«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՖԻԼՄԸ ՈՒԶՈՒՄ Է ՆԿԱՐԱՀԱՆԵԼ «ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, ով տեւական ժամանակ է՝ ապրում եւ ստեղծագործում է Միացյալ Նահանգներում, օրեցօր ավելի մեծ հաջողություններ է գրանցում իր ոլորտում։ Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է այն նոր նախագծերի մասին, որտեղ ընդգրկված է, ուրախությամբ խոսել է իր ձեռքբերումներից, դերասանական ասպարեզում եւ երգարվեստի ոլորտում ստացած մրցանակներից։ Հ. Բաբախանյանը հայտնել է, որ պատրաստվում է «Սայաթ-Նովա» նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը, դերասանը կկերտի հենց աշուղի կերպարը։

-Պարո՛ն Բաբախանյան, հիմա կա՞ մի ֆիլմ, սերիալ կամ այլ նախագիծ, որի շրջանակում ընդգրկված եք: Պատմեք, խնդրում եմ, Ձեր ներկայիս գործունեության մասին:
-Այո՛, արդեն ավարտվել են ամերիկյան արտադրության նոր «Կեղծ տեղեկատվություն» գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Ֆիլմում ես աշխատել եմ ամերիկացի հայտնի դերասաններ Էրիկ Ռոբերթսի, Մարտին Քոուվի, Սոֆիա Միլոսի, Դավիդ Նովակի, Ջոն Վուդվարդի եւ այլոց հետ: Պատրաստվում եմ նաեւ «Սայաթ-Նովա» նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը, որի մասին կնախընտրեի խոսել ավելի ուշ։
-Հենց Դո՞ւք եք մարմնավորում Սայաթ-Նովայի կերպարը։
-Այո՛, բացի այդ՝ փորձում եմ անել ամեն բան, որ ֆիլմը նկարահանվի Հոլիվուդում։
-Այսինքն՝ Դուք նաեւ ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսո՞րն եք։
-Նաեւ։ Բայց այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի։
-Հանդիսատեսի հիշողություններում դեռ թարմ են թատրոնում Ձեր մարմնավորած Մարկոս Անտոնիոսի, Մերկուցիոյի, Բրունո Մանչինիի, Պետրոս Առաքյալի եւ մի շարք այլ կերպարներ։ ԱՄՆ-ում շարունակո՞ւմ եք Ձեր թատերական գործունեությունը։
-ԱՄՆ-ում բեմադրել եմ Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, որտեղ հանդես եմ եկել Բեն Ալեքսանդրի դերով: Լոս Անջելեսում խաղացել եմ «Իմ սեւ սիրտն ու քո սպիտակ հրեշտակը» ներկայացման մեջ: Մի քանի մոնո-ներկայացումներ խաղացել եմ նաեւ անգլերենով: Աշխատել եմ ամերիկյան թատրոնի եւ կինոյի մասնագետներ Ջ. Ֆարրի, Մ. Ռանդելի, Ա. Մարի-Սթարքի եւ այլոց հետ: Իսկ վերջին խաղացածս դերը Ջորդանո Բրունոն է։
-Հայտնի է, որ բացի դերասանական գործունեություն ծավալելուց՝ Դուք նաեւ հանդես եք գալիս որպես երգիչ: Տարիներ առաջ, օրինակ, Նյու Յորքին նվիրված համերգի ժամանակ ամերիկացի հանդիսատեսի համար կատարել էիք Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» երգը, որը մեծ ընդունելություն էր գտել: Հիմա որպես երգիչ ի՞նչ նվաճումներ ունեք Միացյալ Նահանգներում:
-Վերջին նվաճումներից կարող եմ նշել «Lucky Strik film festival»-ի շրջանակում ստացածս անվանական մրցանակը։ Փառատոնին հրավիրված էի թե՛ որպես դերասան, թե՛ որպես երգիչ։
-Բայց, որքանով տեղյակ ենք, էկրանային կյանքում եւս ունեք զգալի հաջողություններ՝ նաեւ մրցանակի տեսքով։
-Այո՛, «Veep» հեռուստասերիալը, որտեղ խաղում եմ արաբ շեյխի, արժանացել է «Emmy»-ի, ինչի համար շատ ուրախ եմ։
-Պարո՛ն Բաբախանյան, Ձեր երկրպագուները կարոտել են Ձեզ: Հայրենիք վերադառնալու ցանկություն ունե՞ք:
-Փորձում եմ ժամկետները հարմարեցնել, բայց դեռ ոչինչ պարզ չէ։ Հուսամ՝ կկարողանամ այս տարի լինել հայրենիքում։
-Իսկ Հայաստանում մշտական բնակություն հատատելու ծրագրեր ունե՞ք։ Մտածու՞մ եք այդ ուղղությամբ: Թե՞ այն արտիստներից եք, որոնք ասում են. «Մեր սիրտը Հայաստանում է»:
-Գիտեք՝ այդ մասին մտածում են այն մարդիկ, որոնք, այսպես ասած, արմատապես տեղափոխվել ու վերաբնակվել են արտերկրում։ Ես ապրում եմ բոլոր այն երկրներում, որտեղ աշխատում եմ: Եվ այն համոզման եմ, որ ստեղծագործող մարդն այս առումով սահմաններ չպետք է ունենա:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ՄԵԿԸ ԻԳԻԹՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ ԿԻՍԱՔՆԱԾ Է ԵՂԵԼ

Հոկտեմբերի 11-ին Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ, երբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները պարբերաբար դժգոհել են Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման համար առաջադրված անձանց ընտրության վերաբերյալ, նրանց տեղից ռեպլիկներով արձագանքել են Հանրապետական խմբակցության անդամները։ Վերջիններիս թվում է եղել նաեւ Լեւոն Իգիթյանը։ Armtimes.com-ի թղթակիցը լսել է, թե ինչպես է Իգիթյանը հայհոյել: «Ասում են՝ կնոջը վիրավորում են, ի՞նչ կին, ա՛յ բոզ»,- ասել է Իգիթյանը՝ հարուցելով ՀՀԿ-ականների ծիծաղը:

Երեւանի ավագանու հանրապետական անդամ, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, անդրադառնալով այս միջադեպին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Լեւոն Իգիթյանը չի հայհոյել, նա ուղղակի ասել է՝ բերանդ փակիր, ու վերջ, ուրիշ ոչ մի բառ չի ասել»։
Հարցին, թե, առհասարակ, ինքը սաստո՞ւմ է Իգիթյանի պոռթկումները, կամպոզիտորը պատասխանեց. «Նա բնավորությամբ այնպիսին է, որ միշտ դեմ է անարդարությանը, խանգարելուն, ոչ տեղին խոսելուն։ Վերջերս փորձում էր զսպվել, բայց համբերությունն էլ սահման ունի։ Վիրավորանքների հոսանք է գալիս ավագանու անդամների, քաղաքապետի, նախագահի հասցեին, բայց դա էլ ունի իր չափ ու սահմանը։ Ես ամեն բան վերագրում եմ նրա պոռթկումնալից բնավորությանը, համբերությունը դավաճանեց, նյարդերը տեղի տվեցին։ Բայց կարեւորը բոլոր նմանատիպ երեւույթների արմատը փնտրելն է, հասկանալը՝ որտեղից է գալիս խնդիրը, եւ ինչն է տվյալ մարդուն դրդում տվյալ քայլին»։
Մենք հարցրինք՝ կնոջ հետ նման կերպ խոսելը արդյո՞ք էթիկական նորմերի խախտում չէ. «Հա, բայց կինն իրեն ինչպե՞ս է պահում։ Վերջապես անընդհատ խոսում եք գենդերային հավասարության մասին»,-շեշտեց ջազմենը։
Կոմպոզիտոր, դիրիժոր, Երեւանի ավագանու հանրապետական մեկ այլ անդամ Երվանդ Երզնկյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Իգիթյանից հայհոյանք չի լսել. «Նա ելույթ չի ունեցել, կարող է եւ եղել է նման բան, բայց ականջիս չի հասել։ Ես ընդամենը երկու նիստի եմ ներկա եղել, նրա հետ չեմ շփվել։ Բայց այնքան անհեթեթ բաներ է ասում ժողովուրդը։ Մեկ-մեկ ճիշտ բաներ կարող են ասել, բայց հնարավոր է, որ ինքը մի բանից ջղայնացած է եղել։ Մարդ կա՝ ներվային է, ես, օրինակ, ավելի հանգիստ եմ։ Ես նիստը կիսաքնած եմ անցկացրել, դրա համար առանձնապես բան չեմ կարող ասել»։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Սեպտեմբերին կայացած «Միսս Հայաստան» մրցույթի առիթով լրագրողների հետ հանդիպել են համանուն հիմնադրամի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամի ղեկավար Կարեն Արիստակեսյանն օրերս դիմել է դատարան՝ գեղեցկության մրցույթի կազմակերպիչ, նախկին «Միսս Հայաստան» Գոհար Հարությունյանի, որը նաեւ «Միսս Հայաստան» անունով հիմնադրամի ղեկավարն է, գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու նպատակով: Ըստ Արիստակեսյանի՝ նա օգտագործել է իր կազմակերպության անվանումը եւ հեղինակային իրավունքը:
«Միսս Հայաստան» հիմնադրամի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը նշել է, որ ՀՀ-ում գեղեցկության մրցույթներ երկար տարիներ տեղի չէին ունեցել, ուստի «Միսս Հայաստան» հիմնադրամը որոշել էր կազմակերպել այն. «Կարեն Արիստակեսյանի հետ ենք բանակցություններ սկսել, քանի որ վերջինս փորձ ուներ տվյալ բնագավառում, սակայն մեր առաջարկները չիրականացան, քանի որ նրա ակնկալիքները մեծ էին: Համաձայնություն ձեռք չբերվեց, ուստի որոշվեց սեփական նախաձեռնությամբ կազմակերպել համահայկական գեղեցկության մրցույթ»,-նշել է Դ. Ասատրյանը:
Փաստաբանի խոսքով՝ իրենք Արիստակեսյանի կողմից խոչընդոտների են հանդիպել. «Դրանք ոչ թե իրավական հիմքի վրա առաջացան, այլ հասարակության շրջանում մեր կազմակերպության եւ Գոհար Հարությունյանի հանդեպ բացասական վերաբերմունք ձեւավորելու նպատակով: Իրենք դատական հայցով պահանջում են խախտված իրավունքների վերականգնում՝ այն դեպքում, երբ մրցույթը դեռ տեղի չէր ունեցել. դա ապացուցում է, որ այդ գործողությունների նպատակը մրցույթը խոչընդոտելն էր»:
Դ. Ասատրյանը հայտնել է, որ «Միսս Հայաստան»-ը գրանցված կազմակերպություն է, եւ ոչ մեկ իրավունք չունի իրենց արգելել օգտագործել կազմակերպության գրանցված անվանումը: Փաստաբանը վստահեցրեց, որ իրենք գործում են օրենքի տառին համապատասխան, մինչդեռ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամի, որի ղեկավարն է Կարեն Արիստակեսյանը, գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Ի դեպ, տեղեկացնենք, որ «Միսս Հայաստան 2017» մրցույթում հաղթած Լիլի Սարգսյանին Ֆրանսիայից նոր թագ են ուղարկել: Հիշեցնենք, որ անցկացված մրցույթից հետո թագի հովանավորի՝ «Արտյոմս» ընկերության հետ տարաձայնություն էր առաջացել, քանի որ հաղթողին հայտարարելիս իրենց ընկերության անունը չէր հնչեցվել՝ որպես գլխավոր հովանավորի: Մրցույթի ղեկավարներն էլ որոշել էին ետ տալ թագը հովանավորին: Հետագայում կողմերը բանակցել են թագը հաղթողին վերադարձնելու շուրջ, սակայն համաձայնության չեն եկել: Հիմա մեր գեղեցկուհին նոր՝ ֆրանսիական թագ կունենա:

 




Լրահոս