ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆ ՔՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի եւ տարածաշրջանի մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են անելանելի դրության մեջ: Պատճառը ամիսներ առաջ սկսած եւ շարունակվող գարշահոտությունն է: Ինչը սկսել է խիստ անհանգստացնել տեղի գյուղացիներին:

Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց. «Գյուղի բնակիչների հետ միասին ես էլ եմ դժգոհում, որովհետեւ մաշկիս վրա զգացել եմ էդ գարշահոտությունը: Մեր եւ հարեւան բնակավայրերում օրեր շարունակ վաղ առավոտյան եւ երեկոյան ժամերին քնել, նստել, շնչել չի ստացվում»:
Իսկ ահա Նորաբացի գյուղապետ Գալուստ Գալստյանը տեղեկացրեց, որ ինքն այս թեմայի շուրջ գյուղի բնակիչների անունից նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն: «Մենք խնդրել ենք, որպեսզի իրենք այս հարցը լուծեն, որովհետեւ լինում են պահեր, որ անգամ չենք կարողանում շնչել: Գարշահոտություն է: Տպավորություն է, որ բաց կոյուղու առջեւ կանգնած ենք: Սեփական տան մեջ նստած էլ այդ զգացողություններն ունենք: Այդ գարշահոտությունը զգացվում է նաեւ Նորաբացում, Այնթափում, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում` Չարբախում. քամու ուղղությունից է կախված»,- ներկայացրեց Նորաբացի գյուղապետը: Գյուղի բնակիչների պատմելով՝ իրենց զգալի մասը երբեմն տրտնջում է, որ գարշահոտությունից գլխապտույտներ, սրտխառնոց ու գլխացավեր են ունենում: «Փոքր հասակի երեխաների եւ թույլ դիմադրողականություն ունեցող մարդկանց մոտ հնարավոր է՝ գլխապտույտ, գլխացավ լինի: Բայց կոնկրետ իմ ընտանիքի անդամների մոտ նման ախտանիշներ արձանագրված չկան: Իսկ գյուղի բնակիչները խոսում են այդ մասին: Չնայած որ որեւէ մեկը չի դիմել գյուղի ամբուլատորիա»,- նկատեց գյուղապետ Գալստյանը:
ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենք միասին աշխատում են տեսչական մարմնի հետ որպեսզի պարզեն, թե իրականում ինչից է գարշահոտությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացնում` Մասիսում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառները պարզելու համար: Մասնավորապես տարածքի տարբեր վայրերից կատարվել են հեղուկի եւ օդային ավազանի նմուշների լաբորատոր փորձաքննություններ: «Ժողովուրդ»-ին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հայտնեցին, որ վարույթի շրջանակներում փորձում են պարզել, թե տվյալ տարածքում գործող որ ձեռնարկությունների արտադրական արգասիքներում է գերազանցում քիմիական թունավոր նյութերի թույլատրելի չափաքանակը, որը թափվում է կոյուղաջրերի հեռացման համակարգ եւ դառնում մթնոլորտի աղտոտվածության պատճառ:
Բայց գարշահոտությունը զգացող գյուղերի բնակիչների պատմելով՝ այն գալիս է հարակից տարածքներում գործող քիմիական գործարաններից, հատկապես «Նաիրիտ»-ից: Ավելին՝ մարդիկ այդ գարշահոտությունը զգացել են օգոստոսի վերջին նշված գործարանում տեղի ունեցած հրդեհից հետո: Գյուղացիները կասկածում են, որ այդ գարշահոտությունը հիմնականում կապված է «Նաիրիտ» գործարանից հոսող ջրերի ու օդի հետ: Սակայն բնակիչների այս կասկածների հետ կապված արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ փորձաքննություն անցած հեղուկի մեջ հայտնաբերված միացությունների բաղադրությունը բացառում է այն պնդումը, որ դրանում առկա են «Նաիրիտ» գործարանում առաջացած հրդեհի արգասիքներ:
ԱԻՆ մամուլի պատասխանատու Նանա Գնդոյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների կողմից տեխնիկական կոյուղուց վերցված հեղուկի եւ օդային ավազանից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում եւ մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ այս հարցով ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամները այսօր աշխատանքային այցով լինելու են Մասիս քաղաքի տարածաշրջանում եւ հետազոտություններ են անցկացնելու, որպեսզի պարզեն` գարշահոտությունը արդյո՞ք գործարանների հետ կապ ունի, թե՞ ոչ: Մինչ հանձնաժողովը կփորձի պարզել, թե իրականում որտեղից է այդ գարշահոտությունը սկիզբ առնում, մարդիկ շարունակում են «թունավորվել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆՏԱՊԵՏԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
«Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը 1 մլն 926 հզ դրամ աշխատավարձ է հայտարարագրել, բայց պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 53 հզ դոլար եւ 16 մլն 500 հզ դրամ: Նա հայտարարագրել է նաեւ MERCEDES-BENZ S 500 մակնիշի 1 ավտոմեքենա, 1 բնակարան ու 2 ավտոտնակ:
«Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը 1 բնակարան, 2 հողամաս, 1 TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 L մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 7 մլն 300 հզ դրամ, 5700 դոլար եւ 250 հզ ռուսական ռուբլի, իսկ հայտարարագրել է 1 մլն 926 հզ դրամ աշխատավարձ:
«Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 հողամաս, նոր կառուցվող բնակարան, հողին ամրակցված այլ շինություն եւ MERCEDES-BENZ S 350 մակնիշի ավտոմեքենա: Նա ստացել է 1 մլն 932 հզ դրամ աշխատավարձ, իսկ դրամական միջոցները կազմել են 25 հզ դոլար:
«Արթիկ» ՔԿՀ պետ Արտյոմ Մխոյանը բնակարան չի հայտարարագրել, փոխարենն ունի մեկ արտադրական նշանակության շինություն եւ KIA SORENTO 3.8 մակնիշի ավտոմեքենա: Նա հայտարարագրել է 2 մլն 571 հզ դրամ աշխատավարձ, վերցրել է 2000 դոլար եւ 3 մլն դրամ փոխառություն: Պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, 34 հզ դոլար, 9000 եվրո եւ 1 մլն 500 հզ ռուսական ռուբլի:
«Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Կարեն Սարգսյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 ավտոտնակ եւ հսկայական դրամական միջոցներ: Նա ստացել է 2 մլն դրամ աշխատավարձ, սակայն դրամական միջոցները կազմել են 237 հզ եվրո եւ 75 հզ դոլար:
«Սեւան» ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանը 1 բնակարան, 2 հողամաս, անավարտ շինություն, 1 արտադրական նշանակության շինություն եւ MERCEDES-BENZ S 320 մակնիշի ավտոմեքենա ունի: Նա 1 մլն 927 հզ դրամ աշխատավարձ է հայտարարագրել, ունի 7 մլն դրամ, 15 հզ դոլար եւ 3000 եվրո դրամական միջոց:
«Սեւան» ՔԿՀ պետի տեղակալ Լեոնիդ Մկրտչյանը 2 բնակարան, 3 հողամաս է հայտարարագրել: Նա ստացել է 2 մլն 680 հզ դրամ աշխատավարձ, ունի 2 մլն 700 հզ դրամ եւ 2000 դոլար դրամական միջոց:
«Աբովյան» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը հայտարարագրել է 6 հողամաս, 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության շինություն եւ ոչ բնակելի տարածք: Նա ունի մարդատար եւ բեռնատար մեքենաներ՝ LEXUS LX 570 եւ FORD TRANSIT 100L 2.5 TD մակնիշի: Աֆրիկյանը հայտարարագրել է 2 մլն 595 հզ դրամ դրամական միջոց, բայց նրա դրամական միջոցները կազմել են 45 մլն դրամ, 125 հզ դոլար եւ 15 հզ եվրո:
«Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանը 4 հողամաս, 1 բնակարան է հայտարարագրել: Նրա դրամական միջոցները եւս էականորեն գերազանցում են աշխատավարձի չափը: Մարգարյանը հայտարարագրել է 1 մլն 953 հզ դրամ աշխատավարձ, 75 հզ դոլար եւ 5 մլն դրամ դրամական միջոց:
«Գորիս» ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը համեստ միջոցներ է հայտարարագրել՝ 1 բնակարան, INFINITI QX4 3.5 մակնիշի ավտոմեքենա: Նրա աշխատավարձը կազմել է 1 մլն 981 հզ դրամ, հայտարարագրել է ընդամենը 300 հզ դրամ դրամական միջոց:
«Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը 2 բնակարան, մեկ անհատական բնակելի տուն եւ MERCEDES-BENZ S 350 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նա ստացել է 1 մլն 873 հզ դրամ աշխատավարձ, բայց դրամական միջոցները կազմել են 45 հզ դոլար եւ 11 մլն դրամ:
ԱՆ քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի պետ Մհեր Ավագյանը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 2 ավտոմեքենա՝ MERCEDES-BENZ C 180 եւ MAZDA 6 2.5 L մակնիշի: Այս պաշտոնյան հայտարարագրել է ընդամենը 2 մլն 670 հզ դրամ աշխատավարձ, բայց ունի 20 մլն դրամ, 50 հզ դոլար, 20 հզ եվրո եւ 3 մլն ռուսական ռուբլի դրամական միջոց:
ԱՆ քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական եւ միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ Գրիգորի Հարությունյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2 ավտոտնակ, 1 ամառանոց: Նա ստացել է 1 մլն 350 հզ դրամ աշխատավարձ, բայց հայտարարագրել է 25 մլն դրամ, 11 հզ եվրո եւ 8500 դոլար:
ԱՆ ՔԿ վարչության հատուկ նշանակության բաժնի պետ Լեւոն Ավետիսյանը 1 բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ ու MITSUBISHI PAJERO 3.0 L մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նա 50 մլն դրամ արժողությամբ գույք է օտարել, ստացել է 2 մլն դրամ աշխատավարձ: Պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 70 մլն դրամ, 110 հզ դոլար եւ 35 հզ եվրո:
ԱՆ ՔԿ վարչության ներքին անվտանգության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Սարգսյանն էլ 2 բնակարան է հայտարարագրել: Նա ստացել է 1 մլն 570 հզ դրամ աշխատավարձ, դրամական միջոցները կազմել են 60 հզ դոլար:

 

 

 

ԱՅԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ հասարակության շրջանում անհավասարությունը բերում է բանակում անհավասարության, եւ այստեղ զարմանալ պետք չէ: Նրա խոսքով՝ քանի դեռ հասարակության մեջ կա անհավասարություն, հնարավոր է այդ անհավասարության դրսեւորումը բանակում կամ բանակից ազատվելիս: Օրենքում խստություն է սահմանվում, քանի որ զորակոչը համալրելու մարդ չկա, բնակչության թիվը պակասում է: «Ինչպես էլ փորձեն այլ կերպ ներկայացնել ամեն բան, իրականությունը դրանից չի փոխվում»,- ասել է Սաքունցը:

 




Լրահոս