Ինքս էլ չգիտեմ՝ ինչու բաժանվեցինք, ֆիքսվում էինք բաների վրա, որոնք ուրիշ ժամանակ, գուցե, անտեսեինք. Աննա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում է հայտնիների անձնական կյանքի՝ մինչ օրս անհայտ կամ քչերին հայտնի դրվագներին: Վերջիններս խոսում են իրենց ապրած ջերմ զգացումների, հիասթափությունների մասին, կատարում են խոստովանություններ։

Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Աննա Խաչատրյանն է, ով, ի դեպ, դժվարությամբ հիշեց, թե ով է եղել իր առաջին սերը։ Նա նշեց, որ առանձնապես կարեւորություն չի տալիս այդ հասկացությանը։ Փոքր տարիքում, օրինակ, Աննան առանձնապես չի հրապուրվել, ինչ վերաբերում է դպրոցական տարիներին, նա եղել է, այսպես ասած, տղաների ընկերը. «Մեր դասարանի տղաները ինձ ընդունում էին որպես իրենցից մեկը»,- ծիծաղելով ասաց երգչուհին։

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին սանուհու բախտը չի բերել նաեւ ուսանողական տարիներին. «Մեր կուրսում, անգամ՝ համալսարանում, ուսանողների շրջանում գերակշռում էին աղջիկները, այնպես որ, այդ տարիքում եւս տղաների հետ առանձնապես շփում չեմ ունեցել»,- անկեղծացավ Աննան։

Նա սիրահարվել է ավելի ուշ, համեմատաբար հասուն տարիքում։ Ընկերոջ հետ հարաբերությունները, սակայն, երկար չեն տեւել։ Հարցին, թե ինչու են իրադարձությունները նման ընթացք ստացել, Աննան պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ինքս էլ չգիտեմ։ Միայն կարող եմ ասել, որ ոչ շատ հասուն տարիքում մարդիկ այնպիսի սխալներ են թույլ տալիս, որոնք հետագայում գուցե թույլ չէին տա, այնպիսի մանրուքների վրա են ֆիքսվում, որոնք ուրիշ ժամանակ գուցե անտեսեին»։

Մենք հետաքրքրվեցինք՝ երկուսից առաջինը ով է հեռացել. «Կարելի է ասել՝ մենք միաժամանակ հանգեցինք այն մտքին, որ հարկավոր է բաժանվել։ Ուղղակի հարաբերությունները սառեցին եւ վերջ»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ նախկին ընտրյալն իր ոլորտի հետ որեւէ կապ չի ունեցել։ Իսկ հարցին, թե ինչ որակներով պետք է օժտված լինի տղամարդը, որպեսզի հայտնվի Աննայի կողքին, վերջինս պատասխանեց. «Բազմիցս ասել եմ՝ նա ժլատ չպետք է լինի, եւ որ ոչ պակաս կարեւոր է՝ պետք է կայուն բնավարություն ունենա»։

Աննա Բաբաջանյան




Լրահոս