ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԵՆ ՎԵՐԱՊԱՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու երեկվա արտահերթ նիստը կրկին անցավ լարված մթնոլորտում: Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, հաղորդավարուհի Նարա Շլեպչյանին, գրող Ռազմիկ Դավոյանին եւ «ՎիվաՍելլ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշումների քննարկումները վերածվեցին բանավեճի` փոխադարձ վիրավորանքներով:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն իր ելույթում նկատեց, թե այս անձինք Երեւանի համար ոչինչ չեն արել, միայն լռել են, երբ այդ նույն ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու իր թիմը զբաղված են եղել Երեւանը քանդելով: Այս խոսքերին հետեւեցին ՀՀԿ-ական անդամների վիրավորանքները. Աստղիկ Գեւորգյանը նշեց, թե տկար ուղեղներով մարդիկ այնպիսի մարդկանց մասին են արհամարհանքով խոսում, որոնք Հայաստանի համար մեծ գործ են արել: Մեկ այլ անդամ՝ Արմեն Սահակյանն էլ արձագանքեց. «Էս ո՞վ ա արա», փոխքաղաքապետ Կամո Արեյան էլ բղավեց. «Տեղդ վե՛ր ընկիր»:
Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ ավագանու նիստերն անցնում են այդպես լարված մթնոլորտում: Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ականները սովորել էին բոլոր հարցերն առանց խնդրի ընդունելու, եւ ընդդիմադիր գործիչների այս պահվածքն ու քննադատությունները նրանց սրտով չեն: Ի վերջո, ինչու են ավագանու ՀՀԿ-ական անդամներն իրենց դաստիարակի գործառույթ վերապահում:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը:
-Տիկի՛ն Նահապետյան, երեկ եւս ավագանու նիստն անցավ լարված մթնոլորտում: Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ականները ցանկանում են իրենց առավելությունն ընդգծել:
-Ո՛չ, ընդհանրապես նման բան գոյություն չունի: Երբեւիցե ավագանու ՀՀԿ-ական անդամներն իրենց առավելությունը ցույց չեն տալիս, ուղղակի լիարժեք պատասխանում են ընդդիմադիր կուսակցության անարժեք ելույթներին:
-Ինչ-որ խնդիր ունե՞ք ընդդիմադիր գործիչների հետ:
-Խնդիր չկա, մարդիկ չճանաչելով, իրենց անգրագետ պահվածքով սկսում են վարկաբեկել այն մարդկանց, ում մենք որոշել էինք հոկտեմբերի 14-ին ընդառաջ պատվավոր քաղաքացու կոչում տալ: Նույն Նարա Շլեպչյանի, Ռազմիկ Դավոյանի, Արկադի Փելեշյանի հասցեին, Յիրիկյանին փորձեցին բան ասել, հետո արդեն անցան վիրավորանքների քաղաքապետի հասցեին: Ինչպես կարելի է նման բան անել: Վերջապես ավագանու նիստ է, ինչ բարոյական իրավունք ունեն այդպիսի հարցերի քննարկման ժամանակ այդպիսի պահվածք ցուցաբերել:
-Առաջին դեպքը չէ, երբ ավագանու նիստերը լարված են անցնում. այսինքն՝ կարծիք չարտահայտե՞ն:
-Իրենք որդեգրել են տվյալ քաղաքականությունը, որ գալիս են նիստերի պատրաստված, ուղիղ մի ուղղվածությունով: Ընդհանրապես չխորանալով ո՛չ հարցերի, ո՛չ թեմաների մեջ՝ գալիս են՝ վարկաբեկելու եւ խոսելու: Այս առումով շատ լավ էր քաղաքապետի ելույթը, որ ինքը կօգտվի իր լիազորություններից, եւ, եթե նրանք շարունակեն խանգարել նիստերը, պետք է պատասխան տան, եւ դուրս հրավիրվեն դահլիճից, կամ պետք է ստեղծվի էթիկայի հանձաժողով, եւ իրենց բառերի համար դատի տան, որպեսզի հասկանան, որ իրենք փողոցում չեն, եւ սա հանրահավաք չէ: Դա աշխատանքային սենյակ է, որտեղ երկար տարիներ մենք աշխատում ենք:
-Իսկ որքանո՞վ է ՀՀԿ-ական անդամների արձագանքը համարժեք: Առաջին դեպքը չէ, որ ՀՀԿ-ականները վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ընդդիմադիր գործիչների հասցեին:
-Եթե իրենք պահեին իրենց արժանավայել, ոչ մի անգամ ոչ մի արձագանք չէր լինի: Իրենք արդեն չափ ու սահմանն անցնում են: Ինչպես կարելի է Փելեշյանի մասին այդպես արտահայտվել: Հանրահայտ ռեժիսոր է, ու ինքը կարդա եւ տեսնի, թե իր մասին ինչեր են ասում կենսագրություն չունեցող մարդիկ: Դա մեզ պատի՞վ է բերում: Մեր ազգի մեծերին, ովքեր ունեն կենսագրություն, վարկաբեկում ենք:
-Քաղաքապետի կողմից հրահանգ ունե՞ք այդպիսի վիրավորական արտահայտություններ անելու: Թե՞ ինքնաբուխ է ստացվում:
-Իհարկե, ինքնաբուխ է: Մենք հանգիստ նստած ենք, կարծում ենք, որ նիստը կտեւի 10 րոպե, որովհետեւ այս անգամ ընտրված մարդիկ ունեն փայլուն կենսագրություն եւ անցած ուղի: Մենք կարծում էինք, որ ոչ ոք չի կարող Նառա Շլեպչյանի դեմ ինչ-որ բան խոսել, բայց պարզվեց, որ սխալվում ենք: Իրենք համարժեք պատասխան են ստանում եւ միայն դրանից հետո են հիշում, որ իրենք կին են, այն էլ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից: Այդ կուսակցությունն ի՞նչ է արել երկրի համար: Մենք ոչ մի հրահանգ չունենք, մենք հանգիստ գալիս ենք մեր աշխատանքը կատարելու: Այն աշխատանքը, որի համար երեւանցիները մեզ ընտրել են: Իրենք ուղղակի ստանում են համարժեք պատասխան եւ այն աստիճանի են հասցնում, որ բոլորն էլ ուզում են ելույթ ունենալ, որ պատասխանեն: Ինչպես կարելի է խոսել Փելեշյանի, Դավոյանի, Ռուբեն Մաթեւոսյանի հասցեին:
-Տիկի՛ն Նահապետյան, ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանն այսօր կրկին լարեց իրավիճակը: Ինչո՞ւ են ՀՀԿ-ականներն իրենց դաստիարակի գործառույթ վերապահել:
-Քանի որ Իգիթյանը բավականին լավ է վերաբերում մշակութային գործիչների ոլորտին, այդ պատճառով ելույթ ունեցավ: Ինչու միայն հանրապետական անդամները. «Ելք» խմբակցությունից Զարուհի Բաթոյանը նույն ձեւ նկատողություն արեց եւ ասեց, թե ինչպես կարելի է նման կերպ խոսել Ռալֆ Յիրիկյանի մասին: Ուղղակի նրանք ամբողջ դահլիճին տրամադրում են իրենց դեմ: Մենք հասկանում ենք, որ իրենք դրա համար գումար են ստանում: Ես այսօր նկատեցի, որ իրենք թղթերի վրա ամբողջը գրած, գալիս, ընթերցում են, իսկ Զարուհի Փոստանջյանն էլ ամբողջ ընթացքում լռում է եւ միայն ասում, թե ով ինչ պետք է խոսի:

 

 

 

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ՓՈՇԻԱՑԵԼ Է

Հայաստանի քաղաքական դաշտում ամայի վիճակ է: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ձախողված ուժերը կարծես թե դեռեւս չեն կարողանում հաղթահարել պարտությունն ու ակտիվություն ցուցաբերել:

Չնայած աշունը մշտապես ասոցացվում է քաղաքական դաշտում ակտիվացումների հետ, սակայն դեռեւս հայտնի է միայն, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը համագումար կանցկացնի: Մյուսները լուռ են:
Ընտրություններում ձախողված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից ամենաակտիվը «Ժառանգություն» կուսկացությունն է, որի առանձին գործիչներ պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցների էջերին: Սակայն «Համախմբում» կուսակցության անդամները, ինչպես նաեւ Սեյրան Օհանյանը շարունակում են մնալ ստվերում:
Պասիվ են նաեւ նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները: Թերեւս ընտրություններում այդքան քիչ ձայն հավաքելը նրանց համար իսկական շոկ էր, որից չեն կարողանում դուրս գալ:
Երմենի արմատական ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ը եւս պասիվ է. նրանք էլ հետընտրական դեպրեսիան հաղթահարելու փուլում են եւ դեռեւս որոշում են իրենց հետագա անելիքները:
Մշտապես կարեւորվել է արտախորհրդարանական ուժերի դերը, որոնք պետք է խորհրդարանում ներկայացված ուժերին զուգահեռ կարողանան գործունեություն ծավալել դրսում: Սակայն ՀՀ քաղաքական դաշտում նման բան տեղի չի ունենում եւ արտախորհրդարանական ակտիվ քաղաքական ուժ որպես այդպիսին չկա: Իհարկե, առանձին նախաձեռնություններ լինում են, սակայն ընդդիմությունը մեծ հաշվով փոշիացել է:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններից հետո խորհրդարան անցավ չորս ուժ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքները:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԿԱՎԱՐՏՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաղը կներկայացվի Սյունիքի մարզի Մեղրու թիվ 2 դպրոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ սկսված ուսումնասիրությունների արդյունքները: Ինչպես հայտնի է՝ դպրոցի տնօրենն այնտեղ ՀՀԿ սկզբնական կառույցի նիստ էր անցկացրել, անդամատոմսեր բաժանել: Լրատվամիջոցներում բարձրացված աղմուկից հետո ՀՀ ԿԳ նախարարությունը հանձնարարական էր ուղարկել Սյունիքի մարզպետին՝ ուսումնասիրություններ կատարելու համար: Եվ ահա ուսումնասիրություններն ավարտական փուլում են գտնվում, եւ վաղը հայտնի կդառնա՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը տնօրենի գործողություններում խախտում տեսե՞լ է, թե՞ ոչ: Սակայն դատելով խորհրդարանական ընտրություններից հետո բացահայտված սկանդալի հետեւանքներից՝ կարող ենք եզրակացնել, որ ՀՀԿ-ականները կբավարարվեն միայն նկատողություններով:

 

 

ԻՆՉՈՒ ԸՆԿԱՎ ՌԵԿՏՈՐԸ
Երեկ Ազգային ժողովում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին ներկա էր նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Իր ելույթում նա դժգոհեց, որ բանակում ծառայած եւ վերադարձած ուսանողների վարձի զեղչերի շատ լինելուց չեն կարողանում զեղչել մյուս ուսանողների վարձերը, ովքեր օրենքի շրջանակներում կարող են օգտվել այդ իրավունքից: «Պարո՛ն նախարար, բուհերը շատ մեծ բեռի տակ են զեղչերի պատճառով: Ոչ միայն մեր բյուջեի 7 տոկոսը, այլեւ այլ ֆինանսական միջոցներ են ուղղվում այդ զեղչերի համար: Բնական է, որ առաջնային զեղչում ենք ծառայություններից վերադարձածներինը, բայց կառավարության որոշումների կողմից սահմանված զեղչերը, սրանց հետ միասին, լրացուցիչ բեռ է»: Նրա այս խոսքերը տարբեր մեկնաբանությունների ու քննադատությունների տեղիք են տվել, եւ դժգոհություններ հարուցել: Երեկ քննարկումների թեմա դարձավ ելույթին հաջորդած միջադեպը: Բանն այն է, որ այս խոսքերն արտաբերելուց հետո ԱԺ ամբիոնի մոտից հեռանալիս ռեկտոր Արամ Սիմոնյանը սայթաքեց ու վայր ընկավ: Դահլիճում գտնվողներն օգնեցին, որ նա բարձրանա: Բարեբախտաբար որեւէ վնասվածք չէր ստացել, միայն կոստյումն էր ընկնելուց փոշոտվել:

 

 

ԸՆԴՀԱՏԱԿ Է ԱՆՑԵԼ
Կառավարության բոլոր անդամները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով հանրությանն ու լրատվամիջոցներին են ներկայացնում իրենց 1 տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Սակայն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը շարունակում է ուղտի ականջում քնած մնալ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին նախարարությունից այդպես էլ հստակ չեն պատասխանում, թե երբ է լինելու Աշոտ Մանուկյանի ասուլիսը: Եւ, ընդհանրապես, նա բոլոր հարցերում է նման ոչ օպերատիվ պահվածք դրսեւորում. չնայած նրա պահվածքը հասկանալի է: Նախարարն այնքան հեռու է իր ղեկավարած ոլորտից, ու բացի այդ՝ Էներգետիկ բնագավառում ծրագրերի մասին շատ թմբկահարվեց, սակայն ամեն ինչ դեռ ծրագրերի ու նախագծերի մակարդակում է: Ի դեպ, ըստ մասնագետների` այս ոլորտում առաջին նախարարն է, որ այսպես «փակ ռեժիմով» է աշխատում:

 




Լրահոս