
2017թ. հոկտեմբերի 9-ին՝ առավոտյան, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու՝ գրավոր ներկայացրած սպառնալիքով մասնաճյուղի կառավարչից պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Նախնական հաշվարկներով՝ հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար:
Քննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ մի երիտասարդ գնացել է բանկի նշված մասնաճյուղ և կառավարչին հայտնել 60.000 Եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է մտել մեկ այլ երիտասարդ և գրավոր սպառնացել պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում, ապա հափշտակել առանձնապես խոշոր չափի գումարը և դիմել փախուստի։