ԻՍԿ ՄԻԳՈՒՑԵ ԽՈՍՏՈՎԱՆԵԻՔ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե կառավարությունն առաջիկա տարիներին բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորի ներքին պարտքի թողարկման միջոցով, եւ որ առաջիկա տարիներին արտերկրից գումար ներգրավելու կարիք չունի:

«Բայց 2020 թվականին 500 մլն դոլար արժողությամբ եվրաբոնդերի մարման պարտավորություն ունենք, եւ այն վճարելու համար մենք նախատեսում ենք նոր եվրաբոնդեր թողարկել», – ասել է Արամյանը` պարզաբանելով, որ 2013 թվականին թողարկված եվրաբոնդերը յոթ տարի մարման ժամկետով էին, ու հիմա դրանք վերաֆինանսավորելու կարիք կա: Նա նաեւ նշել է, թե բյուջեի դեֆիցիտը 2017 թվականին կլինի ազգային արտադրանքի 3.0-3.2 տոկոսների միջակայքում` 2016-ի 5.5 տոկոսի համեմատությամբ, եւ 2.8 տոկոս` 2018 թվականին: Արամյանը նաեւ խոսել է Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ պնդելով՝ աճը սպասվածից բարձր է. «Մենք պատրաստվում ենք վերանայել տնտեսական աճի հիմքերը 2017 թվականի համար եւ 3.2-ի փոխարեն սահմանել իրական տնտեսական աճի 4.3 տոկոսանոց ցուցանիշ այս տարվա համար»:
Անշուշտ, կարելի է Հայաստանը գովազդել՝ փորձելով օտարերկրյա լրատվամիջոցների էջերից տպավորություն ստեղծել, թե գործ ունենք տնտեսական աննախադեպ աճ ունեցող, գերարագ ամենազարգացող երկրի հետ: Բայց Վարդան Արամյանն այստեղ մի փոքր չափազանցված է ներկայացրել իրականությունը՝ թաքցնելով որոշ իրողություններ:
Բանն այն է, որ Հայաստանը բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար ստիպված է դիմելու ներքին աղբյուրներին ոչ թե այն պատճառով, որ արտերկրից գումարներ ներգրվելու կարիք չունենք, ինչպես ներկայացնում է նախարարը, այլ որովհետեւ Հայաստանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիների ընթացքում այնքան արտաքին պարտք է կուտակել՝ վարկային նորանոր միջոցներ ներգրավելով, այնքան է մեծացրել պետական պարտքը, որ հայտնվել ենք լրջագույն խնդրի առաջ: Հիշեցնենք՝ եթե 2008թ. տարեսկզբին ՀՀ պետական պարտքը 1 մլրդ 696.8 մլն դոլար էր, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 5 մլրդ 942.1 մլն դոլար էր, իսկ հոկտեմբերի 1-ի դրությամբ այն 6 մլրդ 308 մլն դոլար է: Սա ահռելի թիվ է, այն էլ Հայաստանի նման երկրի համար, որի տնտեսությունը հազիվ է շնչում:
Բացի այդ՝ 2018թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ 2017թ. տարեվերջին նախատեսված է, որ պետական պարտքը կկազմի 6 մլրդ 810 մլն դոլար՝ Հայաստանի ՀՆԱ 60.2 տոկոսը: Իսկ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կառավարության պարտքի գումարը չի կարող գերազանցել ՀՆԱ 60 տոկոսը, այլապես գործարքներն անվավեր են համարվում:
Մյուս կողմից ահռելի պարտքի պատճառով Հայաստանի հնարավորություններն օտարերկրյա պետություններից կամ միջազգային կազմակերպություններից վարկերի ստանալու հարցում գնալով ավելի ու ավելի սահմանափակվում են. տեսնելով ահռելի վարկային բեռը՝ այլեւս զգուշավոր են Հայաստանին նոր գումարներ տրամադրելիս:
Եւ հետո՝ ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018-2020թթ. ռազմավարական ծրագրում նշված է. «Տնտեսության վերականգնմանը զուգընթաց՝ Հայաստանն ըստ Համաշխարհային Բանկի դասակարգման տեղափոխվեց միջին եկամուտ ունեցող երկրների շարքը, ինչի հետեւանքով միջազգային վարկատու կազմակերպությունները եւ օտարերկրյա պետություններն սկսեցին աստիճանաբար խստացնել վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տրամադրվող արտոնյալ վարկային միջոցների ծավալները»: Այսինքն՝ Հայաստանը գնալով զրկվում է արտոնյալ պայմաններով վարկեր ստանալու հնարավորությունից: Ուստի կառավարությունը պարզապես ստիպված է բյուջեի դեֆիցիտն ավելացնել ներքին պարտքի հաշվին: Բայց այս դեպքում էլ ռիսկը մեծ է եւ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:
Ինչ վերաբերում է Արամյանի հայտարարությանը, թե 2013թ. թողարկված եվրաբոնդերը վերաֆինանսավորելու կարիք կա, ապա սա այնքան էլ ուրախալի չի հնչում. կառավարությունը եվրաբոնդեր թողարկելով՝ նոր պարտք է վերցնում՝ հին պարտքը փակելու համար: Ասել է, թե Հայաստանի ուսերից 500 մլն դոլարի պարտքն այդպես էլ չի իջնում, ընդհակառակը, եւս մի քանի տարով երկարաձգվում է տոկոսադրույքների գումար վճարելու ժամկետը: Ու դեռ անհասկանալի է, թե այդ 500 մլն դոլար պարտքն ի՞նչ է տալու ՀՀ տնտեսությանը:
Հ.Գ. Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարի հայտարարությանը, թե կառավարության կանխատեսմամբ այս տարի սպասվում է 4.3 տոկոսանոց աճ, երեկ Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է զեկույց, որում հերքել է ՀՀ իշխանությունների ակնկալիքները. ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ԾԻՏԸ ՉԻ ՎԻՐԱՎՈՐԵ՞Լ
«Ես նորմալ եմ պահում, աննորմալ պահվածք տեսե՞լ եք իմ կողմից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ այդպես արձագանքեց Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Սահակյանը՝ Ծիտ մականվամբ, երբ նրան հարց ուղղեցինք ավագանու նախորդ նիստում իր պահվածքի վերաբերյալ: Ինչպես հայտնի է՝ նախորդ նիստում Արմեն Սահակյանը «Ելք» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին դիմել էր «Լսի, Անո՛», «պարոն Բախշյան»-ով: Երբ «Ժողովուրդ» օրաթերթը նրան հիշեցրել էր իր պահվածքը եւ վիրավորական արտահայտությունները, նա նշեց. «Ես չեմ վիրավորել, դուք ավելի շատ եք վիրավորում, քան թե ես: Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում: Դուք ուրիշ բան եք հարցնում, տանում, ուրիշ բան եք ներկայացնում»: Այսքանից հետո Ա. Սահակյանը՝ Ծիտը, մնում է ասի, թե նիստի օրը ինքն ընդհանրապես ներկա չի եղել, եւ այդ ամենը չարակամների ստոր հերյուրանքներն են:

 

 

 

ՄԻՍԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Հայաստանում մսամթերքի սակագները օր օրի բարձրանում են: Այս մասին խոսում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տավարի եւ հորթի միսը սեպտեմբերին թանկացել է 0.4 տոկոսով: Փոխարենը, ըստ ԱՎԾ-ի, սեպտեմբերին օգոստոսի համեմատ, 1.2 տոկոսով էժանացել է խոզի միսը: Բայց սա միայն ազգային վիճակագրական ծառայության տվյալներով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայց կատարեց երեւանյան խանութներով եւ սուպերմարկետներով եւ պարզեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ե՛ւ խոզի, ե՛ւ տավարի միսը թանկացել է 100 դրամով: Օրինակ՝ մեկ կիլոգրամ խոզի միսը 3840 դրամից թանկացել է` դառնալով 3940 դրամ, իսկ տավարի մեկ կիլոգրամ միսը 2690 դրամից դարձել է 2790 դրամ: Բացի այս՝ 2.6 տոկոսով թանկացել է նաեւ գառան միսը, թռչնամիսը` 0.2 տոկոսով: Իսկ ահա առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից կարագը այս սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 4.8 տոկոսով է թանկացել: Ու դեռ շարունակելու են թանկանալ:

 

 

ՖԼԵՇԻ ԲԱՐՍԵՂԻՆ ԹԱԼԱՆԵ՞Լ ԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միջգերատեսչական լուրջ բախում է հասունանում: Այս անգամ պատճառը Սերժ Սարգսյանի սանիկ, գործարար Ֆլեշի Բարսեղին թալանելն է: ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել ՊԵԿ-ին՝ զգուշացնելով, որ կոնկրետ քայլերի դիմեն մաքսակետերում հեղուկ վառելիքի հափշտակությունների դեպքերը կանխելու համար: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը ՊԵԿ-ին հիշեցրել է Այրում-Ջիլիզա մաքսային կետի պաշտոնատար անձանց կողմից հեղուկային վառելիքի հափշտակությունները: Սակայն չի մատնանշված, թե ՊԵԿ պաշտանատար անձինք կոնկրետ որ ընկերության հեղուկ վառելիքն էին գողացել, որն էլ պատճառ էր դարձել նման միջնորդագրի: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ պաշտոնատար անձինք հափշտակել էին Սերժ Սարգսյանի սանիկ գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին պատկանող ընկերության հեղուկ վառելիքը, որը կազմել էր մոտ 495 լիտր:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-14-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Նա կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ-ի եւ ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նիստերին:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ
Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում, ընդունվել է ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց: 114 կողմ եւ 24 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Ադրբեջանի նախագահություն. ինչ հետեւանքներ կան» զեկույցը, իսկ 117 կողմ 18 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը: Տեղեկացնենք նաեւ, որ վեհաժողովն ընդունել է «ԵԽԽՎ խստացված Վարքագծի կանոնակարգ» Իան Լիդել-Գրենջերի զեկույցը: ԵԽԽՎ Վարքագծի նոր կանոնակարգը հնարավորություն է ստեղծում անցկացնել արդար հետաքննություն՝ անդամների կողմից էթիկայի խախտումների դեպքում, որի հիմք կարող են լինել նաեւ արտաքին աղբյուրները, ինչպես նաեւ կիրառել խիստ պատժամիջոցներ, եթե տեղի է ունեցել կանոնակարգի խախտում:
 

ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, վկայակոչելով առաջարկող օրենսդրական նոր կարգավորումները «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին», հայտարարել է, որ սահմանադրական պարտավորությունը՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու, պետք է տարածվի բոլորի վրա: Նախարարը նշել է, որ այսօր «ակադեմիական տարկետումը դարձել է դուռ դեպի չծառայելն առհասարակ»: «Եթե մենք ունենայինք տարկետում բոլոր սովորող ուսանողների համար, ես պատրաստ կլինեի այդ բանավեճում երկար քննարկել արդյունավետությունը ընդհատման, բայց քանի որ մեզ մոտ տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մնացածն, այսպես թե այնպես, ընդհատում են իրենց կրթությունը»,-նշել է նախարարը: Նկատենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չի ծառայել բանակում հենց ակադեմիական տարկետում վերցնելու պատճառով:

 

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ
Սերժ Սարգսյանը դեսպաններ է նշանակել: Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին համատեղության կարգով նշանակել Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո): Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին համատեղության կարգով նշանակել Կիպրոսի Հանրապետությունում եւ Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք):

 




Լրահոս