Հայաստանից ԵԱՏՄ ոչ անդամ երկիր բեռնափոխադրումը` թույլտվությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առաջիկայում բեռնափոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն իր համաձայնությունն է տվել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երկու երկրների միջեւ նախատեսվում է ստորագրել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր:

Ըստ այդմ` երկու երկրների միջեւ եւ իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաեւ դեպի երրորդ երկիր եւ երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների:

Բայց միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները իրականացվելու են միայն թույլտվությունների առկայության դեպքում, որը երկու երկրների լիազոր մարմինները յուրաքանչյուր տարի պետք է փոխանակեն: Բացառություն կլինեն միայն անսարք ավտոբուսների փոխադրումները:

Իսկ ահա ծանրաքարշ, մեծ եզրաչափերով եւ վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցներով երկու պետությունների միջեւ փոխադրումների համար կտրամադրվի հատուկ թույլտվություն: Ի դեպ, թույլտվություն պահանջվելու է միայն Եվրասիական տնտեսական միության ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բեռների եւ ուղեւորափոխադրում իրականացնողները երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս ազատվելու են մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության եւ դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից եւ մուծումներից:




Լրահոս