Գյուղացիները վախենում են կարտոֆիլ մշակել. որտե՞ղ է նայում Իգնատի Առաքելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի գյուղացին ավելի քիչ կարտոֆիլ է մշակել, քան անցած տարի: Պատճառը` բերքի իրացման խնդիրն է եւ ցածր գինը, ինչի արդյունքում մարդիկ հրաժարվել են կարտոֆիլ ցանել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում տարեց տարի նվազում են ոչ միայն կարտոֆիլի ցանքատարածությունները, բերքատվությունը, այլեւ իրացման ծավալները:

Վերջին տարիներին բնակիչները շատ քիչ քանակությամբ են կարտոֆիլ մշակում, քանի որ իրացնելը շարունակում է լուրջ խնդիր մնալ: Փորձը ցույց է տվել, որ մինչեւ հիմա գյուղացին ինքնուրույն է լուծել բերքի իրացման խնդիրը: Բացի այս, գյուղացին հասկացել է, որ հող մշակելով ոչ մի օգուտ չի ստանում, այլ միայն վնաս է կրում:

Հող մշակելը դարձել է թանկ հաճույք, ինչի համար մեծ ծախսեր են պահանջվում, որի հնարավորությունն այսօր վարկերի տակ կքած գյուղացին չունի: Չմշակվող հողերի հիմնական պատճառներից մեկն էլ գյուղատնտեսական մթերքների դեռեւս ցածր գներն են: Իսկ այն գյուղացիները, որոնք հրաժարվել են կարտոֆիլ մշակել, նրանցից մեծ մասը պատրաստվում է կամ արդեն մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի նպատակով:

Մարդիկ այլ ելք չունեն: Վերջին շրջանում մեծացել է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվը, ինչի հետեւանքով գյուղում մնում են միայն կանայք, ծերերն ու երեխաները, որոնք պարզապես չեն մշակում հողերը:

Այս ամենի արդյունքում Հայաստանում այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունները զգալի նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում կարտոֆիլի ընդհանուր ցանքատարածությունը կազմել է 28 հազար 900 հա: Ճիշտ է, անցած տարի 2015 թվականի համեմատ կարտոֆիլի ցանքատարածությունները 1100 հա-ով ավելացել են, բայց 2014, 2013 եւ 2012 թվականների համամետ այն զգալի նվազել է:

Օրինակ, 2014 թվականին Հայաստանում կարտոֆիլի ցանքատարածությունը կազմել է 30 հազար հա, 2013-ին` 30 հազար 700, 2012-ին` 31 հազար 200 հա: Իսկ այս տարի անցած տարվա համեմատ կարտոֆիլի ցանքատարածությունը զգալի է նվազել` կազմելով 25 հազար 69 հա: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում գյուղացիները 3831 հա կարտոֆիլ չեն մշակել:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում նվազել է նաեւ կարտոֆիլի բերքատվության չափը: Օրինակ, եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 606 հազար 300 տոննա, ապա 2015 թվականին հավաքվել է 607 հազար 700 տոննա կարտոֆիլ: Մինչդեռ 2014 թվականին Հայաստանում հավաքվել է 696 հազար 100 տոննա կարտոֆիլ, 2014 թվականին` 660 հազար 500 տոննա կարտոֆիլ, 2012 թվականին 647 հազար 200 տոննա կարտոֆիլ, ինչը խիստ մտահոգիչ է: Եթե այս տեմպերով գնա, ապա հաջորդ տարի գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ շատ քիչ զբաղվել: Դժվար չէ կռահել, որ այս ամենի արդյունքում Հայաստանը կսկսի մեծ քանակությամբ կարտոֆիլ ներկրել:

Օրինակ, ՀՀ Շիրակի մարզի Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում հայտարարեց, որ իրենց գյուղի բնակիչները անցած տարի չեն կարողացել ունեցած կարտոֆիլը վաճառել: Ինչի պատճառով այս տարի շատ քիչ են ցանել: «Այս տարի գյուղում մշակվել է 28 հեկտար կարտոֆիլ, նախորդ տարվա 48 հա-ի փոխարեն: Մարդիկ անցած տարի ցանեցին կարտոֆիլ եւ մեծ քանակությամբ բերք հավաքեցին, բայց չկարողացան վաճառել: Իսկ այս տարի վախեցան մշակել, որովհետեւ մտածեցին, որ չեն կարողանա իրացնել»,- ներկայացրեց Գետքի գյուղապետը:

Իհարկե, գյուղացիները կվախենան ռիսկի դիմել, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ միշտ մնում են միայնակ` իրենց հոգսերի հետ միասին: Իսկ կառավարությունը ոչ մի պայման չի ստեղծում գյուղացու հոգսը թեթեւացնելու ուղղությամբ: Գյուղացին թանկ գնով ձեռք է բերում սերմացուն, ծախս անելով՝ հող է մշակում, բայց հավաքելով բերքը՝ չի կարողանում խելամիտ գնով իրացնել: Իսկ կառավարությունը ոչինչ չի անում: Ոչի՛նչ:

Բայց մյուս կողմից, գյուղացու կարտոֆիլ չմշակելը մեկ այլ խնդիր է առաջացրել ներքին շուկայում: Բանն այն է, որ կարտոֆիլի գինն է սկսել բարձրանալ, եւ չի բացառվում, որ այն ձմռանն է՛լ ավելի կթանկանա: Այսօր շուկայում կարտոֆիլի մեկ կիլոգրամի մեծածախ գինը կազմում է 140-150 դրամ, իսկ մանրածախինը` 200 դրամ: Ու կանխատեսվում է, որ գարնանը 1 կգ կարտոֆիլի գինը կհասնի մինչեւ 400 դրամի:

Հետաքրքիր է՝ որտե՞ղ է նայում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա ընդհանրապես՝ պատկերացնո՞ւմ է, թե որ ոլորտի պատասխանատուն է եւ կոնկրետ ինչ անելիքներ ունի ոլորտում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս