Այսօր ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա կիրականացնեն 60 հազար ուսանողի սպասարկող «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակիցները: Նշենք, որ ընկերությունն ունի 99 աշխատող, որոնք նոյեմբերի 25-ից դառնալու են գործազուրկ:
Նշենք, որ «Հատուկ պոլիկլինիկա»-ն սպասարկում է Երեւանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող շուրջ 60 հազար ուսանողների: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընկերությունում բուժսպասարկում ստանում են Երեւանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող մայրաքաղաքի, ՀՀ մարզերի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետությունից ու Վրաստանի Հանրապետության Ջավախքի տարածաշրջանից եկած ուսանողները: Նրանց այդպիսով հնարավորություն է ընձեռվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալ իրենց մշտական բնակության վայրից դուրս: Նշենք, որ պոլիկլինիկայից օգտվող շուրջ 60 հազար ուսանողներից 32 հազար 932-ը Երեւանից են, 26 հազար 811-ը՝ ՀՀ մարզերից, իսկ 3 հազար 43-ը՝ արտերկրից (վճարովի հիմունքներով): Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ այս ընկերությունը պարտավորություններ չունի: Ավելին՝ նույնիսկ սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության փակվելուց հետո երեւանաբնակ ուսանողների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը եւ սպասարկումը կկազմակերպվի այն պոլիկլինիկաներում, որտեղ ուսանողը օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկ: Իսկ ահա ՀՀ մարզերից, ԼՂՀ-ից ու Ջավախքի տարածաշրջանից եկած ուսանողների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը եւ սպասարկումը կկազմակերպվեն Երեւանի պոլիկլինիկաներում: Բայց միայն գործող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո:
Պարզվում է, որ «Հատուկ պոլիկլինիկա» ընկերության գործունեության դադարեցումից հետո կառավարության աշխատակազմը կսպասարկվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: Իսկ բուհերում գործող բուժկետերը կհանձնվեն համապատասխան բուհին` գործող օրենսդրության շրջանակներում: Ի դեպ, ընկերությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ մոտ մեկ ամիս երկու բուհ՝ ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու ԵՊՀ-ն, փորձել են նման ձեւով աշխատել, սակայն չի ստացվել, ապա կրկին դիմել են իրենց:
«Հատուկ պոլիկլինիկա» ընկերության բժշկուհի Անահիտ Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, վրդովվեց՝ նշելով. «Կայացած կառույցը բնաջնջելը ճիշտ չէ: Առողջապահության նախարարը խոստացավ, որ մեզանից ոչ ոք առանց աշխատանքի չի մնա: Ապա պահանջեց ցանկ ներկայացնել, որտեղ նշված լինի աշխատողների անունները ու հասցեները, որպեսզի մոտակա բուժհաստատություններում աշխատանքի տեղավորեն իրենց: Բացի այս՝ նախարարի կողմից առաջարկություն եղավ՝ հոգեբույժ մասնագիտության համար վերապատրաստվելու հետ կապված: Բայց այդ վերապատրաստմանը մասնակցելը պետք է մեր հաշվին լինի, ինչից հետո պետք է դառնանք հոգեբույժ: Բայց ես վիրաբույժ եմ եւ մտադիր չեմ հոգեբույժ դառնալու: Պատկերացնում եք՝ 50-55 տարեկան, 30 տարվա փորձ ունեցող բժիշկը, թերապեւտը, նյարդաբանը պետք է վերապատրաստվի ու դառնա հոգեբույժ: Բայց միեւնույն է՝ այս դեպքում էլ աշխատատեղ չեն խոստանում: Սա բժշկական սֆերայում աբսուրդ է: Ի՞նչ եք կարծում՝ քիթ-կոկորդի կամ աչքի բժիշկը հոգեբույժ կարո՞ղ է աշխատել»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության եկամուտը 2016 թվականին կազմել է 158 մլն 586 հազար դրամ, ծախսերը՝ 148 մլն 715 հազար դրամ, իսկ 2017 թվականին եկամուտները կազմել են 155.9 մլն դրամ, ծախսերը՝ 152.3 մլն դրամ: «Հատուկ պոլիկլինիկա» ընկերությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ 2016 թվականին իրենք ունեցել են 6 տոկոսի չափով շահույթ, մոտ 10 մլն դրամ: Նշենք, որ ընկերությունում աշխատում են 99 հոգի: Ըստ առողջապահության նախարարության` ընկերության լուծարման դեպքում խնայողությունը կկազմի 100 մլն դրամ:
Ի՞նչ է արվելու տնտեսված գումարը: Ըստ նախարարության՝ լուծարման արդյունքում «Հատուկ պոլիկլինիկա»-ին ուղղված ֆինանսական միջոցները կտրամադրվեն այլ կազմակերպությունների՝ բժշկական օգնությունն ու սպասարկումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Ստացվում է, որ կառավարության այս քայլից հետո շուրջ 60 հազար ուսանողներ, որոնք անվճար, պետպատվերի հիմունքներով բուժսպասարկում էին ստանում, նոր խնդիրների առաջ են կանգնելու: Բացի այս՝ 99 մարդ նոյեմբերի 25-ից հետո դառնալու է գործազուրկ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Տարիներ շարունակ Հայաստանի կառավարությունը տարբեր չափերի փոխհատուցում է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանի դատարաններում արդարություն չգտնելով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմում եւ հաղթում:
Ստացվում է, որ Հայաստանում գոյություն չունեցող արդարադատության համար վճարում ենք մենք՝ հարկատուներս, իսկ այն մարդիկ, ում պատճառով ընդդեմ Հայաստանի վճիռներ են կայացվում, այդպես էլ մնում են անպատիժ: Խոսքը վերաբերում է ինչպես նոտարներին, կադաստրի աշխատակիցներին, ոստիկաններին, քննիչներին ու դատախազներին, այնպես էլ այդ գործերը քննող դատավորներին: Այս անհրաժեշտությունը առաջ էր քաշել նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:
Սակայն խոսքից դեպի գործնական քայլեր այդպես էլ չեն արվում: Ավելին՝ հենց հարցը հասնում է դատավորների պատասխանատվությանը, իշխանական ամենատարբեր օղակներ բուռն պաշտպանության տակ են առնում Հայաստանին պարտություն բերող դատավորներին:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ երեկ խոսելով այս մասին, ասել է. «Անթույլատրելի է, որ Եվրոպական դատարանի որոշումների համար տեղացի դատավորներն էլ պատասխանատվություն կրեն: Ընդհանրապես պատասխանատվություն կրում ենք բոլորս: Եթե նկատի ունեք պատասխանատվություն ֆորմալ առումով, ո՛չ, դա անթույլատրելի մոտեցում է: Հենց դատական իշխանության առանձնահատկությունն է, փիլիսոփայությունն է դա, որ դատավորն իր գրպանից չպետք է վճարի: Երկրում ստեղծվում է դատական համակարգ եռաստիճան, դատական համակարգ՝ համապատասխան գործընթացներով, որը պետք է ամեն ինչ անի, որ հասցնի պատշաճ արդարադատության իրականացման, եւ եթե այդտեղ սխալ կա՝ այդ համակարգում, դրա պատասխանատուն առաջին հերթին դատավորը չէ», – ասաց նախարարը:
Ստացվում է, որ հարկատուները վճարում են հարկեր, ձեւավորում բյուջե, իսկ դատավորները կամ դատախազներն ու քննիչները սխալմամբ փոշիացնում են գումարները: Ու սա ամենեւին էլ չի նշանակում, թե բոլորը պատասխանատվություն են կրում: Աներկբա է, որ պետական օղակների սխալների համար պատասխանատվություն են կրում կոնկրետ հարկատուները:
Իսկ ո՞րն է ելքը: Ըստ Դավիթ Հարությունյանի. «Դրա համար երկիրը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ապահովի ավելի որակյալ արդարադատություն»: Նկատենք, որ քայլեր արվում են տասնամյակներ շարունակ, սակայն իրավիճակը չի փոխվում:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ