Աշխարհագրության ուսուցիչը պատմություն է դասավանդում, մաթեմատիկայի մասնագետը` ֆիզիկա. ուսուցչի թափուր տեղեր Տավուշի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում շատ ուսուցիչներ մանկավարժական բարձրագույն կրթություն չունեն կամ ունեն բարձրագույն կրթություն, սակայն՝ ոչ մանկավարժական: Բազում են դեպքերը, երբ ուսուցիչը կրթությամբ մանկավարժ լինելով` դասավանդում է ոչ իր ուսանած առական, օրինակ՝ աշխարհագրության ուսուցիչը պատմություն է դասավանդում, մաթեմատիկայի մասնագետը` ֆիզիկա եւ այլն: Հասկանալի է, որ այս իրավիճակը ազդում է կրթության որակի վրա:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բազմաթիվ տղամարդ ուսուցիչներ թողել են մանկավարժի աշխատանքը, այլ գործ գտել, քանի որ ուսուցչի ցածր աշխատավարձով դժվար է ընտանիք պահել: Դպրոցների ուսուցիչների բացարձակ մեծամասնությունը կանայք են, ովքեր ոչ միայն կրթում, այլեւ՝ չեն դաստիարակում աշակերտներին, որոնց կեսը տղաներ են: Կին մանկավարժները չեն կարող տղամարդկություն, առնականություն սերմանել իրենց աշակերտների մեջ:

Տավուշի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների պակասի մասին հոկտեմբերի 13-ին կայացած մարզխորհրդի նիստում հայտնեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատուրյանը: Նա ասաց, որ մարզի դպրոցներում մասնագետների պակաս կա, թափուր աշխատատեղեր գոյություն ունեն:

Նախորդ` 2016-2017 ուսումնական տարում, Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսեսի եւ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցներում 6 ուսուցչի պակաս է եղել: Նոր ուսումնական տարում Տավուշի մարզ 4 ուսուցիչ է գործուղվել: Հ. Խաչատուրյանն ասաց, որ Տավուշում ուսուցիչների թափուր աշխատատեղերը լրացնելու համար մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը համագործակցում է Երեւանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ, որպեսզի այդ բուհերի շրջանավարտները Տավուշ գործուղվեն: Բայց արդյունք առայժմ չկա:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս