ԻՆՉՈՒ ՀՐԴԵՀՎԵՑ ԱՐԳԵԼՈՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խոսրովի անտառ պետական» արգելոցի հրդեհից անցել է ավելի քան մեկ ամիս: Ու չնայած հարուցված քրեական գործին՝ ՀՀ քննչական կոմիտեն չի պարզել ու չի հրապարակել հրդեհի իրական պատճառները: Ամեն ինչ դեռ ենթադրությունների մակարդակում է: Հատկանշական է, որ Խոսրովի անտառի հրդեհի մասին խոսելիս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը միանգամայն հակառակ տեսակետներ են հայտնել. «Պնդում եմ, որ Խոսրովի անտառի հդեհը բռնկվել է անփութությունից, իսկ շարունակությունը որոշակի անգրագիտության հետեւանք էր»,-ասել է Տոնոյանը: Իսկ Արծվիկ Մինասյանն էլ նշել է, թե հրդեհը կարող էր լինել չարամտության կամ անզգուշության հետեւանք՝ դժվարանալով, սակայն, հստակեցնել, թե ով կարող էր միտումնավոր հրդեհել անտառը. «Կարող է՝ դա մարդկային գործոն լինի, կարող է՝ դա տեխնածին գործոն լինի, բայց այն, որ բնական երեւույթի պատճառ չի դա, այսինքն՝ այդ օրերին չի եղել կայծակ, այդ օրերին չի եղել ամպրոպ, սա փաստ է: Էստեղ շատ հնարավոր է, որ որոշակի չարամտության դրսեւորում լինի կամ անզգուշության: Ես չեմ բացառում նույնիսկ անզգուշությունը»: Հիշեցնենք, որ հարակից գյուղի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ արգելոցի ղեկավարության հետ հակամարտության մեջ են:

 

 

 

Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անգամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձել է ամեն գնով արդարացնել իրենց խմբակցության անդամների կողմից ընդդիմադիրների վրա հարձակումները՝ վերջիններիս մեղադրելով սադրանքների մեջ: «Եթե իրենք պահեին իրենց արժանավայել, ոչ մի անգամ ոչ մի արձագանք չէր լինի: Իրենք արդեն չափ ու սահմանն անցնում են»,- ընդդիմադիրներին մեղադրել է նա: Իսկ արդյո՞ք հրահանգ ունեք՝ անպատիվ խոսքեր ասելու եւ ավագանու նիստը փողոցային լեզվակռվի վերածելու, այս հարցին էլ Նահապետյանը պատասխանել է. «Իհարկե, ինքնաբուխ է: Մենք հանգիստ նստած ենք, կարծում ենք, որ նիստը կտեւի 10 րոպե, …բայց պարզվեց, որ սխալվում ենք: Իրենք համարժեք պատասխան են ստանում եւ միայն դրանից հետո են հիշում, որ իրենք կին են, այն էլ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից»:

 

 

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ կդիմի Սահմանադրական դատարան, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի: Ինչպես հայտնի է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հեղինակել է մի նախագիծ, ըստ որի՝ ստեղծվում է գործարարների շահերի պաշտպան: Բացի այդ՝ կառավարությունը պատրաստվում է ստեղծել առողջապահական օմբուդսմեն: ՀՀ ՄԻՊ Արման Թաթյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այդտեղ ոչ թե անձնական մոտեցման հարց է, այլ սահմանադրական լուծումների հարց է, դա հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Սահմանադրության լուծումների համաձայն՝ մեր երկրում կարող է լինել մեկ օմբուդսմենի հաստատություն, որովհետե նրանք չեն ունենալու այն լծակները, որ մենք ունենք, չեն ունենալու այն անկախությունը, որը մենք ունենք, մշտապես կախյալ են լինելու կամ գործադիր իշխանությունից եւ այլն»:

 

 

 

Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակած զեկույցում կասկածի տակ է դրել Հայաստանում այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցելու՝ իշխանությունների կանխատեսումները: Ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ «Ռոյթերզին» տված հարցազրույցում, խոսելով Հայաստանի տնտեսության վիճակի մասին, ասել է. «Մենք պատրաստվում ենք վերանայել տնտեսական աճի հիմքերը 2017 թվականի համար եւ 3.2-ի փոխարեն սահմանել իրական տնտեսական աճի 4.3 տոկոսանոց ցուցանիշ այս տարվա համար»: Ի դեպ, փորձը սովորաբար ցույց է տվել, որ միջազգային կառույցների կանխատեսումները բավական ռեալ են: Այնպես որ, չի բացառվում՝ տարեվերջին հետաքրքիր պատկերի ականատես լինենք:

 

 

 

ԾՏԻ ԵՎ ԲԼԴԻԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸ
Երեւանի ավագանու նիստերից տպավորություն է, թե հանձինս ՀՀԿ-ականների՝ քաղաքի ղեկավարումը ստանձնել է թաղային խուժանը, քուչի թափթփուկը:
Ավագանու երեկվա նիստում ՀՀԿ ներկայացուցիչներն ինքնամոռաց մրցում էին, թե իրենց վսեմաշուք շեֆին ընդդիմադիրների քննադատություններից պաշտպանելու եւ հակահարված տալու նվիրական գործում ո՞վ ավելի կոպիտ կգտնվի, ո՞վ ավելի վիրավորական, ավելի սուր արտահայտություն կանի: Եթե ավագանու նախորդ նիստում ընդդիմադիրների հետ «բանավիճելու» ծանր առաքելությունը ստանձնել էին մականունավորները` Ծիտն ու Բլդին, ապա այս անգամ առաջին շարքերում հայտնվել էր փոխքաղաքապետ Կամո Արեյանը, հետո արդեն նրան միացան ՀԷԿ-երի Նառա մականունով հայտնի Նաիրա Նահապետյանը, Լեւոն Իգիթյանը, Կամո Հովհաննիսյանը:
Ամեն ինչ սկսվեց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանի ելույթից, որտեղ նա Տարոն Մարգարյանին որակեց «Երեւան քաղաքը քանդող»: Այս խոսքերին անմիջապես հաջորդեց Արեյանի բացականչությունը. «Ես այլեւս համոզված եմ՝ տհասության բնածին վկայականով Աստված Ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին, մենք Ձեզ դրախտ բերողը չենք: Հաշվի առեք եւ ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի եւ մեր վաստակի եւ աշխատանքի հանդեպ հաշիվ տվեք Ձեզ, որ կզրկվեք մի կտոր դրախտի այս բաժնից… Դե, վեր ընգի տեղդ, տո՛, տավար… վեր ընգի տեղդ…»: Տարոն Մարգարյանին կրծքով պաշտպանելու հարցում ետ չի մնացել ՀԷԿ-երի Նառան, թե. «Դու ի՞նչ մարդ ես… Իսկական թուրքերի հավաքածու ա»: Իսկ ճարտարապետ Լեւոն Իգիթյանն էլ գռեհիկ հայհոյանքներ է հնչեցրել:
Ճիշտ է՝ Տարոն Մարգարյանն այս անգամ փորձում էր զսպել եւ կանխել վիճաբանությունը՝ ձեւացնելով, թե հանդուրժողականության կողմնակից է, պարբերաբար կոչ էր անում չխանգարել ավագանու նիստերը: Բայց ՀՀԿ-ականներն անդրդվելի էին. չէ՞ որ շեֆին քծնելու եւ պաշտպանելու հրաշալի առիթ էր ստեղծվել: Եւ հետո, համաձայնեք, սա ՀՀԿ-ականների էությունն է, ՀՀԿ-ականների տեսակը: Քաղաքակիրթ բանավեճերն ամենեւին էլ նրանց համար չեն: Նրանց ավելի հոգեհարազատ է վիրավորանքն ու հայհոյանքը, որովհետեւ ՀՀԿ-ականներն այլ լեզու չեն հասկանում: Եւ այդպիսին են ոչ միայն մականունավորները` Ծիտը, Բլդին, ՀԷԿ-երի Նառան, այլեւ Կամո Արեյանը, հաջորդ նիստում` կհայտնվեն ուրիշները, եւ այսպես շարունակ:

 




Լրահոս