանը չհամապատասխանող ձեւաթուղթ հանդիսացող դիպլոմի պատճենը:

Այս կեղծ փաստաթղթի առկայության պայմաններում Արսեն Թադեւոսյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի 2016 թվականի նոյեմբերի 21-ի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի պաշտոնում, եւ նրան շնորհվել է առաջին սպայական լեյտենանտ զինվորական կոչում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արսեն Թադեւոսյանին այս արարքի համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Արսեն Թադեւոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ կեղծ դիպլոմներ ձեռք բերելով բանակում կոչում են ստանում:

2017 թվականի հունիսին գրել էինք, որ Գեղամ Բադալյանը, ով եղել է ՀՀ ՊՆ զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ-էլէկտրիկ, իսկ կոչումով` եֆրեյտոր, 800 դոլարով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի կեղծ դիպլոմ էր գնել, որպեսզի կոչում ստանա: Ներկայացնելով դիպլոմը՝ անցել է որակավորում, հանձնել քննությունները եւ ստացել զինվորականի լեյտենանտի կոչում, ապա աշխատանքի անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես ինժեներասակրավորային վաշտի ինժեներատեխնիկական դասակի հրամանատար: Իսկ այս գործով դատական քննությունը դեռեւս շարունակվում է:

Քնար Մանուկյան




Լրահոս